Լևոն Մնացականյանը Շուշիի ուղղությամբ չի եղել. նա եղել է Շոշի հատվածում՝ Թոփխանայից մինչև Սարուշեն. հիշեցնելով պատերազմական փաստերը

Մամուլում տեղեկություն էր շրջանառվել, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարցաքննվել է 2020-ի հոկտեմբերի 27-ից ՊԲ հրամանատարի պարտականությունները ստանձնած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ կապված Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու դրվագի հետ:

Ավելի ուշ ArmLur.am-ի հետ զրույցում, որտեղ էլ նշված տեղեկությունը շրջանառվել էր, Լևոն Մնացականյանը հերքել էր Արզումանյանի դեմ քրեական գործով Շուշիի հետ կապված դրվագով հարցաքննվելու լուրը և հայտնել, որ վկայի կարգավիճակով այլ քրեական գործով է հարցաքննվել:

168.am-ի տեղեկություններով, այս գործը մի քանի տարվա վաղեմություն ունի և 44-օրյա պատերազմի այս կամ այն հանգամանքի համատեքստում չէ:

Պատերազմից անմիջապես հետո՝ 2020-ի նոյեմբերի 21-ին գեներալ Մնացականյանը «Հրապարակի» հետ զրույցում Շուշիի անկման հետ կապված հարցին ի պատասխան՝ նշել էր.

Կարդացեք նաև

«Ես չգիտեմ, թե Շուշին հանձնելու պատճառը որն է եղել, ես էդ ուղղությամբ չեմ եղել։ Թող ովքեր եղել են, իրենք էլ այդ հարցերի պատասխանները տան»:

Ավելի վաղ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:

Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո»:

Իսկ 2020-ի նոյեմբերի 11-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մանրամասնել էր․

«Գեներալ-լեյտենանտ, նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին շնորհակալություն էի հայտնում գիտե՞ք՝ ինչի համար, որ մի քանի օր ամբողջ մի քանի կմ հատվածում համարյա զորք չունեինք, ում դիմում էինք՝ փախչում էին, ինքն էր կառավարում այդ ամբողջ բնագիծը, և իր հմտությամբ, օգտագործելով մեր բանակի հրետանին, կարողացել է ոչ միայն հետ մղել հակառակորդի հարձակումները, այլև տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ երկայնքով ունենք զորք։ Ով վերջին մի քանի օրերին եղել է Շոշի հատվածում, որը սկսվում է Թոփխանայից ու հասնում մինչև Սարուշեն։ Ի՞նչ վիճակում էր գտնվում, արդյոք պաշտպանվա՞ծ է եղել մեր այդ սահմանը, որից հետո Ստեփանակերտն էր։ Արդյոք բոլորը պատրա՞ստ էին մեռնել այդ խրամատում, որպեսզի թշնամին չմտնի Ստեփանակերտ, էլ մնացած հատվածները չեմ ասում։ Ինչպես էին թողնում դիրքերը շատ-շատերը, չհրապարակենք ոչ մի բան․․․ բավարարվենք»։ 

Տեսանյութեր

Լրահոս