Թափթփո՛ւկ, Հայաստանի անկախությունը վաղուց կայացած փաստ է, դու ո՞վ ես, որ անկախության շարժում առաջնորդես․ Պարույր Հայրիկյան
Մենք գործ ունենք առողջ բանականությանը դեմ գնացող, հնարավոր ամենաբացասական դրսևորումները մեր կյանքի մաս դարձրած տականքի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տասնյակ-հազարավոր մարդիկ, այդ թվում՝ մարզերում, պետք է հավաքվեն և ազդարարեն, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին չի ներկայացնում։ Դա ամենակարևոր բանն է, որը մենք այսօր առաջնահերթորեն պիտի անենք, քանի դեռ նա որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Ոմանք իրենք իրենց հանգստացնելու համար ասում են՝ ոչինչ, թող ստորագրի, բայց նրանք չգիտեն հայտնի ասացվածքը՝ այն, ինչը գրչով ես գրել, կացնով չես կարող ուղղել։ Դա թույլ չտալու համար պետք է ինչ-որ գործողություն անել և հեռացնել «հայկական Լուկաշենկոյին», ու թեև դա շատերն են ուզում, ցավոք, դա դեռևս չի ստացվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Բոլորս կարող ենք միավորվել մի հարցում և ամբողջ աշխարհին ազգովի ազդարարել, որ այդ անձը մեր կողմից ընդունելի չէ, մենք իր կողմնակիցները չենք, հետևաբար՝ ինքն էլ մեր ներկայացուցիչը չէ։ Փաշինյանը հայ ժողովրդի կյանք ներդրված լրտես է՝ լինելով միաժամանակ հոգեկան հիվանդ, անաստված, սատանայի սպասավոր։ Բոլոր քաղաքական ուժերը պիտի տարաձայնությունները մի կողմ դնեն, հավաքվեն և աշխարհով մեկ ազդարարեն, որ Նիկոլին համարում են հակառակորդի լրտես։ Դրա հիմնավորումը, օրինակ, այն է, որ նա սրբացնում է Ստալինին։ Ստալինից օգուտ քաղող մարդիկ կարող են նրան սրբացնել, բայց Հայաստանի տարածքի մասին խոսելիս իրավունք չունենք չխոսելու միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին։ Խոսիր նաև Ադրբեջանի մասին, բայց մի՛ աստվածացրու կամ մի՛ ամրագրիր այն, ինչը կատարվել է ցեղասպանության հետևանքով»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ի վերջո, մենք չենք, որ այդ երևույթը կոչել ենք ցեղասպանություն, այլ աշխարհը։ Մենք ասում էինք եղեռն, իսկ աշխարհը միջազգային իրավական գնահատական է տվել։ Այդ ցեղասպանության հետևանքով առաջացած իրավիճակում Հայաստանը նաև բռնազավթվում է։ Այդ պայմաններում միջազգայնորեն ճանաչված հանցագործը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլել, ի՞նչ սահմաններ է գծում։ Եվ այսօր դուք ձեզ ուզում եք ներշնչել, որ դա միջազգային սահման է, որը պետք է ամրագրե՞լ։ Ստալինի և Հիտլերի գծած որոշ սահմաններ պահպանվեցին, բայց դրանք չեն գծվել ցեղասպանության հետևանքների ամրագրմամբ։ Դու կարող ես հանուն խաղաղության և կայունության ինչ-որ զիջումների գնալ, բայց չես կարող ցեղասպանությունն արդարացնել»,- նշեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ Նիկոլն Էրդողանի և Ալիևի հրահանգներն է կատարում, երբ հրաժարվում է Հայոց ցեղասպանության հիշողությունից. «Երբ հայ միջավայրում ես խոսում Մեծ եղեռնի մասին, բոլորս հասկանում ենք, որ խոսքը ցեղասպանության մասին է։ Լեմկինն առաջինն ասաց, որ ցեղասպանություն տերմինը կապ ունի հայերի հետ, Եվրամիությունն էլ ընդունեց դա։ Դիվանագիտությունը և՛ պատմության ու միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններն են, և՛ որոշ բաներ ընկալելի և հանրամատչելի դարձնելու գործողությունները։ Դիվանագիտությունը՝ որպես գիտություն, պետք է հենվի նախևառաջ մյուսների կողմից ընկալելի հասկացությունների օգտագործման վրա։ Իսկ Նիկոլն այդկերպ չի աշխատում, նա խոսում է խաղաղությունից։ Ամենաանգրագետ մարդն էլ հասկանում է, որ այն խաղաղությունը, որը ձեռք ես բերում քո իրավունքների արհամարհումով, հետագայում բերելու է քո մյուս բոլոր իրավունքների կրճատմանը»:
«Նիկոլը ցույց է տալիս իր լակոտությունը։ Նա համարձակվում է անկախություն բա՞ռն արտաբերել։ Նա վերցնում է մի բան, որն արդեն կայացած է, որ հետո ասի՝ սա ե՛ս արեցի։ Թափթփո՛ւկ, Հայաստանի անկախությունը կայացած փաստ է։ Նրանք, ովքեր այսօր խոսում են Հայաստանի ազատագրությունից, նկատի ունեն այն, որ Հայաստանի՝ լրտեսական ցանցի ազդեցության տակ գտնվելը շահեկան չէ։ Բայց Հայաստանը ենթակա է միջազգային իրավունքին, և եթե որևէ մեկը նոր-նոր է խոսում նման գործընթաց սկսելու մասին, հիմար է։ Եթե Հայաստանը ենթակա չլիներ միջազգային իրավունքին, մենք ո՛չ դիվանագիտական ներկայացուցչություններ կունենայինք, ո՛չ միջազգային բանակցությունների կմասնակցեինք, ո՛չ էլ ՄԱԿ-ի անդամ կլինեինք։ Երբ ասում ես՝ մենք պիտի պայքարենք անկախության համար, նշանակում է՝ ՄԱԿ-ը դեռ նոր պիտի մեզ ճանաչի»,- ամփոփեց Պարույր Հայրիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։