(Մ)ուրացողները
Տաբուները, սրբությունները, հավատքը, ավանդույթն ու հիշողությունը չգրված օրենքներ, նորմեր են, որոնք հանրային կյանքի վրա հաճախ ունեն ավելի մեծ ազդեցություն, քան ֆորմալ իրավական կառուցակարգերը: Այնպես չէ, իհարկե, որ բոլոր տաբուները կամ ավանդույթներն անքննելի են և ժամանակի ու կյանքի իրողությունների բերումով չեն կարող փոփոխվել: Ամենևին ոչ: Բայց մի բան է, երբ օբյեկտիվ գործոնների ազդեցությամբ փոխվում է դրանց բովանդակությունը, և միանգամայն այլ պարագա է, երբ գործնականում ոչնչացվում է տաբուների, սրբությունների, ավանդույթի, հիշողության ինստիտուտը` որպես սոցիալական և քաղաքացիական-քաղաքական հարաբերությունների կարգավորման մեխանիզմ:
Տաբուներ, սրբություններ, ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է, և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին՝ պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը: Հայաստանում հիմա հենց այդպիսի ժամանակներ են:
Այնպես չէ, որ մեր հասարակությունն ամբողջությամբ զրկվել է այն նորմերի համախմբից, որոնք կազմում են հայկական ինքնության հիմքը: Եթե անգամ նման միտումներ կան, ապա դրանք վստահաբար չեն ընդգրկում հասարակության մեծ շերտերի և պայմանականորեն սահմանափակվում են Կասկադից Սարյանի գինետներ ընկած միջակայքում:
Իսկ ահա քաղաքական ու վարչական ողջ վերնախավը, որն այդպիսին է ոչ թե բովանդակությամբ, այլ էլիտայի տեղը նոմինալ առումով զբաղեցրած /բռնազավթած լինելու բերումով, գրեթե ամբողջությամբ զուրկ է վարքագծային որևէ արգելակ, որևէ կարմիր գիծ ենթադրող նորմերից:
Ճիշտ հակառակը՝ պետական կառավարման ամենաբարձր օղակներում և իշխանությանը սպասարկող քաղաքական ուժերի շրջանում բազմաթիվ են դեմքերը, որոնցից մեկն ուրացել է հարազատին, երկրորդը` ողջ ընտանիքին, երրորդը՝ ծնողին, չորրորդը՝ անվանի եղբոր գործն ու կյանքի իմաստը, մյուսը` սեփական սեռը և այդպես շարունակ…
Այսինքն` Հայաստանի պետական կառավարման համակարգն ու քաղաքական բոմոնդը բաղկացած են, այդ թվում՝ անձանցից, որոնք կյանքի տարբեր փուլերում ուրացել են ամենասուրբն ու նվիրականը, ոտնձգել են տաբուների նկատմամբ: Եվ հիմա նրանք կայացնում են որոշումներ, որոնք ճակատագրական կարող են լինել Արցախի, Հայաստանի, ընդհանուր առմամբ՝ հայկականության համար:
Արդյո՞ք բոլոր այն մարդիկ, ովքեր ոտնակոխ են արել իրենց անձնական, ընտանեկան սրբությունները, վայրկյան անգամ կտատանվեն որոշումներ կայացնելիս, որոնք վտանգելու են մեր հավաքական սրբությունները, Արցախը, Հայաստանը, հայրենիք գաղափարը՝ ավելի լայն իմաստով: Հարցը, ցավոք, հռետորական չէ ամենևին, քանի որ բացասական պատասխանն ավելի քան ակնհայտ է:
Հայաստանի իշխանության մեջ են մարդիկ, որոնց մի մասն անհատապես ուրացել է սեփական եղբորն ու ընտանիքին, մի մասը՝ ծնողներին, երբեմնի գործընկերներին, իսկ բոլորը հավաքականորեն՝ ուրացել են մեր անցյալը, հիշողությունը, հաղթանակներն ու արժանապատվությունը:
Եվ հաղթանակներն ուրացածներն ու պարտությամբ հպարտացողներն այսօր խաղաղություն են մուրում մեր թշնամիներից, աշխարհից, միջազգային հանրությունից… Այդ անիրական խաղաղությունը, հաստատվելու դեպքում անգամ, լինելու է պիղծ խաղաղություն, որովհետև դրա ճանապարհին այն կերտողներն անարգել են բոլոր հնարավոր սրբությունները, քայլել են տաբուների վրայով, պղծել են հիշատակներ ու ավերել են հիշողություններ:
Հայաստանի աղետալի ընթացքը կասեցնելու համար, ի թիվս բազմաթիվ անհրաժեշտ քայլերի, պետք է վերականգնել տաբուների, սրբությունների, ավանդույթների համակարգը, կամ որ նույնն է` պետական կառավարման համակարգից ախտահանել այլասերման բացիլները, որոնք ունեն անուններ ու ազգանուններ, բարձրագոչ պաշտոններ ու կոչումներ, բայց չունեն արգելակներ: Հենց արգելակների բացակայությունն է արագացնում Արցախի ու Հայաստանի սուրացող ընթացքը դեպի անդունդ: