Փաշինյանը փնտրում է կոնսոլիդացիա կամ ապաստան Արևմուտքում. մանևրելու, պատասխանատվությունն իր վրայից գցելու ժամանակը սպառված է. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ինչ խնդիր ասես՝ այդ քննիչ կամ հետաքննիչ հանձնաժողովը հետապնդում է, բացի պատերազմի իրական հանգամանքները և պարտության պատճառները պարզելուց։
  • Պարզվում է՝ կա մի արտոնյալ, որ իր մասնակցությունն իր PR-ի համար է օգտագործում․բնականաբար, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա մի նպատակ ուներ՝ մեղավոր դարձնել բոլորին, բացի իրենից։
  • Նիկոլի շոուն ներքին սպառման շոու էր․ վստահ եմ՝ որոշ մասով հասնում են արդյունքի։ Նրա խոսքը շատ պրիմիտիվ է, լյումպեն զանգվածի համար, որին չեն հետաքրքրում դիվանագիտական նրբությունները։
  • Ինքը գիտի, որ ոչ մի ռացիոնալ մտածող, էքսպերտային, քիչ թե շատ նորմալ կրթություն ունեցող լսարանի առաջ հաջողություն ունենալ չի կարող, ու դա իրեն պետք էլ չէ։ Նա խոսում է իր լյումպեն ընտրողի հետ։ Նա խայծ է նետում․ իր ընտրողը պիտի ունենա թշնամի՝ թշնամու կերպար։ Այդ զանգվածն ամեն օր կեղծ «լուրեր» է նայում, օրինակ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ջախջախել Էրդողանին ու Ալիևին, ընդ որում՝ մի հայացքով, ոնց է Ալիևն ինֆարկտ ստացել։ Ու ոչինչ, որ Իլհամ Ալիևը հաջորդ օրը շատ առողջ տեսքով է հանդես գալիս…

  • Իրենց գլխավոր խնդիրն ուղեղների լվացումն է, և դրան հասնելու միջոցները որևէ կապ պիտի չունենան տրամաբանության հետ։
  • Փաշինյանն ընդհանրապես կարիք ունի իր ձախողումների, իր քաղաքականության համար ինչ-որ հեղինակությամբ պաշտպանվելու, ու դրա համար նա, չգիտես ինչու, ընտրել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է ամբողջ հանրությանն իրավիճակն այնպես ներկայացնել, թե իբր շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի գործը։
  • Փաշինյանը մերժեց խաղաղությունը, գնաց, ջարդվեց, ու հիմա ջարդված բանակով «խաղաղության պայմանագիր» է փորձում ստորագրել՝ արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրանքով։
  • Հիմա ինքը փորձում է համեմատվել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ու դրա համար օգտագործում է նաև նախկինում մեր որոշ թիմակիցների, օրինակ, Վահագն Խաչատրյանին։ Նրա՝ նախագահ նշանակվելը հենց այդ նպատակն ուներ, և Վահագն Խաչատրյանը շատ ամոթալի կերպով կատարում է այդ դերը։
  • Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը, այլք գնացին ու պաչեցին Նիկոլ աջը։
  • Շատ ստոր, կեղտոտ հնարքներ են, որի նպատակն այն էր, որ մեր ժողովրդին ապացուցեն՝ իբրև թե Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի արածը նույն բանն է, մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության օրակարգը հաղթողի դիրքերից էր, Փաշինյանինը՝ կապիտուլյացիայի։
  • Որևէ հայ ղեկավար երբևէ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս․ առաջինը դա արել է Նիկոլ Փաշինյանը, ու դա հաստատել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը.
  • Ահավոր է, թե ինչքան ոչ ադեկվատ է Փաշինյանն ընկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի տեքստերը։ Ասում է՝ գրված է, որ տարածքներն օկուպացված են։ Ախպե՜ր, տարածքներն օկուպացված են, բայց ո՞ր տարածքները..․Այդ տեքստերում շատ հստակ ասված է, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն որ տարածքների գրավումն է համարում օկուպացիա։ ԼՂ հայերը չէին կարող օկուպացնել իրենց տարածքները․ պարզ է, որ խոսքը գնում է ԼՂ տարածքից դուրս տարածքների մասին։
  • Մի կողմից՝ ես հասկանում եմ, որ Փաշինյանի ինտելեկտուալ կարողություններն այնքան ցածր են, որ նա կարող էր չհասկանալ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի բովանդակությունը։ Բայց նաև նա դա անում է դիտավորյալ։ Իր չհասկանալն ունի մոտիվացիա։ Չի հասկանում, բայց չի հասկանում, որովհետև իրեն պետք չէ հասկանալ։
  • Եթե Փաշինյանը համարձակություն ունենար օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը մինչև պատերազմը, ու հիմա՝ պատերազմից հետո ասեր՝ գնում ենք կապիտուլյացիայի, դրան, իհարկե, չէի համաձայնի, բայց գոնե կհարգեի պետական գործչի նրա կեցվածքը։ Բայց ինքն այդ տղամարդկությունը չունի՝ ժողովրդին ներկայացնելու ճշմարտությունը։ Ինքը գիտի, որ առաջին հայ ղեկավարն է, որ զիջում է Ղարաբաղն ու ՀՀ ինքնիշխանության էլեմենտները, ու ամեն ինչ անում է իր վրայից դա գցելու համար։
  • Ես համարում եմ, որ ընդամենը մեկ հարց պիտի տրվի Նիկոլ Փաշինյանին, որը համառորեն նրան չի տրվում, որի համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա: Հարցը հետևյալն է. 2019թքո սեղանին դրվել է ԼՂ հակամարտության կարգավորման պլան Մինսկի խմբի 3 համանախագահների անունից, որի էությունը հետևյալն է՝ հետ ես տալիս 5 շրջան, պահում ես Լեռնային Ղարաբաղը, Քելբաջարն ու Լաչինը պահում ես քո վերահսկողության ներքո, Քելբաջարն ու Լաչինի միջանցքային մասը տալիս ես միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ընդունում է, համաձայնում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, ինչը նշանակում է՝ երբեք էլ հետ չես տալիս, որովհետև Ադրբեջանը չէր կարող գնալ այնպիսի զիջումների… կամ եթե ավելի կարևոր էր Քելբաջարը հետ ստանալը, հետո արդեն պիտի գնար անկախության ճանաչմանը: Այդպիսով, քեզ բերել են փայլուն լուծում, էդ լուծումը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում չի անում, որևէ բան չի տալիս, բայց տալիս է կարևորագույն գործիք՝ ազդելու Ադրբեջանի վրա, որ դու կարողանաս այդ կարգավիճակը մի օր ստանաս: Դա նշանակում է, որ ամբողջ Ղարաբաղը, Քելբաջարը պիտի շրջապատվեին խաղաղապահ զորքերով, ոչ թե հիմիկվա նման: Բայց դու փոխարենը անում ես 2 քայլ՝ քայլ առաջին. դու խաբում ես ամբողջ ժողովրդին, ասում ես, որ ոչ մի փաստաթուղթ սեղանի վրա չկա: Ինչո՞ւ:

Կարդացեք նաև

Քայլ երկրորդ՝ ինքը ոչ միայն մերժում է այդ պլանը, անգամ չի փորձում բանակցել, ըստ էության հրաժարվում է բանակցությունից: Հիմա գլխավոր հարցը՝ Փաշինյան, 2019-ին դու ունեցել ես պատմական շանս՝ ստանալու մեզ համար ընդունելի լուծում՝ պահպանելու հազարավոր կյանքեր, պահպանելու հպարտ Արցախ և հպարտ Հայաստան, հաղթական դիրքերից կնքելու հոյակապ խաղաղություն: Դու ինչո՞ւ ես դա մերժել: Բայց ինքը խուսափում է այդ հարցի պատասխանից:

  • Ես այդ մարդուն ճանաչում եմ, տեսնում եմ նրա սահմանափակությունը, գիտեմ բնավորության գծերը։ Ինքը պրիմիտիվ դատողության տեր մարդ է։ Ես կարծում եմ՝ ինքն անկեղծ հավատացել է, որ «դուխով» կարող է անել ամեն ինչ… Դա Փրկչի հավատն է իր անձի նկատմամբ։
  • Դուք Նիկոլին լավ չեք ճանաչում․ ինքն ընդհանրապես համարում է, որ Հայաստանում պատմությունը սկսվում է 2018թ.-ից, իր անձով։ Հավատացե՛ք ինձ՝ այդ մարդու դատողությունն այդքան պրիմիտիվ է։ Ինքը նախ դիվանագիտությունից ընդհանրապես ոչինչ չի հասկացել, երբեք չի սիրել ու առանձնապես երբեք չի էլ խորացել դրա մեջ, բայց երբ որպես երկրի ղեկավար՝ ստիպված է եղել մտնել դրա մեջ, պրիմիտիվ կերպով ասել է՝ քշենք առաջ, դուխով, ու կհաղթենք։
  • Ես ինֆորմացիա ունեմ, որ ինքը վստահ է եղել, որ միջազգային հանրությունը պատերազմ թույլ չի տա, բայց եթե թույլ էլ տա՝ կքշենք մինչև Թուրան։
  • Ինքն այժմ արդեն որևէ հարց չի լուծում իր հերոսացման, Տիգրան Մեծ դառնալու հետ կապված․ Տիգրան Մեծի կարիերան նրա համար ավարտվել է։ Հիմա ինքը զբաղված է ուրիշ բանով․ պիտի ստանա ապաստան ու արդարացում։ Ու նա պետք է ապաստան փնտրի Արևմուտքում։ Կտա Արևմուտքը նրան այդ ապաստանը։
  • Իր քայլերն ադեկվատ չեն։ Էս վիճակում թշնամանալ Ռուսաստանի հե՞տ… Չգիտեմ՝ ինչ քաղաքագիտական հաշվարկների տեր պիտի լինես, որ նման բան անես։
  • Ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե այս պատերազմում ինչեր կլինեն․ Ռուսաստանը կարող է դեռ հաղթող դուրս գալ այդ պատերազմից։

  • Այս կատաստրոֆիկ իրավիճակում, երբ ունենք գիշատիչ հարևաններ, մեզ պետք են դիվանագիտության արտառոց միջոցներ՝ ուղղված բոլոր խաղացողներին։
  • Խոսակցությունը եղել է 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին դիմեցին ղարաբաղցիները և ասացին, որ գնում է բանակի ջախջախում և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որ մենք ընդունենք լավրովյան պլանը վաղ շրջանում, որ նվազեցնենք կորուստները: Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, առաջարկեց կազմակերպել հանդիպում Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ հարցադրումը եղել է հետևյալը՝ Փաշինյանը վախենում է գնալ զիջումների, ընդունել խաղաղության պլանը, որովհետև մտածում է, որ դրանից կօգտվեն իր քաղաքական հակառակորդները: Եթե դա է խնդիրը, և եթե պետք է գնալ նվազագույն կորուստներով խաղաղության, Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց, որ երեք նախագահներն աջակցեն Փաշինյանին՝ գոնե հնարավորինս նվազագույն կորուստներով գնալ խաղաղության կնքման: Որոշումն ընդունվեց, մշակվեցին տեքստեր: Հայաստանի 3 նախագահները պետք է իրենց աջակցությունը հայտնեին Փաշինյանին, բայց Փաշինյանը մերժեց:
  • Փաշինյանը պատրանքներով էր ապրում, որ կարող է բեկում մտցնել պատերազմի մեջ, հակահարձակումով հասնել նրան, որ իր Տիգրան Մեծի կարիերան վերականգնի: Իրենք մտածել են, որ կկոտրեն պատերազմն ինչ-որ ուղղությամբ:
  • Ինչո՞ւ երկրորդ անգամ Փաշինյանը մերժեց երեք նախագահների առաջարկը և ասաց՝ ես ինքս գիտեմ՝ ինչ եմ անելու:

Սաթիկ Սեյրանյան- ԱԺ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համառորեն Նիկոլ Փաշինյանից փորձում էր կորզել այն հարցի պատասխանը, թե ինչ կլիներ, եթե 2018-ից հետո երեք նախկին նախագահներն իրեն առաջարկեին օգտագործել բարձր լեգիտիմությունը և լուծել հակամարտությունը: Անդրանիկ Քոչարյանը հարցրեց Փաշինյանին. «Եթե երեք նախագահները ձեզ դիմեին, որ միասնաբար գնանք ճիշտ ճանապարհով՝ ինչ կլիներ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ չգիտեմ:

Ե՞րբ են երեք նախագահները միասնաբար դիմել, ի՞նչ պատասխան են ստացել:

Լևոն Զուրաբյան- Դա երեսպաշտություն է, և դրա հետևում թաքնված է մի բան՝ իրենք հիմա ավելի վատ վիճակում են և ինչ-որ ակնարկ են անում, որ գուցե նման համագործակցությունն իրենց համար հիմա ընդունելի է: Մանևրելու տարածքը Փաշինյանի համար ավարտվում է: Պատասխանատվությունն իր վրայից գցելու ժամանակը սպառված է: Միջազգային հանրության ճնշումները կարող են բերել նրան, որ արդեն ժամանակն ավարտվում է, ու հիմա չի բացառվում, որ Փաշինյանը փնտրում է կոնսոլիդացիա։

  • Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ճարահատյալ վիճակում, փրփուրից է կախվում։ Թուրքիայի նախագահ Էրդողանին Կուրբան-Բայրամի առիթով նրա շնորհավորելը, նրա ռևերանսները նպատակ ունեին խնդրել Էրդողանին, որ նա զսպի Ալիևին։ Բայց Թուրքիան և Ադրբեջանն ունեն մեծ պրոյեկտ, ու չեն հրաժարվելու ո՛չ Ղարաբաղից, ո՛չ Զանգեզուրի միջանցքից։
  • ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Վաշինգտոնյան հանդիպման մասին ներքին սպառման համար էր, որ՝ տեսեք, մենք մեզ հուզող հարցերը բարձրացրել ենք..․Ե՞վ..․Էդտեղ բանակցային փաստաթուղթ չկար․ դա պրոպագանդիստական ռելիզ էր ՀՀ պատվիրակության համար։ Էնտեղ կարող են հազար ու մի բան խոսել, մեզ էլ հազար ու մի բան ասել, որոնցից պարզ չէ՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։
  • Զանգեզուրի միջանցքի հարցը քննարկվել է նաև 1991թ․ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի հետ։ Այն ժամանակ ռուսները դեմ էին։ Հիմա կողմ են, բայց իրենց վերահսկողության տակ։ Դա լավ հնարավորություն է ՌԴ-ին՝ տարածաշրջանում գերակայություն ունենալու համար։ Հիմա մտածում են, որ դա խափանվի՝ լավ է, բայց չեն հասկանում, որ խափանվեց, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունն անցնելու է ռեգիոնի նոր տերերի՝ Թուրքիայի ձեռքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս