Երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ հսկողության խստացո՞ւմ, թե՞ միացում ընդդեմ ՌԴ-ի արևմտյան դեմարշին

Հայ-ռուսական հարաբերությունների այս լարված փուլում ԱԺ հասավ ոչ միայն Հռոմի ստատուտը, այլև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հռոմի ստատուտը վավերացվեց, նախագիծն էլ ընդունվեց:

Սրանով, ըստ տնտեսության պատասխանատուների, երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտը կկատարելագործվի:

«Ըստ էության, ուժեղացվում է հսկողությունը երկակի նշանակության ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ, որպեսզի կառավարությունն ունենա անհրաժեշտ գործիքակազմ՝ ՀՀ-ում գործող ընկերություններին երկրորդային սանկցիաների ռիսկից հեռու պահելու համար»,- ասել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին նախ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա նաև Եվրամիությունը տարբեր լսարաններում Հայաստանին մեղադրում էին արևմտյան սանկցիաները շրջանցելու գործում Ռուսաստանին աջակցելու համար: Նույնիսկ Հայաստանում գրանցված երկու ընկերություններ հայտնվեցին արևմտյան սանկցիաների տակ: Այս օրակարգով ժամանեցին անգամ արևմտյան երկրների պատժամիջոցային հարցերի հատուկ ներկայացուցիչները։

Կարդացեք նաև

Կառավարությունն էլ իր կողմից քայլերը չուշացրեց. գործադիրը երկակի նշանակության տեխնոլոգիական սարքերի վերաբերյալ որոշում ընդունեց, իսկ Ազգային ժողովն էլ օրերս հաստատեց օրենսդրական նախագիծը:

Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ նկատում են՝ նաև սրանով է, փաստորեն, Հայաստանը միանում ՌԴ-ի դեմ արևմտյան դեմարշին:

Հենց այս համատեքստում է օրենսդրական վերջին փոփոխությունը դիտարկում նաև Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը:

«Երկու ամիս առաջ էր, երբ Կառավարության որոշման մեջ կատարվեցին ցանկի փոփոխություններ, ինչպես նաև՝ իրավական փոփոխություններ, որպեսզի ՀՀ միջոցով երկակի նշանակության ապրանքները չտեղափոխվեն: Այդ պահանջը գալիս էր Արևմուտքից, որպեսզի ՌԴ դեմ պատժամիջոցներին ՀՀ-ն ևս միանա,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրի Սարգսյանը, ապա ներկայացրեց ընթացակարգը,- Իր արտաքին դրսևորման՝շարադրանքի մեջ հետևյալն է. ենթադրենք՝ հեռուստացույցի մեջ կարող է լինել ինչ-որ չիպ, միկրոսխեմա, որը կարող է օգտագործվել նաև ռազմական նշանակության ապրանքների մեջ: Այնուհետև գալիս է այդպիսի ապրանքը, և էկոնոմիկայի նախարարությունից ստանում են հատուկ թույլտվություն, որպեսզի կարողանան արտահանել:

Արևմտյան երկրներն իրենց ազդեցության տակ գտնվող երկրներին ներքին խողովակներով ստիպում են, որպեսզի ընդունեն այդպիսի որոշումներ, օրենքներ:

Այժմ այդ թույլտվությունը, օրենքի փոփոխությամբ արդեն համապատասխանության գնահատման փոխարեն՝ հավատարմագրման, մոտավորապես լիցենզավորման է ենթարկվում: Այսինքն՝ եթե նախկին կարգի դեպքում հնարավոր է եղել, օրինակ, ճկուն ֆինանսիստի, իրավաբանի խորհրդի արդյունքում համապատասխանություն ստանալ արտահանել, հիմա ավելի են ցանկանում պահանջները խստացնել, որ այդ արտահանումը տեղի չունենա»:

Հարցին, թե այլ կերպ ինչպե՞ս էր հնարավոր «երկրորդային սանկցիաների ռիսկից հեռու պահել» ՀՀ-ում գործող ընկերություններին՝ տնտեսագետը պարզաբանեց՝ հիշեցնելով Թուրքիայի օրինակը:

«Յուրաքանչյուր հարց ունի նվազագույնը երկու լուծում. եթե Թուրքիայի նման պետությունը, որը ՆԱՏՕ-ի անդամ է և կարողանում է և՛ ՌԴ-ի հետ գործընկերություն անել, և՛ արևմտյան երկրների հետ, ու այժմ ՌԴ-ի՝ միկրոչիպերի միակ մատակարարն է հանդիսանում: Թուրքիան կարողանում է դա անել ու մարսել, իսկ որ ՌԴ-ի հետ մի տնտեսական հարթակի մեջ գտնվող երկիրը չկարողանա դա անել, նշանակում է՝ մասնագետներն ուղղակի դիլետանտներ են:

Այստեղ ամենաբարդը քաղաքականն է. այս քայլերով այնպիսի իրավիճակի են հասցրել, որ արդեն ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ գործողությունները որակում է թշնամական: Սա դիվանագիտության մեջ շատ վատ բառ էր. մինչև այդ բառին հասնելը՝ շատ բառեր կային, որ կարող էին օգտագործել: Մի կողմ թողնենք հարցը՝ ՌԴ-ն լա՞վ գործընկեր է, թե՞ ոչ, բարեկա՞մ է, թե՞ բարեկամ չէ. այլընտրանքն ի՞նչ ենք անելու:

Մենք ՌԴ-ին այսպես խփում ենք անընդհատ, ՌԴ-ն պատասխանը տալիս է՝ ռազմական, տարածաշրջանային հարցերում, նաև՝ արդեն ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա որոշակի սանկցիաներն է կիրառում:

Ի՞նչ ենք անելու, եթե ՌԴ-ի հետ փորձենք թշնամանքը խորացնել. նաև տնտեսական առումով ենք շատ բարդ իրավիճակում, սրանք աններելի քայլեր են, որ կատարվում են»,- ամփոփեց Նաիրի Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս