«Նախկին նախագահները երբեք չեն բանակցել, որպեսզի Արցախն ամրագրվի Ադրբեջանի կազմում. Բորելը բացահայտ ասաց, սա էլ հո մե՞նք չենք ասում. Փաշինյանը խաբել է». Արմեն Ռուստամյան

«Ասում է՝ ինչո՞վ է տարբերվում ճշմարտությունը ստից, սուտը ժամանակի փորձությանը չի դիմանում, իսկ ճշմարտությունը որքան էլ հերքեք՝ ավելի է հաստատվում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարարությանը, թե ՀՀ բոլոր իշխանություններն էլ մշտապես Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում և վարել են նման բանակցություններ։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրենք իշխանության մեջ են եղել նախկինում, գիտեն, որ նման բան չի եղել։
«ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները երբեք չեն վարել բանակցություններ, որպեսզի Արցախն ամրագրվի Ադրբեջանի կազմում, նման բան չի եղել։ Եկավ Նիկոլ Փաշինյանը և բոլորիս խաբեց՝ ասելով, թե իրենից առաջ է նման բան եղել, ստորագրել են, այս են արել, և այլն։ Մենք գիտենք, որ նման բան չկա, Բորելը բացահայտ ասաց, սա էլ հո մե՞նք չենք ասում։

Բորելը ճիշտ է ասում, ինստիտուցիոնալ հիշողություն գոյություն ունի, ԵՄ-ն հո հետևե՞լ է այս ամբողջ գործընթացին, և իսկապես որևէ մեկը չի կարող փաստել, որ որևէ բան ստորագրվել է, որ Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի կազմում։ Միակ մարդը, որը ստորագրություն է դրել, որտեղ Ղարաբաղն առհասարակ չկա, որպես կողմ գոյություն չունի, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նոյեմբերի 9-ի ստորագրությունն ամբողջովին վերաբերում է Ղարաբաղին, բայց Ղարաբաղ չկա»,- նշեց Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունիսի 13-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է, որ «Երկու կողմերն էլ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ և, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում։ Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով։ Դա միանգամայն միանշանակ էր»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս