«Մենք ունենք նոր իրավիճակ. պետությունը պետք է հասկանա՝ ինչպես պետք է փոխել կառավարման մոդելը». Ռուբեն Վարդանյան
Օրական առնվազն 753 միլիոն դրամ՝ շուրջ 1.9 մլն դոլար. շրջափակման հետևանքով առնվազն այսքան են կազմում Արցախի ֆինանսատնտեսական կորուստներն օրական:
«Շրջափակման հետևանքով Արցախի կորուստները. գնահատման զեկույց»-ն է ամբողջացրել այս և այլ թվային տեղեկություններ լայն շրջանակների, այդ թվում՝ միջազգային հանրության համար:
Զեկույցն անհատույց պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Արամյանը շեշտեց՝ որքան երկար տևի շրջափակումը, այնքան զեկույցում տեղ գտած ցուցանիշներն աճելու են:
«Զեկույցի սեփականատերն արցախցին է, բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգ են արցախցու ճակատագրով, իսկ սպառողը պետք է լինի ամբողջ աշխարհը, որովհետև երբ խոսում ենք հումանիտար ճգնաժամի, խնդիրների մասին, այլազգի պաշտոնյայի համար դա դեռևս ինֆորմացիայի հոսք է, եթե դա չենք վերածում ինչ-որ չափողականության»,- պարզաբանեց նա՝ մանրամասնելով, որ աշխատանքային թիմը գնահատել է ոչ միայն տնտեսական ծախքերը, այլև՝ սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը:
Ըստ զեկույցի՝ երկու ամիսների կտրվածքով արդեն իսկ Արցախին պատճառվել է 52 միլիարդ դրամի կամ 132 միլիոն ԱՄՆ դոլարի չափով տնտեսական վնաս, հաշվարկվել է նաև, որ տնտեսության տոտալ փակման ու ձեռնարկությունների գործունեության դադարի հետևանքով գործազուրկ կդառնա շուրջ 16.2 հազար մարդ:
«108 օր է արդեն, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Շրջափակումը, իսկապես, Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա թողել է իր բացասական հետևանքները: Եվ այդ ազդեցությունն ուղղակի կարող ենք քայքայիչ անվանել»,- հավելեց ԱՀ նախկին պետնախարար, «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ հանրության լայն շրջանակներին հասու կլինի զեկույցն ու այն իրողությունները, որոնք ամփոփում է զեկույցը: Ի դեպ, Գրիգոր Մարտիրոսյանը ևս մասնակցել է զեկույցի ստեղծմանը:
«Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իրականացվող ուսումնասիրությունները կարևոր է համարում նոր իրավիճակը հասկանալու և նախապատրաստվելու տեսանկյունից՝ նկատելով. «Մենք ունենք նոր իրավիճակ, երբ պետությունը ոչ միայն պետք է աջակցի, այլ պետք է հասկանա, թե ինչպես պետք է փոխել կառավարման մոդելը»:
«Շրջափակման առաջին օրվանից մենք փորձում էինք ոչ միայն օպերատիվ կերպով արձագանքել խնդիրներին, որոնք կանգնած էին մեր առջև, այլև հասկանալ իրավիճակը երկարաժամկետ,- զեկույցի կարևորությանն անդրադառնալով՝ նշեց Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով,- Աշխարհին պետք էր ներկայացնել, որ սա ոչ միայն սննդի և էլեկտրաէներգիայի խնդիրն է, այլև ընդհանուր՝ հասարակության, պետության ամեն օրվա կյանքի, ապագայի հետ կապված ճգնաժամ է, որն ավելի խորքային է»:
Նախկին պետնախարարը տեղեկացրեց նաև, որ այս համատեքստում արվել են նաև այլ աշխատանքներ, այդ թվում՝ հարցումներ: