Ով է իրականում ստորագրել ՊԲ կազմալուծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տակ, ով պիտի որոշեր ՊԲ սպառազինության ճակատագիրը
2024-ի հունվարին 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ: Իսկ Պաշտպանության բանակն արդեն դադարել է Արցախում վերջին մարտական գործողություններից հետո: Եվ հիմա, արդեն քանի օր է, իշխանության ներկայացուցիչները շահարկում են ՊԲ լուծարման և զինաթափման հարցը: Մասնավորապես, պնդելով, որ ՊԲ զինաթափումը տեղի է ունեցել Արցախի իշխանությունների պատճառով, այսինքն, եթե նրանք «չստորագրեին» վերջին հրադադարի ադրբեջանական պահանջի տակ, որոնցից գլխավորը ՊԲ զինաթափումն էր, ՌԴ-ին և Ադրբեջանին հայկական սպառազինություն չէր անցնի: Սրանից ելնելով՝ իշխանության ներկայացուցիչները մեկը մեկին հերթ չտալով՝ հայտարարում են, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի իշխանությունները ոչ թե հրադադարի հայտարարությանն են համաձայնել, այլ կապիտուլյացիային:
Ըստ այդմ՝ հարկ ենք համարում մի քանի փաստով թարմացնել ՀՀ իշխանությունների հիշողությունը.
Փաստ առաջին
44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը ևս հրադադարի հայտարարություն էր, որի տակ ստորագրել էր Նիկոլ Փաշինյանը, սակայն այդտեղ ամրագրվեց Աղդամի՝ Ակնայի, և Քելբաջարի՝ Քարվաճառի շրջանների անկրակոց վերադարձն Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր նաև ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի պահանջին՝ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Եվ հենց այս եռակողմ հայտարարությունն է հիմք ընդունում Ադրբեջանը և պահանջում ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք», որքան էլ ՀՀ իշխանությունները պնդեն, որ միջանցքի մասին նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ ուղղակի ձևակերպում չկա: Այս հայտարարության նախնական տարբերակում կատարված խմբագրումներին 168.am-ը դեռ 2 տարի առաջ էր առանձին-առանձին անդրադարձել և հետո բազմիցս բացատրել դրանց ռիսկերն ու վտանգները, հետևանքները: Բայց ՀՀ իշխանությունները, չգիտես ինչու, սրտնեղել էին, երբ ընդդիմախոսներն այն համարել էին կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ, թեպետ ինքը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը, նման գնահատական տվել է: Իրենց համար դա վատի և վատագույնի միջև ցավոտ ընտրություն էր, որով կանգնեցրել են պատերազմը և փրկել 25.000-30.000 մարդու կյանք: Սակայն իրականությունն այլ է, և փաստ է՝ ադրբեջանական հետագա ռազմական, քաղաքական, դիվանագիտական գործողությունները բխել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ այս հայտարարությունից: Այլ հարց է, որ այն կորցրել է, ըստ էության, իր ակտուալությունը:
Փաստ երկրորդ
2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության առաջին կետում հստակ գրված է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Ինչու շատ չանցած Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց Սյունիքից հետ քաշել զորքը՝ խախտելով հայտարարության մեջ նշված կետը, իշխանության ներկայացուցիչները, չգիտես ինչու, չեն խոսում, թե ինչի հետևանքով ադրբեջանցի սահմանապահները հայտնվեցին Սյունիքում:
Փաստ երրորդ
2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում հստակ նշված է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Այստեղ գրված չէ՝ ՀՀ զինված ուժեր, այլ՝ հայկական զինված ուժեր, այսինքն, խոսքը Արցախի ՊԲ-ի մասին էր: Իսկ սրա տակ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, Ադրբեջանն էլ պարբերաբար հիշեցրել և պահանջել այդ կետի կատարումը: Այլ կերպ՝ եռակողմ հայտարարության մեջ ոչ մի տող չկա ամրագրված Արցախի ինքնապաշտպանության իրավունքի մասին, առնվազն նախքան կարգավիճակի վերաբերյալ հստակ որոշումը, որի մասին ևս հայտարարությունում որևէ տող չկա:
Փաստ չորրորդ
2020 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրակի դադարեցման պահանջ էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշվում էր.
«Առաջին՝ թող ասի (Փաշինյանը.- Մ.Պ.), որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ամրագրված է բազային սկզբունքներում: Թող ասի, որ Ղարաբաղը դա Հայաստան չէ: Երկրորդ՝ թող գրաֆիկ ներկայացնի մեզ, թե երբ են հայկական զինված ուժերը դուրս գալու «օկուպացված տարածքներից» (չակերտները.- Մ.Պ.): Այդ ժամանակ մենք կվերականգնենք հրադադարի ռեժիմը»,- իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր Ալիևը և հավելել. «Եթե հանկարծ մենք դադարեցնենք գործողությունները, իսկ իրենք չդադարեցնե՞ն… Ամեն դեպքում այս ուղղությամբ պետք է աշխատել: Թե չէ սպասեք, ժամանակ տվեք: Ինչի՞ համար ժամանակ տանք: Տանք ժամանակ, որ վերականգնեք ուժե՞րը: Տանք ժամանակ, որ մարդ հավաքեք և հարձակվեք մեզ վրա՞: Նրանք մեզ միամիտի տեղ են դրել: Տանք ժամանակ, որ բանակցությունների գնա՞նք: Ես ասացի ինչ պետք է, և վերջ»:
Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, 2020 թվականի հոկտեմբերի 5-ին մարտակոչով դիմեց վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին՝ հորդորելով իրենց զինվորական հագուստները, ձմեռային բաճկոնը, եթե ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև դրանք վերցնեն և ներկայանան կենտրոնական հավաքակայան, կամ ուղարկեն:
Ավելին, Փաշինյանը ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություն էր հայտնել՝ այդպիսի 10 000 տղա կա Հայաստանում, և եթե նրանցից գոնե կեսը ներկայանա իր կոչին ի պատասխան, «դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»։ Արդեն պատերազմից հետո մինչև վերջերս Ադրբեջանը, թերևս, այս թվի վրա հիմնվելով էր ասում, որ ՀՀ զինված ուժերից կամ ՀՀ-ից 10.000-անոց զինված խումբ, ստորաբաժանում կա Արցախում դեռ: Ադրբեջանի գերնպատակը եղել է ՊԲ կազմաքանդումը, զինաթափումը, և հայկական «զինված խմբավորումների» դուրս գալը Արցախից: Եվ եթե անգամ վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը կամ լրատվամիջոցները օգտագործում էին «ՀՀ ԶՈՒ» ձևակերպումը, և որին Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարությունն անմիջապես արձագանքում էին ՝«ԼՂ-ում ՀՀ բանակ չկա», դա չի նշանակում, թե Ադրբեջանն իրականությունից կտրված էր, իսկ մենք նման հայտարարությամբ միայն մեզ համար խնդիրների հիմք տվեցինք, որի մասին առանձին դեռ կխոսենք: Իսկ Ալիևը վերջին հրադադարից հետո իր խոսքում օգտագործել է՝ «հայկական զինված ուժեր» ձևակերպումը: Այս առնչությամբ փաստերի շարքը կարելի է լրացնել, բայց սահմանափակվենք այսքանով:
Փաստ հինգերորդ
2023 թվականի մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում հայտարարել էր.
«Եթե ցեղասպանության և էթնիկ զտման ակնհայտ վտանգ չլինի ԼՂ հայության համար, առնվազն այդ մասշտաբով բանակ պահելու կարիք ԼՂ-ն չի ունենա: Այս նեղ վիճակում ԼՂ-ում միլիարդներ են ծախսում այդ բանակը պահելու համար: ԼՂ ՊԲ-ի գոյությունը ամենամեծ ապացույցն է ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունների»:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ վերջին մարտական գործողություններից հետո, երբ Ադրբեջանը սպանել էր քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, և խախտել էր հրադադարը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա:
Փաստ վեցերորդ
ՊԲ սպառազինության վերաբերյալ իշխանական թևից քննադատություններ հնչեցին, թե ահռելի արսենալ ենք կորցրել, որը ռուս խաղաղապահներին է հանձնվել, որոշ մասն էլ Ադրբեջանը որպես ավար է վերցրել: Նախ հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է 5 միլիարդ դոլարի զենք և զինամթերք, ինչն իրենք ոչնչացրել են, կամ որպես ռազմավար վերցրել: Ինչո՞ւ իշխանությունը չի խոսում 44-օրյա պատերազմի ժամանակ՝ շատ դեպքերում չօգտագործված զինամթերքի կորստի մասին:
Իսկ ինչ վերաբերում է ՊԲ սպառազինության ճակատագրին, ապա այս մասին իշխանության ներկայացուցիչների և որոշ հասարակական գործիչների հայտարարություններն ինչ-որ չափով վիճելի են:
Նիկոլ Փաշինյանի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել էր, որ ՊԲ-ն կարող էր հայտարարել, թե որոշում է կայացրել իր սպառազինությունը փոխանցել ՀՀ-ին:
«Հնարավորություններ կային բանակցություններով բերել դրանք»,– ընդգծել էր նա:
Թե ինչպես էր այդ զենքը հնարավոր Արցախից տեղափոխել Հայաստան, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրների առկայության պայմաններում, Մարուքյանը չի մանրամասնել, որևէ խոսք չի ասել նաև, թե ում հետ պիտի բանակցեին, երբ է նման հնարավորություն եղել, և այլն: Եվ արդյո՞ք դա միայն ՊԲ-ի որոշելիքն էր:
Իսկ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ «Ֆակտորի» հետ զրույցում նշել էր.
«Դա ՊԲ զինտեխնիկան է, դա ՀՀ զինտեխնիկան չի: ՊԲ-ն պետք է լուծարվեր, չգիտես ինչու, գրված է՝ ՀՀ ԶՈւ, ուրեմն մտածում են, որ զինտեխնիկան ՀՀ-ինն է: Երբ Լաչինի միջանցքը բաց էր, Արցախի իշխանությունները պետք է մտածեին ՊԲ զինտեխնիկան փրկելու մասին: Իրենք պետք է մտածեին և այդ տեխնիկան տեղափոխեին ավելի անվտանգ միջավայր, որը ՀՀ-ն է: Իրենք դա չարեցին: Հիմա դա կանցնի ՌԴ իրավասության տակ, ըստ հայտարարությունների: ՌԴ-ն էլ ոնց կուզենա՝ կտնօրինի: Բայց դա եղել է ՊԲ ունեցվածքը, իրենք են ձեռք բերել: Իրենք են իրենց անվտանգությունից ելնելով՝ կուտակել այդ սպառազինությունը և դրանով պաշտպանել իրենց ժողովրդին»:
Թե ինչպես էր հնարավոր, որ չճանաչված Արցախի Հանրապետությունը կարողանար այդքան սպառազինության համար գումար կուտակել և գնել, դրա մասին Անդրանիկ Քոչարյանը չի խոսում:
Փոխարենը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը 1in TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր.
«Ղարաբաղի ՊԲ-ն ուներ ավելի շատ տանկ, քան ՀՀ-ն՝ 100-ից ավելի: Նույնիսկ կարող եմ ասել, թե դա ոնց է տեղի ունեցել. 2020 թվականի նոյեմբերին Քելբաջարը հանձնելուց հետո, երբ պարզվեց, որ այլևս ծանր տեխնիկա հնարավոր չի լինելու Ղարաբաղ ուղարկել, ինչքան ծանր տեխնիկա կար, համարյա ամբողջը թողեցին Ղարաբաղում»:
Հիմա ինչպես հասկանանք՝ ՊԲ ծանր տեխնիկան Հայաստանի՞նն էր, թե՞ ՊԲ-ն ինքն էր դրա ֆինանսական միջոցները կուտակել և ձեռք բերել: ՀՀ-ն լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, չգիտես ինչու, վախենում է հստակ խոսել: Մինչդեռ 2016-ին Ապրիլյան պատերազմի օրերին՝ ապրիլի 3-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր.
«Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանության»: Այսինքն, այն, ինչ պիտի աներ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը: Երկրորդ, ՀՀ-ն պատրա՞ստ էր կամ ունա՞կ էր կազմակերպել ՊԲ սպառազինության տեղափոխումը: Երրորդ, նման հարցերը հրապարակային քննարկման ենթակա՞ են, իհարկե ոչ, բայց, ցավոք, այս հանգամանքը անտեսվում է՝ ստեղծելով լրացուցիչ խնդիրներ ՀՀ-ի համար:
Հիշեցնենք նաև, որ հուլիսին Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսում ասել էր.
«Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, քանի որ Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»։
Իսկ լրագրողի ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու Արցախի դեմ հնարավոր հարձակման դեպքում, Փաշինյանն արձագանքել է. «ՀՀ Զինված ուժերի գործառույթը ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելն է»։
Այսինքն՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները մեզ անհայտ տարբեր նպատակներից ելնելով Արցախի հանրապետության ՊԲ-ին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք է տվել:
2020-ին ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ ՊԲ զինաթափման մեղավոր էր համարում Արցախի իշխանություններին և բազմիցս նշել էր, որ իրենից հետո ՊԲ-ն դադարել է լինել անկախ, և հիմա, ըստ էության, ինքն էլ փաստում է, որ ՊԲ-ն ինքնուրո՞ւյն է որոշել՝ իր սպառազինությունը ում փոխանցել՝ Ռուսաստանի՞ն, թե՞ ՀՀ-ին:
Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 6-ին ԱԽ նիստում Սամվել Բաբայանն ասել էր.
«Պետք ա խնդիրը հաշվարկենք` ենթադրենք՝ 20-30 սմերչ ես գցում, կռիվ ենք տալիս, սաղին կոտորում ենք, Շուշին վերցնում ենք, բա հետո՞, հետո զորքն ի վիճակի չի պատերազմ մղելու: Խնդիրը հետևյալն ա` պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը 10 օր ժամանակ է ուզում «բեզագավոռոչնի կապիտուլյացիայի» համար: Ստեղ մենակ ժողովրդի խնդիրը չի: Լավ, Ստեփանակերտի բնակչությանը տարհանեցինք, բա ամբողջ ճակատով զորք է կանգնած, կարողանո՞ւմ ենք էդ զորքը ապահով դուրս բերել, թե՞ թողնում ենք կոտորվի: Եթե Ռուսաստանը գտնում ա, որ Ղարաբաղում մարդ չպետք ա մնա, էդ 10 օրը Ադրբեջանի՞ց ենք խնդրում, թե՞ ինքը՝ ռուսն ա խնդրում` դուրս ենք գալիս: Չենք կարող ՆԱՏՕ-ի զորքի հետ, «նայոմնիկների» հետ, «պոլնի վաառուժենիայով» կռվենք: Երեկ փորձել եմ օպերացիա մշակեմ, ընդամենը չորս հատ գաուբիցա ունենք, եթե արտիլերիան չապահովվի, ո՞նց ենք մենք առաջ գնալու»:
2023-ին էլ հանկարծ հայտարարում է, որ ՊԲ-ն 100 տանկ ուներ և մի ամբողջ բանակի արսենալ:
Իսկ, թե ինչ քանակի սպառազինություն կար ՊԲ-ում, որքանն է ոչնչացվել, որքանն է Ադրբեջանին բաժին հասել, և որքանն է փոխանցվել ՌԴ-ին, հայտնի չէ, չկա պաշտոնական տեղեկատվություն: