2020-ի փաշինյանական «հակաահաբեկչական» օպերացիայից մինչև 2023-ի Արցախի դեմ Ալիևի «հակաահաբեկչական» հարձակում

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ փորձելով հասնել հայկական երկրորդ պետության ամբողջական կապիտուլյացիայի և հայաթափման, որն ինչ-որ առումով հաջողվել է: Եվ այս ամենը՝ «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ: Այսինքն, ցեղասպանական-պատերազմական գործողություններով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես փակել Արցախի հարցը: Իսկ առջևում Սյունիքի, առհասարակ, Հայաստանի հետ կապված հարցերն են:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ՝ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա», և խոսել ցավոտ փոխզիջումներին ժողովրդի պատրաստ լինելու մասին:

«Հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների։ Ես կարող եմ ասել՝ այո, պատրաստ է, նույնիսկ՝ պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հայ ժողովուրդը, որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով.

«Շատ ճակատագրական պահ է, և մեզնից որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում, Սփյուռքում կգտնվեն ուժեր, որոնք այս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի այնքան, որքան նվիրված են այն զինվորները, որոնք նույնիսկ կյանքի գնով իրենց դիրքը չեն լքում»:

Կարդացեք նաև

Ֆեյսբուքյան ելույթից մեջբերված մտքերից երկրորդում, Նիկոլ Փաշինյանը, իհարկե, խաբում է հանրությանը, որովհետև նա բանակին, ՀՀ զինված ուժերին, ըստ էության, զրկել է սահմանադրական իրենց պարտականությունը կատարելուց: Միաժամանակ, Փաշինյանը դեռ պատերազմը չավարտված՝ հանրությանը պատրաստում է նրան, որ չպետք է հուսալ, որ Հայաստանում, Սփյուռքում կգտնվեն ուժեր, որոնք այս հարցը կլուծեն:

Տպավորություն է, որ իրեն գերագույն հրամանատար հռչակած անձն արդեն գիտեր պատերազմի ելքը և դրանից հետո հնարավոր արձագանքները, և փորձում է հանրությանը նախապես զգուշացնել՝ չհավատալ նրանց:

Երկրորդ, դեռ պատերազմը չավարտված՝ Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծում է՝ «Ադրբեջանը, առնվազն, Ղարաբաղի կապիտուլյացիա է ուզում»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ հենց այդ ժամանակ Ադրբեջանը Հայաաստանի հետ կապված էլ էր պահանջ դրել, մասնավորապես, Սյունիքի հետ կապված: Բայց այդ մասին Փաշինյանը երկար ժամանակ լռել է, և 2023 թվականի հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում էր շատ հստակ հայտարարել, թե ՌԴ նախագահ Պուտինի միջոցով Ադրբեջանը պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման է առաջ քաշել՝ խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ:

Վերադառնանք հոդվածի բուն թեմային՝ արդյո՞ք Փաշինյանը տեղյակ է եղել սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի նախաձեռնած «հակաահաբեկչական» գործողությունների մասին: Այս պահին ստույգ տեղեկություններ հայտնի չեն, թեև մամուլում որոշ հրապարակումներ եղան: Այդուամենայնիվ որոշակի ենթադրությունների առիթ է տալիս Փաշինյանի հայտարարությունը սեպտեմբերի 21-ին, որ այս շաբաթվա մեկնարկին, այսինքն՝ սեպտեմբերի 18-ին հանձնարարել է, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար:

Ավելին, վերջին գործողություններից առաջ արդեն իսկ խոսակցություններ էին շրջանառվում ՊԲ-ի զինաթափման և եղած ռազմական տեխնիկան ռուս խաղաղապահներին հանձնելու մասին:

Ադրբեջանական «հակաահաբեկչական օպերացիայի» համատեքստում, հիշեցնենք, որ Փաշինյանը մի քանի անգամ խմբագրել էր 2020-ի հոկտեմբերի 6-ի ֆեյսբուքյան իր գրառումը՝  Արցախ այցի մասին: Այսինքն, նախ գրել էր.

«Երեկ Արցախում էի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:

Այնուհետ մի քանի խմբագրումից հետո Նիկոլ Փաշինյանը ընտրել էր հետևյալ տարբերակը.

«Երեկ Արցախում էի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:

Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ նշված էր.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»:

Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը հայտնի գործողությունները համարում հակաահաբեկչական: Գուցե նպատակը միջազգային հանրությանը մեսիջ ուղարկելն էր, թե բացի Ադրբեջանից, նաև Թուրքիայի վարձած ահաբեկիչնե՞րն են կռվում մեր դեմ: Ըստ որոշ մասնագետների, 44-օրյա պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր։ Այսինքն, դրանից հետո արդեն պարզ էր ելքը, որը, գուցե, հնարավոր էր փոխել:

Ի դեպ, հոկտեմբերի 7-ին հրապարակվել էր ռուսական РБК հեռուստաալիքին Փաշինյանի հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել էր դեռևս ընթացքի մեջ գտնվող օպերացիային:

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։ Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Եվ հետաքրքիր է, որ ՌԲԿ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, իր խոսքերով, «հակաահաբեկչական» օպերացիայի պատասխանատու կարգում է ղարաբաղցի գեներալներին և ՊԲ-ին, 44-օրյա պատերազմից 3 տարի անց թուրք-ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողություններին միայն ՊԲ-ն է դիմակայել, քանի որ Արցախը պաշարված է: Այլ հարց է, որ 2022-ին 2020 թվականի հոկտեմբերի սկզբին մշակված և իրագործված հայտնի հակահարվածի կամ, ինչպես Փաշինյանն էր գրել, «հակաահաբեկչական» օպերացիայի ձախողման համար մեղադրանք առաջադրվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին:

Ավելի ուշ քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցվեց և ռազմագիտական փորձաքննություն նշանակվեց, որն ավարտին է մոտենում: Թե ինչ վերջաբան կունենա այս գործը, սպասենք զարգացումներին: Մի բան հստակ է՝ 44-օրյայի օրերին որևէ այլ օպերացիա թշնամու դեմ Փաշինյանը չի համարել հակաահաբեկչական:

Ի դեպ, 2020-ին ՌԲԿ-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր. «Եթե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մասը լինի, և եթե նրանք իսկապես մտածում են, թե ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի, ապա ստացվում է, որ նրանք ավերում են իրենց իսկ քաղաքները։ Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով»:

3 տարի անց Փաշինյանը ճիշտ հակառակ կարծիքի է, ավելին, չնայած Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին և վիրավորներին, պնդում է, որ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք Ադրբեջանից չկա: Իսկ Ադրբեջանը շարունակելու է հարվածել Ստեփանակերտին՝ «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ: Իսկ Արցախի վերջնական կապիտուլյացիային հետևելու է երկրորդ փուլը՝ արցախցի հերոսների և տղամարդկանց կալանավորումը, ինչի մասին տարբեր առիթներով հայտարարել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները:

Ի դեպ, դեռ 2020-ի հոկտեմբերի 26-ին, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, Փաշինյանն ասել էր մի բան, ինչը, ըստ էության, իրականություն դարձավ երեք տարի հետո. «հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու» համար…

Տեսանյութեր

Լրահոս