
Ֆրանսիայում ևս մեկ թանգարան են կողոպտել

Ֆրանսիայի Լանգր քաղաքում կողոպտել են Դենի Դիդրոյի թանգարանը, գողացել են 18-19-րդ դարերի ոսկյա և արծաթե մետաղադրամների մի մասը, որոնց արժեքը կազմում է մոտ 90 հազար եվրո։ Տեղեկությունը հայտնում է «Le Figaro»-ն:
Այլ ցուցանմուշներ և արվեստի առարկաներ չեն անհետացել։ Գողերն օգտվել են այն հանգամանքից, որ թանգարանը երկուշաբթի օրերին փակ է լինում, շենք են ներթափանցել հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը:
Իրավապահներն այս հանցագործությունը որակել են «մանրակրկիտ պլանավորված» կողոպուտ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին աղմկահարույց գողություն է տեղի ունեցել Փարիզում։ Հանցագործները ներխուժել են Լուվրի թանգարան` Ապոլոնի պատկերասրահ, և մի քանի րոպեում գողացել 9 թանկարժեք իրեր։ Նախնական գնահատականով՝ գողոնի արժեքը 88 մլն եվրո է։