
Փաշինյանի թաքնված վախերը. Դատում է, բայց կդատվի

Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի քայլերի առաջնային դրդապատճառը, իհարկե, քաղաքական է: Եկեղեցու կայուն հեղինակությունը մտահոգում է նրան առաջիկա ընտրություններից առաջ:
Ադրբեջանի բոլոր պահանջներն անվերապահորեն կատարելու պատրաստակամությունն էլ ստիպում է հնազանդվել ոչ միայն այդ երկրի աշխարհիկ, այլ նաև հոգևոր կոչվող իշխանությանը՝ կատարելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված դրա բոլոր հայտարարություններից բխող քայլերը: Քաղաքական այս հաշվարկները հասկանալի են ու բացահայտ:
Սակայն եկեղեցու դեմ փաշինյանական ասպատակության հիմքում կարող է լինել նաև ավելի խորը, ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական շերտ, որը գուցե ընդհուպ հասնում է ենթագիտակցական մակարդակի: Եվ դա շատ ավելի է բացահայտում նրա անձի հակաքրիստոնեական, քան եկեղեցականների դեմ կեղտոտ արշավը: Քրիստոնեական բոլոր պատվիրանները անհաշվելիորեն խախտած Փաշինյանի համար կենսական է «Մի՛դատիր, որ չդատվես» պատվիրանը: Ոչ թե բուն պատվիրանը, այլ դատվելու գաղափարն՝ ինքնին:
Հայաստանին ու հայկականությանը հասցված ողբերգական վնասներից հետո, Փաշինյանը երբևէ կանգնելու է բոլոր դատարանների առաջ՝ քրեական ու քաղաքացիական դատարանի, պատմության դատարանի, Աստծո դատաստանի:
Եվ նա հերթով փորձում է լուծել դատարաններից յուրաքանչյուրի հարցերը: Հայաստանի դատական համակարգը վերածել է տրոյկաների, պատմությունը գրում է «սեփական կետից», իսկ ահա Աստծո դատաստանի հարցին վերաբերվում է՝ որպես իսկական լյուցիֆեր:
Քրիստոնեությունը պատգամում է՝ մի՛ դատիր, որ չդատվես: Նա անում է տրամագծորեն հակառակը՝ դատում է, որ չդատվի: Ահա պատճառներից մեկը, որ այսօր արդեն դատարաններն ու ազատազրկման վայրերը լցված են դատվող հոգևորականներով:
Իհարկե, քաղաքական կեղտոտ հաշվարկներում առջնայինը դրանում թաթախվածների շահերն են, և թվում է՝ ենթագիտակցությունը կարևոր չպետք է համարվի: Բայց այդ շահերը, կեղտոտ շահերը գոյանում են, այդ թվում, իսկ գուցե՝ առաջին հերթին, անմաքուր ենթագիտակցությունից, որից սնվող քայլերը ոչ թե եկեղեցու, այլ հենց քրիստոնեության դեմ պայքարին են սպասարկում:
Հակաեկեղեցական արշավանքով Նիկոլ Փաշինյանը լուծում է մեկ այլ կարևոր խնդիր՝ սպասարկում է հայկականության արժեզրկման, վերացման խնդիրը: Հայաստանը՝ որպես պետություն, ծաղրի առարկա դարձնելուց հետո, աշխարհում հայկականության իդենտիֆիկացիայի գլխավոր կոդը մնացել է քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ազգի հիշատակումը:
Հակաեկեղեցական արշավով ու հանրության ոչ միանշանակ արձագանքով ահա Փաշինյանը ցանկանում է զրոյացնել նաև դա՝ ցույց տալով, որ առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած ազգը թույլ չէր տա իր եկեղեցու հետ անել այն, ինչ անում է ինքը:
Արցախի կորստից/հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանը հեգնանքով հայտարարում է՝ «դեմ էիք իմ քայլերին, հեղափոխություն անեիք»:
Նույնն ասելու է նաև Եկեղեցու դեմ ասպատակությունից հետո՝ «սիրում էիք եկեղեցին՝ հեղափոխություն անեիք»:
Հեղափոխություն անելու, իշխանությունից իրեն հեռացնելու բոլոր քաղաքական ու իրավական ճանապարհները փակած լինելով, որպես իսկական հակաաստված, նա հասարակությանը դրդում է խախտել պատվիրաններից ամենամահացուն ու թաղվել մեղքի մեջ:
Հասարակությունը նյարդով, բայց ոչ գործնականությամբ դեռևս հետևում է՝ ցույց տալով իր իրական քրիստոնեական բնույթը: Գուցե էլի ենթագիտակցորեն:
Հարություն Ավետիսյան