Ինչու է Անդրանիկ Քոչարյանը հիշել Օնիկ Գասպարյանին՝ մոռանալով «անթույլատրելիության» սկզբունքի մասին
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին մի քանի օրերին դաշտ է նետել պատերազմի օրերին «Իսկանդերի» կիրառման թեման:
Մասնավորապես, ըստ նրա, «Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել»:
Անդրանիկ Քոչարյանն այս մասին ասել է նախ՝ «Առաջին լրատվական»-ին, օրեր հետո՝ MediaHubTV-ին:
Ընդ որում, MediaHubTV-ի դեպքում ընդամենը հարց էր հնչել պատերազմից հետո ԳՇ-ի հակադրման մասին՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, բայց Անդրանիկ Քոչարյանը թեման այլ տեղ տարավ:
Ըստ էության, այդպես էր պետք, մեսիջ կամ զգուշացում էր պետք հասցեագրել ԳՇ նախկին պետին, ինչո՞ւ չէ՝ փորձ էր՝ կոնկրետ նպատակով Օնիկ Գասպարյանին ներքաշել հրապարակային «փոխհրաձգության» մեջ, որն անարձագանք է մնում:
Իսկ ինչու հիմա, պատճառների մասին կողմերը կարող են հստակ բան ասել, մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել, որոնք կարող են համապատասխանել իրականությանը, կարող են փոքր-ինչ շեղումներ ունենալ:
Գուցե քրեական գործերի շրջանակում Օնիկ Գասպարյանը ցուցմունքներ է տալիս, որը չի՞ բխում իրենց շահերից: Գուցե: Կամ, ինչպես վերևում նշեցինք, հասկացրեցին, որ «Իսկանդերի» թեման կարող են իր դեմ օգտագործել: Եվ այս առաքելությունը վստահվել էր Անդրանիկ Քոչարյանին՝ միգուցե չերևացող խորհրդատուների օգնությամբ:
Իսկ օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի կիրառման պլանն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը, ըստ էության, ԳՇ-ից է ձեռք բերել:
Ի դեպ, 168.am-ը մի քանի անգամ գրավոր փորձել է Դատախազությունից պարզել, թե ինչ փուլում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունների մասին նյութերի քննությունը, որտեղից որևէ հստակ բան չի ասվել, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ապա նախ հարկ է հիշեցնել, որ ոչ վտանգավոր, բայց իր համար անցանկալի հարցերի ժամանակ ՔՊ-ական պատգամավորը հանկարծ հիշում է բանակի, երկրի, դաշնակցի հետ հարաբերությունները վտանգելու մասին, բայց, երբ տեղեկության «արտանետման» հեղինակն ինքն է, մոռանում է:
Այս համատեքստում հիշեցնենք, որ երբ 2021-ի փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը և խոսել «Իսկանդերի» կիրառման մասին, Անդրանիկ Քոչարյանն այս թեման արծարծելը անթույլատրելի էր համարել, թե «պաշտոնաթող նախագահի հարցազրույցներն ազգային անվտանգության տեսանկյունից մեծ վտանգներ են պարունակում Հայաստանի համար, հնչեցված մտքերն ապագայում օգտագործվելու են Հայաստանի դեմ»:
«Այնքան էլ համաձայն չեմ, որ «Իսկանդերը» չի կիրառվել, մամուլում եղավ, և ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Հակադարձմանը՝ թշնամու պետության տարածքի ուղղությամբ չի կիրառվել, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել էր.
«Այո, տարածքը, ուրիշ բան: Իսկ թե ինչո՞ւ չի կիրառվել, ես հարյուր տոկոսով չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ չի կիրառվել` վախենալով պատասխան հարվածից: Այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ»:
Այնուհետ Սերժ Սարգսյանը շարունակել էր. «Երբ պատերազմի ժամանակ ունենում ես դու շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին: Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է»:
Նիկոլ Փաշինյանը, Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում արձագանքելով Սերժ Սարգսյանի մեղադրանքին, թե ինչու պատերազմի երրորդ օրը «Իսկանդերը» չի կիրառվել, հարց էր հնչեցրել՝ «ինչո՞ւ հրթիռը չի պայթել կամ պայթել է 10%-ով»:
Սերժ Սարգսյանին «դասեր տալու» փորձ անող Անդրանիկ Քոչարյանն արդեն այս դեպքում ճիշտ չէր գտել այս դիսկուրսի մեջ ներքաշվել, անգամ «մտքով չէր անցել», որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, խնդիրներ կարող է առաջացնել ռուս-հայկական հարաբերություններում, վտանգել երկրի անվտանգությունը: Մյուս կողմից, իբր նախկիններին մեղադրելով, ինքն էր վտանգավոր տեսակետ հայտնել.
««Իսկանդերը» աշխատող է եղել, թե չէ, վարչապետի հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի: Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր վերջին 15 տարիների սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ չէ, աշխատո՞ղ են եղել, թե՞ չէ: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե պարոն Փաշինյանի ասածները ճիշտ դուրս գան»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ռուսական պաշտպանական գերատեսչությունից արձագանքել էին՝ ասելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։
«Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդել»,- նշել էր ՌԴ ՊՆ-ն։
Ավելի կոնկրետ՝ ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պնդել էր.
«Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»:
Ի դեպ, սկզբում նման պնդում էր անում նաև Իլհամ Ալիևը: Այլ հարց է, որ հետո իրենք իրենց հակասող հրապարակումներ արեցին՝ պնդելով, որ Շուշիի ուղղությամբ հարվածներ են եղել:
Ի դեպ, ռուս վերլուծաբանները, մասնավորապես՝ ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել էր, որ նա թույլ է պատկերացնում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեխնիկական բնութագիրը, այն արտահայտությունը, որը հնչել է, բացարձակ անգրագետ է, «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով:
Այն, որ «Իսկանդերը» կիրառվել է, դա փաստ է, իսկ սխալ կամ ոչ ճիշտ ժամանակին կիրառմանը չենք անդրադառնա, նուրբ թեմա է, թողնենք մասնագետներին և պատասխանատուներին, հրաման արձակողներին, դրանք հաստատողներին, դրանց հետ չհամաձայնողներին:
Այս դեպքում նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգի շրջանակում կարող է իրեն թույլ տալ այն, ինչի համար քննադատում է ընդդիմախոսներին, լրագրողներին: Եվ ոչինչ, եթե սրանից գուցե տուժեն Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, եթե անգամ «Իսկանդերի» կիրառման ձախողումը փորձ է արվում ամբողջովին գցել Օնիկ Գասպարյանի «գրպանը»: Մյուս կողմից, ապավինում են գեներալի լռելու կարողությանը, որ նման հարցեր հրապարակային չի քննարկի, այլ միայն համապատասխան մարմիններում համապատասխան գործընթացների շրջանակում:
Իսկ Անդրանիկ Քոչարյանը լավ կանի քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության եզրակացությունը հասանելի դարձնի հանրությանը, և Փաշինյանից ճշտի, օրինակ՝ որքանով տուժեցինք նախկինների սպառազինության մատակարարումների ծրագիրը սրբագրելով, առհասարակ, փորձի ստանալ նախ առանցքային հարցերի պատասխանները՝ կապված պատերազմի հանգամանքների հետ, որոնք նախորդել են «Իսկանդերի» կիրառմանը: