Փաշինյանական «նվեր-հիմքերը» Ադրբեջանին՝ հայ զինվորականներին մեղադրելու գործում, կամ՝ ով է ստորագրել ՊԲ կազմալուծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տակ-2

Երեկ 168.am-ը՝ «Ով է իրականում ստորագրել ՊԲ կազմալուծման վերաբերյալ Ադրբեջանի պահանջի տակ, ով պիտի որոշեր ՊԲ սպառազինության ճակատագիրը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ մի շարք փաստեր է ներկայացրել այս առնչությամբ: Շարունակելով այս թեման՝ ներկայացնենք ևս մի քանի փաստ ՊԲ կազմաքանդման վերաբերյալ, ինչը ՀՀ իշխանությունները և իշխանամերձ շրջանակները գցում են միայն Արցախի վերջին իշխանությունների գրպանը:

Փաստ առաջին (ըստ այս հոդվածի)

2023 թվականի հունիսի 29-ին Արցախի ԱԺ-ում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը պատգամավորներին հայտնել էր, որ Ադրբեջանը պայման է դրել՝ երկխոսության սեղանին նստելու համար առաջին կետը ՊԲ-ի լուծարումն է: Այսինքն, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չտար և Ադրբեջանը հարձակվեր և Արցախում ստեղծվեր նույն իրավիճակը, ինչը տեսանք ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողություններից հետո, Արայիկ Հարությունյանը ևս գնալու էր ՊԲ զինաթափմանը, որովհետև հրադադարի գլխավոր պայմանն էր: Այլ հարց է, որ 2020 թվականին նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության մեջ Արայիկ Հարությունյանը կարող էր հուշել Նիկոլ Փաշինյանին Արցախի ինքնապաշտպանության մասին կետ սահմանել, քանի դեռ կարգավիճակը հստակ չէր, ոչ թե Արցախի անվտանգությունը հանձներ ռուս խաղաղապահների բարեհաճությանը, որոնք զենք չէին կարող կիրառել, որոնց մանդատն այդպես էլ չհստակեցվեց:

Փաստ երկրորդ

Կարդացեք նաև

Արցախում ադրբեջանական հակաահաբեկչական գործողություններից մոտ 2 շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Ֆարխադ Մամեդովը հարցին՝ ադրբեջանական զորքը կմտնի Ստեփանակե՞րտ, պատասխանել էր, որ դա զինվորականների որոշելիքն է:

«Ես կարծում եմ, որ առաջին փուլում դրված է ծանր զինտեխնիկայի, պահեստների և զորանոցների ոչնչացման հարցը, այդ թվում՝ ամրացված շրջանների ուղղությամբ հարվածների: Սա տեղի կունենա մոտ ապագայում: Կարող է լինել ԱՄՆ կողմից խոստում, թե Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո մեղմացում կլինի, բայց հավատալ դրան, սակայն ամեն ինչ կարող է վերանայվել, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ դադարում է ֆինանսավորել, դիմում եմ Ադրբեջանին, որ բեռները ձևակերպեն, որ դա ճանաչում է Ադրբեջանի տարածք, նաև դիմի բոլոր զինվորականներին՝ վերադառնալ Հայաստան: Փաշինյանը դա կարող է անել, դրա համար էլ Ադրբեջանը դա պահանջում է նրանից»,- շարունակել էր ադրբեջանցի քաղաքագետը:

Մինչ սա, Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել էր, որ՝ «ԼՂ-ում ՀՀ բանակ» չկա, բայց Ադրբեջանն իրենից է պահանջում հասնել ՊԲ կազմաքանդմանը, որովհետև, ինչպես նախորդ հոդվածում նշել ենք, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, որի 4-րդ կետում հստակ նշված է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Այստեղ գրված չէ՝ ՀՀ զինված ուժեր, այլ՝ հայկական զինված ուժեր, այսինքն, խոսքը Արցախի ՊԲ-ի մասին էր: Դրա համար Ադրբեջանը առաջին հերթին Փաշինյանից է պահանջել՝ կատարել եռակողմ հայտարարության պահանջները:

Փաստ երրորդ

2022 թվականի օգոստոսին սկզբին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել էր, որ Ադրբեջանն անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով:

«Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է,- հայտարարել էր Փաշինյանը և հավելել,- Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ներկայությունը: Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»: Նույնը միտքը Փաշինյանն ասել է նաև այս տարվա հուլիսին:

Ի դեպ, 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր.

«Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս»:

«ՀՀ քաղաքացի չհանդիսացող զինծառայողներ» ձևակերպումը, ըստ էության, բավականին վտանգավոր հայտարարություն է, եթե հաշվի առնենք, որ Արցախի բնակչության մեջ կան բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, որոնք առնվազն ընդգրկված են եղել երկրի պաշտպանության գործին՝ լինելով արցախաբնակ:

Փաստ չորրորդ

Շատ ավելի վտանգավոր է 2022 թվականի հուլիսի 19-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արտահայտած հետևյալ միտքը.

«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից և ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»:

Այնուհետև նույն միտքը կրկնել է՝ ի պատասխան հարցին՝ «ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե՞ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից»:

«Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ»,- հավելել է Արմեն Գրիգորյանը:

Ուշադրություն դարձրեք, ՀՀ ԱԽ քարտուղարը չի ասում՝ ՀՀ զինծառայողները դուրս կգան, ասում է՝ ՀՀ ստորաբաժանումներ: Սա «նվեր» է Ադրբեջանին՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ ՀՀ-ն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետը և պատերազմի ավարտից հետո 2 տարի այնտեղ ստորաբաժանումներ է պահել:

Պատկերացնո՞ւմ եք, եթե Ադրբեջանն այս զինվորականներից որևէ մեկին ընդգրկած լինի ադրբեջանական սև ցուցակում, որովհետև 2020-ից հետո շարունակել են մնալ և… Նիկոլ Փաշինյանը դարձյալ պիտի ձեռքերը լվանա՞ր, երբ այդ ստորաբաժանումներն իր հրահանգով կամ իմացությամբ են մեկնել Արցախ, և իրենց իմացությամբ միայն 2022 թվականի սեպտեմբերին ամբողջությամբ դուրս եկել:

Այս համատեսքտում նշենք, որ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին Ադրբեջանի կողմից առաջադրված մեղադրանքում գրված է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ քաղաքացի գեներալ Մանուկյանը շարունակել է մնալ Արցախում և «Ադրբեջանի տարածքում մասնակցություն ունեցել զինյալ խմբավորումների կազմավորման գործում»:

Այստեղ հիշեցնենք նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան, չնայած որ, ըստ նրա, «մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն, նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, ենթակա չեն զորակոչի»:

Ավելին, Փաշինյանը պոտենցիալ գնացողների թիվ էր ասել՝ 10.000, որն Ադրբեջանն օգտագործում էր: Հիմա եթե այս տղաներից որևէ մեկը որպես զբոսաշրջիկ գնացած լիներ Արցախ և հետո չկարողանար գալ, և նրանց Ադրբեջանը մեղադրեր իրենց դեմ մարտական գործողությունների համար, Նիկոլ Փաշինյանը տեր կանգնելո՞ւ է նրանց, չէ՞ որ իր կոչով են գնացել՝ տարբեր ստորաբաժանումների կազմում:

Փաստ հինգերորդ

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ոչ միայն ծառայել է Արցախում, որը հետո Փաշինյանը համարեց Ադրբեջան, այլև ռազմական դրության ժամանակ ձևավորված զորամասի կազմում մասնակցել էր մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում: Արդյո՞ք, ըստ Ադրբեջանի, Նիկոլ Փաշինյանի որդին ևս «մեղքի բաժին ունի», թե՞ ոչ, և ի՞նչ կլիներ նրա հետ, եթե նոյեմբերի 9-ից հետո ոտք դրած լիներ Արցախ և որոշ ժամանակ մնացած լիներ:

Փաստ վեցերորդ

2020 թվականի 44-օրյա պատերազմից մոտ 1 ամիս առաջ՝ օգոստոսի 25-31-ը, Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Արցախի զորամասերից մեկում անցկացվել էր հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Այսինքն, ռազմական դասընթաց էր կազմակերպվել: Հավաքի մասնակիցները կրակային պատրաստության դասերի ընթացքում ծանոթացել էին Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերին ու մեխանիզմներին, օպտիկական նշանոցներին և գիշերային տեսանելիության սարքերին, դրանց դերին ու նշանակությանը, անցել ավտոմատից, ԿԳ գնդացիրներից, ԳԴՀ-ից ստուգողական հրաձգության վարժություններ զորատեսակների համար, բաց դաշտում իրականացրել նռնակի նետումը թաքստոցից ծնկած կամ կանգնած դրությունից։

Հիմա ի՞նչ՝ Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմից առաջ «զինյալնե՞ր է պատրաստել Ադրբեջանի տարածքում»: Իհարկե, մարտական առաջադրանք նա պատերազմի ժամանակ Արցախում չի կատարել իր «Էռատո» ջոկատով: Ըստ ՊՆ-ի, 2020 թվականի հոկտեմբերի 25-ին հանդեր­ձա­վորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթա­կայության տակ, իսկ ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում: Նման փաստեր և հարցադրումներ շատ կարելի է ներկայացնել:

Իսկ ինչ վերաբերում է ՊԲ սպառազինության հետ կապված տարբեր թիրախավորված քննադատություններին՝ իշխանության ներկայացուցիչների և որոշ փորձագետների կողմից, ապա այդ հարցին նախորդ նյութում կարճ անդրադարձել ենք: Եվ քանի որ քննադատությունները շարունակվում են՝ ուղղված ՊԲ ղեկավարությանը, թե «ում որոշմամբ է Ադրբեջանին հանձնվել 100 տանկ և 200+ հրետանային միավոր», այս պահին միայն կնշենք, որ նման պաշտոնական տեղեկություն Ադրբեջանը չի տարածել, «հակաահաբեկչական» գործողությունների օրերին ընդամենն ասել է, որ ՊԲ-ն ունի «ավելի քան 100 տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 ծանր հրետանային միջոց և այլն»:

Իսկ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ «հակաահաբեկչական գործողությունների» արդյունքում հայտնաբերել են 4 տանկ, 10 հրետանային զենք, 10 միավոր զրահատեխնիկա:

Իսկ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը ներկայացրել է ՊԲ-ից վերցված զենք-զինամթերքի հետևյալ ցանկը:

Այսինքն, նախ պիտի պաշտոնական որևէ կողմից տեղեկություն լինի, նոր հարց տանք՝ ո՞ւմ հրամանով: Այս թեմային դեռ կանդրադառնանք:

Իսկ մինչև դա լավ կլինի, որ ՊԲ-ին թիրախավորած հասարակական գործիչները, իշխանության ներկայացուցիչները խոսեն 44-օրյայի ժամանակ պահեստներում մնացած, չպայթեցված և Ադրբեջանին հասած զենք-զինամթերքի մասին, պատասխանեն՝ ինչո՞ւ չպայթեցվեց Մատաղիսի ջրամբարը, երբ պարզ էր, որ  Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու, ինչո՞ւ Ադրբեջանի ռազմական կարևոր օբյեկտներ չոչնչացվեցին, որոնց ցանկն անգամ ՊԲ-ն էր հրապարակել:

Ի դեպ, իշխանամերձ տարբեր տրամաչափի գործիչներ այս օրերին մեղադրում են Արցախի իշխանություններին, թե ինչո՞ւ նրանք ՊԲ սպառազինությունը տեղում չոչնչացրեցին Ադրբեջանին հանձնելու փոխարեն կամ առանց վնասելու հանձնեցին նրանց։

Հետևելով գործողությունների ժամանակագրությանը ամենևին էլ դժվար չէ ենթադրել, որ զենք-զինամթերքի հանձնումը գլխավոր պայմանն էր հրադադարի համար։ Դրանից հետո միայն բացվեց Հակարիի կամուրջը և թույլ տրվեց Արցախի ժողովրդին դուրս գալ շրջափակումից։

Հետևաբար՝ նման հայտարարություններ հնչեցնողները արդյոք պատկերացնո՞ւմ են, թե ինչ կլիներ Արցախում շրջափակված հայերի հետ, եթե Ադրբեջանը հայտնաբերեր, որ Արցախի ՊԲ-ն իրենց սպառազինությունը փոխանցել է ամբողջությամբ վնասված։ Որպես ասվածի ապացույց բավական է նշել միայն այդ օրերին Արցախի բնակիչների նկատմամբ կատարված սահմռկեցուցիչ դեպքերը։

Նշենք նաև, որ Արցախում մինչ օրս էլ ադրբեջանցիները զենք-զինամթերքի պահեստներ են հայտնաբերում, ինչը նշանակում է, որ ոչ ամբողջ սպառազինությունն է միայնակ մնացած ու դրա հետևանքով կապիտուալցված Արցախը հանձնել թշնամուն։

Տեսանյութեր

Լրահոս