Բարձրացված կենսաթոշակի միֆը, դրամի ու ռուբլու արանքում հայտնված ծիրանի բերքը
Տնտեսական «ռեկորդներ» արձանագրող կառավարությունն այս տարի դարձյալ բախվել է բերքի իրացման, մթերման խնդիրներին:
Արտահանման ամենաակտիվ շրջանում արժևորված դրամի ու արժեզրկված ռուբլու արանքում է հայտնվել ծիրանի բերքը. այս տարի միրգը մթերողներին, արտահանողներին հասնում է 200, 300 դրամով՝ նախորդ տարվա 600, 700-ի փոխարեն։ Սա բողոքի նոր ալիք է բարձրացրել գյուղատնտեսների մոտ:
Ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման պատճառով 2022 թվականից արտահանողների կորուստների մասին արձանագրումներն իրավիճակային ինչ-ինչ լուծումներից այն կողմ այդպես էլ չանցան:
Ի դեպ, Հայաստանի համար ամենամեծ՝ ռուսական շուկայում հայկական բրենդ համարվող հայկական ծիրանը վերջին տարիներին իր տեղը զիջել է ուզբեկականին, իսկ պատճառը դարձյալ արտահանման պայմանների մրցունակությունն է:
Հիշեցնենք, որ ռուսական ռուբլին վերջին օրերին դրամի համեմատ աննախադեպ անկում է գրանցել. հայկական բանկերն այսօր 1 ռուբլի գնելու համար միջինը 4.08 դրամ էին առաջարկում։
«Մի կողմից ռուբլին էժանացել է՝ պատժամիջոցների և այլ պատճառներից ելնելով, մյուս կողմից՝ դրամն է թանկացել: Այսինքն՝ հիմա ցանկացած հայկական արտադրություն մրցունակ չէ գնային առումով:
Այսինքն՝ մենք ունեցել ենք գնաճ, նաև՝ դրամի աճ դոլարի նկատմամբ, և պարզ է, որ սպասելիքները գյուղացիների շրջանում այնպիսին էին, որ գնման գինը պետք է աճեր՝ մինչդեռ այժմ հակառակն է տեղի ունենում, ու, հետևաբար՝ նրանց մաքուր եկամուտն էլ աճելու փոխարեն՝ նվազում է, նվազում է նաև մրցունակությունը,- անդրադառնալով բերքահավաքի խնդիրներին ու գյուղացիների արձագանքին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ հիշեցմամբ,- Երբ դրամի թանկացման հարցերն ի հայտ եկան, ներկայիս կառավարությունը որոշեց փոխհատուցել ՏՏ ոլորտի համար, որը ևս կորուստներ է կրում, սակայն չփոխհատուցել գյուղատնտեսության համար: Սա հատկանշական հանգամանք է»:
Ի դեպ, տնտեսագետը կառավարության այս առաջնահերթությունների տեսակյունից դիտարկեց նաև կենսաթոշակների վերջին բարձրացումը՝ նկատելով, որ դա իրականում բարձրացում չէ, ու մինչ շեշտը դրվում է ՏՏ ոլորտի վրա, թոշակառուները ստանում են միայն մասնակի ինդեքսավորում:
Գնաճային դրսևորումների պարագայում, ըստ նրա՝ կենսաթոշակի գնողունակությունն այսօր ցածր է. համադրելի գներով թոշակի չափն ավելի փոքր է, քան 2020 թվականին, և նույնիսկ ավելի փոքր՝ քան 2017 թվականին:
«2015-2017 թվականներին թոշակի չափն իրական, համադրելի գներով եղել է նույնը, կամ՝ ավելի բարձր, քան թոշակը կբարձրանար ( 2024 թվականին առավել տեսանելի կլինի, երբ բարձրացումն ամբողջությամբ կազդի, որովհետև 2023 թվականին, միայն կես տարվա տվյալների վրա է ազդում): Դա նույնիսկ ինդեքսավորում չի կարելի համարել. մասնակի ինդեքսավորում է, այսինքն՝ միայն մասնակի է ծածկում գնաճը:
Բացի այդ՝ եթե թոշակը նայենք աշխատավարձի հետ համեմատությամբ, ապա թոշակի հարաբերությունը միջին աշխատավարձի հետ այժմ ամենացածրն է վերջին 20 տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ այս իշխանությունը, որը ձևացնում է իբրև թոշակ բարձրացնող, ուղղակի սուտ է խոսում, և թոշակն իրական չափանիշներով նվազում է:
Վերջին 10 տարվա ընթացքում՝ մինչև այս իշխանության գալը, թոշակի հարաբերությունը միջին աշխատավարձի հետ եղել է մոտավորապես 30-33 տոկոս՝ մեկ երրորդ, այժմ՝ 26 տոկոս է դառնում, իսկ հաջորդ տարի կլինի 23 տոկոս. այսինքն՝ անհավասարությունն աճում է, թոշակների հաշվին բյուջեի ծախսերը նվազեցնում են, շեշտը դրվում է ՏՏ ոլորտի վրա (առանց այն էլ՝ բարձր աշխատավարձ ստացողները ստանում են լրացուցիչ աջակցություն), իսկ թոշակառուները ստանում են միայն մասնակի ինդեքսավորում»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը: