#ՈՒՂԻՂ. Առանց իշխանափոխության՝ Հայաստանն էլ է արժանանալու Արցախի ճակատագրին. Վարդան Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Սամվել Շահրամանյանի հրամանագիրն իրավական տեսանկյունից, իհարկե, առոչինչ է, բայց պետք է անդրադառնալ հարցի քաղաքական ասպեկտին՝ հասկանալու համար՝ ինչու է ստորագրվել այն: Այն պահից, երբ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Արցախը մնաց անպաշտպան: Ադրբեջանը հարձակվեց, ու դրա արդյունքում պայման դրվեց պետական մարմինների լուծարման: Շնորհիվ մեր բանակցողների՝ հնարավոր դարձավ տարաժամկետել այդ պահանջը: Հրամանագիրը հրապարակված չէ. իրավաբանորեն այն գոյություն չունի: Մենք դրա ամբողջական տեքստը չենք տեսել: Երբ Արցախի Հանրապետության նախագահն այդ հրամանագիրը ստորագրել է, մեզ հասանելի տեքստում 3 ամիս ժամանակ կա, որ Արցախի պետական մարմինները փաստացի դադարեցվեն: Եթե այդ 3 ամսում Հայաստանում իշխանություն չփոխվի, բոլոր իրավական հիմքերն առոչինչ կլինեն: Եթե Արցախը դեմ առ դեմ մնա թշնամիների հետ, ՀՀ-ից աջակցություն չստանա, որևէ ակնկալիք չի կարող լինել, որ արցախահայությունը երբևէ կհասնի իր իրավունքների վերականգնմանը:
- Երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից՝ հայտարարելով, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի հարցով նշաձողը, և կլինի լայն կոնսոլիդացիա, հարց եմ տալիս՝ հիմա ունե՞նք լայն կոնսոլիդացիա Արցախի կարգավիճակի շուրջ:
- 44-օրյա պատերազմի ողբերգական արդյունքներից հետո նույնիսկ ԵԱՀԿ-ն ասել է, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում գործում են այն սկզբունքներն ու տարրերը, որոնք ամրագրված են Մադրիդյան սկզբունքներում ու այլ փաստաթղթերում: Այսինքն՝ ԵԱՀԿ-ն անգամ պատերազմից հետո ասում էր՝ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվե անել ու ինքնորոշվել:
- ԵՄ միջնորդության շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել այն մասին, որ խաղաղությունը Հայաստանի մասին է, և Արցախը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ակնհայտ է, որ առանց ԱՄՆ մասնակցության՝ ԵՄ-ն չէր կարող իր վրա պատասխանատվություն վեցնել այդ թեզի վերաբերյալ:
- Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Արևմուտքը նույնիսկ հրաժարվեց ասել, որ էթնիկ զտում է տեղի ունենում:
- Այն պահից, երբ Հայաստանը հրաժարվեց Արցախից, Ռուսաստանի քաղաքականությունը կտրուկ փոխվեց: ՌԴ-ի քաղաքականությունը ելնում է նրանից, որ այդ պահից սկսած ինքը ցանկություն չունի խառնվել Արցախի հարցին, ինքն այլևս անելիք չունի: Ռուսաստանը կրկնում է 1920 թվի սխալը:
- Մինչև 2020թ. պատերազմը բոլոր կարևոր դերակատարները ելնում էին նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է: Նիկոլ Փաշինյանը փակեց այդ հարցը: Դրանից հետո միջազգային գլխավոր դերակատարները բնականորեն փոխեցին իրենց դիրքորոշումը: Մինչև 2021թ. ձմեռը միջազգային հանրություն կոչվածը ելնում էր նրանից, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և ոչ թե ինքնավար մարզի կարգավիճակով, այլ հանրաքվեով ինքնորոշվելու:
- Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության ներքո պետք է լինի միայն Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը, մնացած բոլոր գործառույթները, ինչպես նաև ճանապարհի նկատմամբ իրավազրությունը, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Մինչդեռ Լաչինի միջանցքի պարագայում հստակ սահմանված է, որ ամբողջ միջանցքը մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ուստի Նախիջևանից Ադրբեջան տրանսպորտային կապը անթույլատրելի է նույնացնել Լաչինի միջանցքի հետ։
- Փաշինյանի պաշտոնանկությանը չհասնելու ու նրա կատարած հանցագործություններին քրեաիրավական գնահատական չտալու պարագայում Հայաստանն ապագա չունի:
- Խոսքեր չեմ գտնում՝ բնութագրելու այն ցինիկությունը, որով օժտված է այդ մարդը:
- Եթե ՀՀ Զինված ուժերը չկան, որոնք պիտի ապահովեին Արցախի անվտանգությունը, անհասկանալի է, թե ինչ են անում ռուս խաղաղապահները: Սա հարցի իրավական կողմն է, բայց կա քաղաքական կողմը: 2020թ. պատերազմից հետո Արցախ վերադարձող հայերը ռուս խաղաղապահներին դիտարկում էին՝ որպես անվտանգության երաշխիք, ու նաև դա նկատի ունենալով են վերադարձել: Եվ որքան էլ իրավաբանորեն իրենք խնդիր չունենան, ռուս խաղաղապահների գործոնը քաղաքական գործոն է:
- Ռուսաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություն ունի նաև պաշտպանելու այն անձանց իրավունքները, ովքեր հանիրավի ձերբակալվում ու տարվում են Ադրբեջան, անկախ նրանից, թե նրանք որ երկրի քաղաքացի են: Եվ ես վստահ եմ, որ ինքը դա կարող էր անել առանց մեծ սկանդալի, առանց վատացնելու իր հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի հետ:
- Ռուսաստանի գործողությունները որքան էլ Արցախի հարցում անբարո են, իրավաբանորեն դրանց կպչել հնարավոր չէ:
- Անկախ Գրանադայում հանդիպման արդյունքներից՝ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր կապիտուլյացիոն գիծը, որովհետև նա չունի դաշնակիցներ, և յուրաքանչյուր հաջորդ պատերազմից հետո ավելի է սեղմվելու մեր շուրջ օղակը: Հետևաբար՝ պետք է հասկանալ, որ հենց Փաշինյանի քաղաքականության հետևանքն է Արցախի հայաթափումը, ու պետք է հեռացնել նրան: Մինչև մենք սա չգիտակցենք, մեր երկիրը որևէ ապագա չի կարող ունենալ: Մեր երկիրը կործանվում է: Պետք է կասեցնել այդ ընթացքը:
- ՀՀ իշխանությունները ոչ թե անհանգստանում են Հայաստանի անվտանգության համար, այլ սոսկ իրենց աթոռների:
- Ես մնում եմ այն համոզման, որ հրամայական է Նիկոլ Փաշինյանի՝ հնարավորինս արագ ու հնարավորինս անցնցում հեռացումը: Դրա համար պետք է լինի համազգային կոնսենսուս-1, որին պետք է անպայման միանա Հայ Առաքելական եկեղեցին՝ իր ներուժով ու բոլոր կառույցներով:
- Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավորները պետք է հասկանան, որ վաղ թե ուշ դավաճանները պատժվելու են թե պատմության առաջ, թե հաջորդ իշխանության օրոք:
- Փաշինյանը մինչև վերջ թուլացրել է Հայաստանը, և եթե դու հրաժարվում ես Ռուսաստանի հետ ունեցած կապերից, մնում ես առանց դաշնակցի: Չեմ կարծում, որ դա միամտություն է, հետևաբար՝ դա դավաճանություն է:
- Կապիտուլյացիոն փաստաթղթից հետո որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի շարունակելու իր էքսպանսիվ նկրտումները ՀՀ-ի նկատմամբ: Եվ կրկնում եմ, որևէ արևմտյան պետություն երաշխիք չի տալու:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Հյուրիյեթ» թերթին տրված հարցազրույցի ընթացքում ասել է․
«Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, առաջին հերթին՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, և արդյունքին միտված բանակցությունների շարունակականության ապահովումը կայունության հաստատման միակ ճանապարհն է»:
«Հյուրիյեթ»-ի լրագրող Աբդուլքադիր Սելվին իր հերթին նշել է․
«Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ են թողել մարտի դաշտում։ Ամեն պարտություն, որ նա կրում է Ադրբեջանի դեմ ռազմաճակատում, բերում է նրան, որ Փաշինյանի աթոռը Երևանում խարխլվում է։ Եթե Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառ, այլ հնարավորություն, կշահի թե՛ Հայաստանը, թե՛ ինքը։ Հակառակ դեպքում, ամեն պարտությունից հետո Երևանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը։ Փաշինյանը Իսպանիայում պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ չանտեսելով այդ սպառնալիքը»։
«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Ամբերին Զամանն իր X-ի էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին և ադրբեջանցիների ակնկալիքներին՝ մեջբերելով իր գործընկերոջ խոսքը։
Նա մասնավորապես գրել է, որ Նախիջևանից CNN Türk-ի հաղորդավար Ֆուլյա Օզթուրքն ասում է, որ ադրբեջանցիները հույս ունեն, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկին, քանի որ «մենք (ադրբեջանցիները) նրան ափերի մեջ մեծացրեցինք և ծնկի բերեցինք»։
Մանրամասները՝ տեսանյութում: