Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում իրականում արձանագրվեցին ոչ թե արդյունքներ, այլ հակաարդյունք։ Խոսքը ոչ միայն, իսկ ավելի ճիշտ, ոչ այնքան՝ ստացված տոկոսների հասցեատերերի անուններն ու ազգանուններն են, քաղաքական բովանդակությունն ու հայհոյախոսությունը, որքան ընտրություններին մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշը՝ 28.5 տոկոս։
Տաբուներ, սրբություններ, ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է, և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին՝ պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը: Հայաստանում հիմա հենց այդպիսի ժամանակներ են: