Ջալալ Հարությունյանի գործով՝ հակահարվածի դրվագով ռազմագիտական փորձաքննությունը դեռ չի ավարտվել

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով ռազմագիտական փորձաքննությունը դեռ չի ավարտվել, ընթացքի մեջ է:

168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից ասացին, որ «դատավարական ժամկետների խախտման խնդիր չկա, ամեն ինչ ժամկետների մեջ է»:

168.am-ը հունիսի 12-ին գրել էր, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել: Այսինքն, վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել էր հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով էլ կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում:

Հունիսի 16-ին մենք հարցում էինք ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ովքեր են անցկացնելու այդ ռազմագիտական փորձաքննությունը՝ ՊՆ ներկայացուցիչնե՞րը, թե՞ կոնկրետ փորձագետներ, որոնց փորձագիտական կարծիքը կարող է դատարանը հիմք ընդունել:

Կարդացեք նաև

Մենք փորձել ենք պարզել նաև, թե մեղադրանքում նշված ո՞ր դրվագով է հատկապես ռազմագիտական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն առաջացել՝ արդյո՞ք հայտնի հակահարվածի օպերացիայի, որի հավանությունը Ջալալ Հարությունյանը, ըստ վերջինի փաստաբանի, ստացել էր Նիկոլ Փաշինյանից:

Հունիսի 28-ով թվագրված իր գրության մեջ ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել էր, որ «ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական վարույթով՝ հակահարվածի դրվագով նշանակված ռազմագիտական փորձաքննությունը կատարվելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Ջալալ Հարությունյանի կողմից առաջարկված երկու սպաների կողմից»: Թե ովքեր են նրանք, կոնկրետ անուններ չէին տրվել:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

Հավելենք, որ հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրեց Օնիկ Գասպարյանի վրա:

«Ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը: Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, և այն փաստը, որ իրենք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունն ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում, խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Եվ ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, պարոն Բաբայանին եմ խնդրել, որ ներկայացնի իր գաղափարը: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը, ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան, ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ես ասել եմ՝ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք: Ես արդեն Երևանում էի, ու Օնիկ Գասպարյանն ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանն ասել է՝ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Այսինքն, իշխանությունները հակված են պաշտպանել Ջալալ Հարությունյանին՝ գուցե փրկելով իրենք իրենց:

Իսկ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով, ով մոտ 1 տարի է՝ անազատության մեջ է, ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն չեղավ, երբ գործ ունենք ոչ պակաս կարևոր, կամ շատ կարևոր պատերազմական դրվագների հետ, իսկ «Արեգասարի» հետ կապված մեղադրանքը շատ հարցեր է առաջացնում:

Գեներալ Արզումանյանը մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու, գործը դատարանում է:

Ավելին, եթե Ջալալ Հարությունյանին Քննիչ հանձնաժողովը պատրաստ է լսել, ապա Միքայել Արզումանյանի դեպքում կարծես թե նման պլաններ դեռ չկան, և այստեղ խնդիրը բնավ Արզումանյանի կարգավիճակը չէ:

Ի դեպ, օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Շուշիի անկման շուրջ խոսակցությունները համարել էր շահարկում և «միջնորդել» լսել Շուշիի անկման համար մեղադրվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որին իշխանությունները, ըստ էության, քաղաքական նպատակներով մեկուսացրել են:

Տեսանյութեր

Լրահոս