Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի դեմ ԿՀՎ-ի և ՄԻ-6-ի կողմից օգտագործվող բութ գործիք է. Արտաշես Գեղամյան

Օրեր առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Բացի այդ, Դատարանը նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել։

«Այսօր` 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում առկա իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել»,- ասված էր Դատարանի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի կառավարությունը անցած տարվա վերջին նիստում էր որոշել փաստաթղթի վավերացման գործընթաց սկսել։ Որպես հիմնավորում՝ նշվել էին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։

Եվ ահա, Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումից գրեթե անմիջապես հետո ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանի երեք դատավոր՝ Հրայր Թովմասյանը, Երվանդ Խունդկարյանը և Արայիկ Թունյանը, հատուկ կարծիք են հայտնել, ինչը նշանակում է, որ համաձայն չեն որոշման հետ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը և մերձիշխանական շրջանակները ակտիվ քարոզչություն են իրականացնում՝ նշելով, որ այդպիսով Հայաստանը քրեական օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար: Ավելին, ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը, հայտարարել էր. «Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի Պուտինը չգա Հայաստան: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»:

Նշենք, որ ՍԴ-ում փաստաթղթի սահմանադրականությունը որոշելուց հետո Հռոմի կանոնադրությունը կամ ստատուտը դեռ պետք է վավերացվի ԱԺ-ում: Դեռ հայտնի չէ, թե հարցը երբ կքննարկվի Ազգային ժողովում, բայց  խորհրդարանականների հատկապես ընդդիմադիր թևը պատրաստվում է լուրջ պայքարի:

Ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, ինչ հետևանքներ կունենա Հայաստանի և Արցախի լարված այս իրավիճակում, և առհասարակ՝ Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական ինչ խաղերի մեջ է ներքաշում Արցախը և Հայաստանը, ովքե՞ր են շահառուները նրա այս գործողությունների:

«Ռեվյու» հաղորդաշարում Սոնա Մելոյանի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է:

«Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի դեմ ԿՀՎ-ի և ՄԻ-6-ի կողմից օգտագործվող բութ գործիք է»,- նշել է Արտաշես Գեղամյանը՝ մանրամասնելով սպասվող մարտահրավերները և Նիկոլ Փաշինյանի հակահայկական այլ գործողությունների հետևանքները:

Մանրամասները՝տեսանյութում

ՍՈՆԱ ՄԵԼՈՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս