Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումները կհանգեցնեն տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներիից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։
Այսպիսով՝
- Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագանալուց հետո, սեպտեմբերին կտրուկ դանդաղել է՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ և արդյունաբերության անկման տեմպի խորացմամբ։ Սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է ընդամենը 5.6%։ Ծառայությունների աճի տեմպի եռակի դանդաղումն իր հերթին հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով (կազմել է 4.6%), սակայն սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում տեղի ունեցող դեպքերը:
- Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումներն ավելի են խորացել և շարունակում են մտահոգիչ մնալ: Արդյունաբերության ոլորտում արդեն երկար ժամանակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, անկում է գրանցվում ինչպես հանքարդյունաբերությունում, այնպես էլ մշակող արդյունաբերությունում։ Այսպես, սեպտեմբերին արդյունաբերության ոլորտում գրանցվել է 4.3% անկում, իսկ մշակող արդյունաբերությունում, օգոստոսի տվյալներով, գրանցվել է շուրջ 9.4% անկում։ Այս իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, ինչը ապագայում կհանգեցնի տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը:
- Պետական բյուջեի կատարումը շեղվել է պլանավորվածից շուրջ 270.8 մլրդ դրամով: Պետական բյուջեն շարունակում է մնալ հավելուրդային, իսկ դրա կատարման շեղումն ամսեամիս ավելանում է: ՀՀ պետական բյուջեն 2023թ. բոլոր ամիսներին եղել է հավելուրդային՝ պլանավորված պակասուրդայինի փոխարեն։ Բյուջեի հունվար-սեպտեմբեր ամիսների հավելուրդը կազմել է 74.6 մլրդ դրամ՝ պլանավորված 196.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է 270.8 մլրդ դրամով։ Պետական բյուջեի ծախսերի աճն էապես դանդաղել է։ Ընդ որում, ծախսերի քիչ լինելը ավելի քան կիսով չափ պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ, ինչը վկայում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրները դարձել են «քրոնիկ»:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ.
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ