«Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու և սխալ թիրախներ ընտրելու մեղադրանքից մինչև դիֆերամբներ մեկ քայլ է
Երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը գնացել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:
Մոտ 6 ժամ տևած փակ հանդիպումից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, առանց փակագծեր բացելու, ասել է, թե ինչ հարցեր են քննարկվել՝ պատերազմից առաջ բանակի վիճակ, սպառազինության, կադրային համալրում, աշխարհազորի լինել-չլինել, պատերազմական առանձին դրվագներ, այդ թվում՝ Շուշիի պաշտպանության հետ կապված:
Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը շարունակություն է ունենալու: Իսկ առաջին հանդիպմանը ԳՇ նախկին պետը ներկայացել է իր վերլուծություններով:
Լրագրողների հարցին՝ Օնիկ Գասպարյանի կարծիքով՝ պարտության մեղավորն ո՞վ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է, որ գեներալ-գնդապետը պնդել է, թե ապագայում բանակն ինչ խնդիրների վրա պետք է կենտրոնացած լինի, որպեսզի այսպիսի անհաջողությունների կամ պարտությունների երբեք չառնչվի:
Այսինքն, Օնիկ Գասպարյանը մնացել է իր որդեգրած «գծի մեջ», երբ կապիտուլյացիայի ստորագրումից հետո հատուկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» համար ասել էր՝ Նիկոլ Փաշինյանը միանձնյա չի որոշել ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը:
«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասել էր գեներալ Գասպարյանը «Հայկական ժամանակին»:
Ավելի ուշ, որպես ԳՇ պետ, Օնիկ Գասպարյանն առանձին ուղերձ էր տարածել, որտեղ նույն միտքն էր կրկնել, ըստ էության՝ պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև, նախընտրել ենք շատ վատը:
Միաժամանակ, Օնիկ Գասպարյանն ուշագրավ հայտարարություն էր արել, որ պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Հետաքրքիր է, որ գեներալ Գասպարյանի այս հայտարարությունը 4 ամիս աննկատ մնաց իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից:
Ավելին, 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը չէր հերքել այն, որ պատերազմի 4-րդ օրն առաջարկվել է կանգնեցնել պատերազմը:
Արդեն իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր խոսքից, երբ ակտիվացել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանը ստում է, առաջին անգամ պատերազմը կանգնեցնելու առաջարկ արվել է 2020-ի հոկտեմբերի 19-ին, որին ևս ականջալուր չեն եղել:
Այս թեմային բազմիցս անդրադարձել ենք, ուստի այս հրապարակման մեջ շեշտը սրա վրա չենք դնի, հատկապես, որ հոդվածի նպատակը սա չէ:
Իսկ լրագրողները Անդրանիկ Քոչարյանին հիշեցրել էին նաև Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի նախընտրական շրջանում արած հայտարարությունը, թե՝ «Օնիկ Գասպարյանը դեռ պիտի պատասխան տա, թե զորքերն ինչո՞ւ են ուշացումով Շուշի հասել»:
Քննիչ հանձնաժողովի նախագահը լրագրողներին ասել է, որ այս հարցը շոշափվել է:
«Հարցը հնչել է, պատասխանը ստացել ենք, պատասխանի հետ կապված այլ հարցեր են առաջացել, որը մենք կշարունակենք հաջորդիվ պարոն Գասպարյանի հետ մեր հանդիպումներում»,- ընդգծել է Քոչարյանը:
Հակադարձմանը՝ դա Գասպարյանի բացթողո՞ւմն է եղել, թե՞ եղել են օբյեկտիվ պատճառներ, Քոչարյանն արձագանքել է. «Հենց այդ հարցերի պատասխանն է, որ մենք փնտրում ենք»:
Նշենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրանք է առաջադրված ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ում կալանքի ժամկետն իշխանությունները լրանալուն պես երկարացնում են:
Օնիկ Գասպարյանի հետ փակ հանդիպումից հետո Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցում ուշագրավ էին ԳՇ նախկին պետին ձոնված դիֆերամբները:
Քոչարյանը նախ նշել է, թե ոչ մեկը Գասպարյանի չափ ավանդ չունի Զինված ուժերում, գիտելիքներով էլ չի կարող մրցել, այնուհետ ափսոսանք է հայտնել, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր։
«Եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլինեինք: Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում: Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց իր զինվորականի պահվածքը, և այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ Գասպարյանի կարիքը զգում է: Կարծում եմ՝ ինքը իր գիտելիքներն ու ինֆորմացիան կիսում է նախաքննական մարմնի հետ»,- շեշտել է Քոչարյանը:
Այո, գեներալ Գասպարյանը բավականաչափ ավանդ ունի Զինված ուժերում, փորձառու զինվորական է, հեռու է քաղաքականությունից կամ քաղաքականացված զինվորական չէ, բայց նրա հնարավոր վերադարձը չի փրկելու բանակը, մեծ հաշվով, այսօր առավել, քան երբևէ:
Փոխարենը՝ ինքը սեփական հեղինակությանն է վնասելու: Գուցե Օնիկ Գասպարյան զինվորականի կարիքը ունի բանակը, բայց ադեկվատ որոշումներ կայացնելու ոչ ունակ և իր զինվորական պատիվը վարկաբեկած Նիկոլ Փաշինյանի հետ ինչպե՞ս է հնարավոր նորից աշխատել:
Արտակ Դավթյանը երկու անգամ ԳՇ պետ նշանակվեց, այսօր քրեական գործով է անցնում, թեպետ ազատության մեջ է: Գեներալ Արայիկ Հարությունյանին էլ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումներից հետո 2-րդ բանակային կորպուսի հրամանատարից դարձրին ռազմական հետախուզության ղեկավար, այսօր կալանավորված է և մեղադրվում է հրամանատարական անգործության մեջ, որի արդյունքում Ադրբեջանի զինուժը կարողացել է ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:
Չմոռանանք, որ 2021 թվականի ապրիլին, երբ Փաշինյանը և նրա թիմը պնդում էին, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի, ինքը՝ Օնիկ Գասպարյանն արձագանքել էր.
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները՝ հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով»:
Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում գեներալ Գասպարյանը շեշտել էր.
«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:
Հետաքրքիր է՝ ԳՇ նախկին պետն այսօր նույն կարծիքի՞ն է, թե՞…
Մյուս կողմից՝ Օնիկ Գասպարյանի հաջող համագործակցությունը Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի հետ զարմանալի չէ, քանի որ 2021 թվականի ապրիլի 16-ին ինքն էր դիմել ԱԺ և այդ ժամանակ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների ղեկավարներին՝ անհապաղ նախաձեռնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։
Գուցե Գասպարյանն այդ ժամանակ հույս ուներ, որ ԱԺ ընտրություններից հետո այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին, ինչը տեղի չունեցավ: Սակայն, ինչպես կարելի է ենթադրել Անդրանիկ Քոչարյանի խոսքից, Օնիկ Գասպարյանն այսօր բնավ կաշկանդված չի եղել առանց ընդդիմության փակ հանդիպմանը պատասխանել իշխանության ներկայացուցիչների հարցերին:
Ի դեպ, Օնիկ Գասպարյանի հետ հեռակա բանավեճի օրերին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:
«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:
Գեներալ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հերքել էր ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը: «Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտել էր ԳՇ նախկին պետը:
Թերևս, Օնիկ Գասպարյանը հենց այս վերլուծությունն է հետը տարել ԱԺ:
Վերադառնալով Օնիկ Գասպարյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի դիֆերամբներին և դրանց, այսպես ասած, ուշագրավ լինելուն, հիշեցնենք, որ անցած տարի նույն Անդրանիկ Քոչարյանը Գասպարյանին մեղադրում էր պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան հաստատելու համար:
«Քննիչ հանձնաժողովի ձեռքում է գտնվում Օնիկ Գասպարյանի կողմից հաստատված «Իսկանդերի» կիրառման պլանը, որը բացարձակ չի համապատասխանում իր ասածին: Ընդ որում, դա ստորագրված է նույն Գասպարյանի կողմից, տվյալ փաստաթուղթը կազմել է իր տեղակալ Տիրան Խաչատրյանը, իր օպերատիվ վարչության պետը: Իսկ էդ պլանը, որ ներկայացնենք, երբ մասնագետները նայեն, կտեսնեն, որ Օնիկ Գասպարյանը կամ չի հասկացել՝ ինչ է հաստատել, որովհետև տվյալ սպառազինությունը նախատեսված էր լրիվ այլ հարվածային գործողության և այլ թիրախների համար: Իսկ ինքը թիրախներն ընտրել էր շատ անհասկանալի վայրում և անհասկանալի հեռավորության վրա»,- լրատվամիջոցներին ասել էր Անդրանիկ Քոչարյանը:
Օնիկ Գասպարյանն այս մեղադրանքներն անպատասխան էր թողել, փոխարենը՝ 168.am-ի հետ զրույցում դրանց արձագանքել էր ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ ասելով.
«Այդ արտահայտություն անողը, թե ով է պլանավորում, ով է պլանը հաստատում, ով է կիրառման թույլտվություն տալիս, բացարձակ անգրագետ է, գոնե ռազմական ասպարեզում: Որովհետև, եթե զրոյից մի փոքր բարձր տեղեկացված լիներ, էդ հիմարությունները դուրս չէր տա: Իսկ ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետին կամ ինձ, երևի էդ ձևով մեզ ինչ-որ բա՞ն են ուզում ասել»:
Ի դեպ, դեռ պարզ չէ՝ Տիրան Խաչատրյանը կգնա՞ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողով, թե՞ ոչ: Մինչ այս նա բազմիցս հայտարարել է, այդ թվում՝ մեզ հետ զրույցում, որ երբ լինի անկողմնակալ, արդար քննող հանձնաժողով կամ ինչ-որ խումբ, ապա պատրաստ է բոլոր մանրամասներով, բացատրություններով ներկայացնել:
«Մենք հիմա քննչական վարչությունում շատ հարցերի պարզաբանումներ տալիս ենք, որովհետև ինչ-որ գործի հետ կապված նյութը, որը պետք է ընթացք ստանա, դրան պետք է ծանոթ լինեն փաստաբանները: Եվ այդ առումով որոշակի օբյեկտիվություն կարող է լինել: Իսկ այն հանձնախումբը, որը ղեկավարում են ոչնչի չտիրապետողները, կամ մարդիկ, որոնք ընդամենն իրենց տեղի համար են վեր ընկած, դրանց հետ խոսելու բան չկա»,– 168.am-ին ասել էր Խաչատրյանը:
Օնիկ Գասպարյանը փաստորեն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նախընտրել է համագործակցել ժամանակին իր ասած՝ «բարոյազուրկ ստախոս» իշխանության ներկայացուցիչների հետ, գուցե անգամ հոգու խորքում նրանց համարելով ռազմական գործին չտիրապետող: Բայց գուցե նաև գնահատականները փոխվե՞լ են, ուստի համաձայնել է առնվազն ևս մեկ անգամ հանդիպել քննիչ հանձնաժողովի հետ:
Իսկ գուցե Անդրանիկ Քոչարյանի՝ Գասպարյանի դեմ անցած տարվա արշավը անվտանգ շոո՞ւ էր: Կամ՝ միգուցե Քոչարյանի դիֆերամբները՝ Օնիկ Գասպարյանին ձոնված, հաշվարկված քա՞յլ է՝ ազդելու նրա հեղինակության վրա, կամ դա ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի նկատմամբ ժամանակին ունեցած վերաբերմունքի տրամաբանության մե՞ջ է: Ժամանակը ցույց կտա:
Հիշեցնենք, որ ժամանակին Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016-ի պատերազմական գործողություններում:
Անդրանիկ Քոչարյանի այս և այլ հայտարարություններին 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը 168.am-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր.
«Պարոն Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն՝ մշտապես խանգարել է ԶՈւ-ին, ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք․ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին։
Ընդամենը մի կարճ ժամանակամիջոց զբաղեցնելով Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ նա իրեն համարում է խոշոր ռազմական գործիչ, որը քաջատեղյակ է երկրի անվտանգության համակարգից։ Փառք Աստծո, որ ավելի բարձր պաշտոն ՊՆ-ում չունեցավ։ Իսկ որտե՞ղ էր այդ անձը պատերազմական այս օրերին։
Եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում, կամ, լավ, գոնե առաջնագծից 10-15 կմ հեռավորությունից չղեկավարեց մեր զորքի շարժը և իր ռազմական գիտելիքներով և փորձառությամբ չկանխեց նահանջը կամ պարտությունը։ Թող լիներ առաջնագծում, հետևեր, թե ինչպես են ընթանում գործընթացները, ուղղորդեր՝ հաշվի առնելով Ապրիլյան պատերազմի դասերը․ չէ՞ որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է։
Հիմա էլ խոսում է թերացումների մասի՞ն։ Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն։ Հետաքրքիր է՝ իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի պարոն Քոչարյանին 44 օրվա պատերազմը վերլուծելու համար»:
Արտակ Դավթյանն առաջարկել էր հրապարակել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին տված իր պատասխանները (տեսաձայնագրությունը՝ առանց մոնտաժի), ինչպես նաև այս տարվա սկզբին իր հանդիպումը ԱԺ-ում՝ կապված ԶՈւ-ում զոհերի, ինքնասպանությունների հարցերի հետ։ Ավելին, նա հորդորել էր, որ ԶՈւ-ից խոսեն այն մարդիկ միայն, որոնք հասկանում են պահը, ստեղծված իրավիճակն ու տիրապետում են իրավիճակին, տիրապետում են սպառազինությանը և դրա կիրառման նրբություններին: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանի գովաբանությունն առ Օնիկ Գասպարյան, կարող է Արտակ Դավթյանի նկատմամբ հակակրանքից լինել:
Ի վերջո, Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնում փոխարինել է Արտակ Դավթյանին, իսկ Օնիկ Գասպարյանի՝ իրավունքի ուժով պաշտոնազրկումից հետո ԳՇ պետ է նորից դառնում Արտակ Դավթյանը:
Ի դեպ, պատերազմի օրերին, ըստ մամուլի հրապարակումների, «Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ջանքերով է այդ փորձերը կանխվել։
Մասնավորապես, կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։
«1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։
Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով», և այլն:
Ինչևէ, սպասենք Օնիկ Գասպարյանի հաջորդ այցին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Իսկ գուցե Անդրանիկ Քոչարյանը որոշի, որ նաև Արտակ Դավթյանին պիտի հարցաքննի՝ նախքան պատերազմը եղած բանակի վիճակի համատեքստում: