2021թ. նոյեմբերին Ադրբեջանի ռազմական սադրանքի նպատակը նաև Լաչինի միջանցքը վիզուալ վերահսկողության տակ պահելն էր

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բեռների անարգել տեղաշարժը խոչընդոտելուն:

«Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստներն» իրենց իրավունք են վերապահել ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են Լաչինի միջանցքով բեռների անարգել անցմանը։ Ըստ էության, նրանք ապօրինի մաքսակետեր են սահմանել։ Այս անհեթեթությունը պետք է դադարեցվի»,- գրել է Մարուքյանը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր հերթին այսօրվա ուղիղ եթերի ընթացքում նշել է.

«Իրենք պետք է լրիվ դուրս գան և չխանգարեն մեքենաների շարժմանը: Դա միակ ընդունելի որոշումն է, որովհետև եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնեն ու որոշեն՝ ինչ մեքենա թողնեն, ինչ մեքենա չթողնեն, դա դառնում է անցակետ ստեղծելու հնարավորություն»:

Կարդացեք նաև

2021-ի հոկտեմբերին էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր բացառել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի առկայությունը:

«Եթե կա անցակետ, ապա դա արդեն միջանցք չէ, դա վերահսկվող ճանապարհ է»,- վստահեցրել էր ԱՀ նախագահը։

Իսկ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կամ այն սովորական ճանապարհի վերածելու մասին միշտ է արտահայտվել, պարզապես վերջին շրջանում այս թեման առավել ակտիվացել է, ըստ էության, Լաչինի միջանցքի թեման այս անգամ ևս խաղարկվում է «Զանգեզուրի միջանցքի դիմաց»:

2021-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարությունում բացահայտ նշված է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք»:

«Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

Սրան Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը:

Հիշեցնենք, որ երբ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցությունների արդյունքների ամփոփմանը օգտագործել էր «տրանսպորտային միջանցքների ապաշրջափակում» ձևակերպումը, այսինքն, Ալիևը Պուտինի միջոցով էր խոսել կամ Պուտինը Ալիևի շուրթերով էր խոսել, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը որոշել էր, որ ռուսաստանյան հանդիպման արդյունքներով «վերջնականապես հօդս ցնդեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավելի քան մեկ տարի շրջանառվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող երազանքը», և, որ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման անհնարինությունը, ըստ էության, ընդունեց նաև Իլհամ Ալիևը:

Մինչդեռ Ադրբեջանը, ինչպես նշեցինք, վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ խաղարկել է Լաչինի միջանցքը՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց:

Մասնավորապես, անցած տարվա ամռանը Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով:

«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- նշել էր Զուլֆուգարովը:

Նույն պնդումը դիվանագետն արել էր նաև 2021-ի դեկտեմբերի 1-ին՝ «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ հարցազրույցում: 

«Շատ է քննարկվում՝ միջա՞նցք է դա, թե՞ հաղորդակցություն: Միջանցքի և պարզապես հաղորդակցության միջև տարբերությունը հատուկ ռեժիմն է, այն պարունակում է, այսպես ասած, էքստերիտորիալ էլեմենտներ: Սա փոքր-ինչ վախեցնում է: Այո, այն հատուկ ռեժիմ է ենթադրում: 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշվում է, որ այնտեղ վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները կամ խաղաղապահները: Ավելին, 1992-ից հայկական սահմանները գտնվում են ռուս սահմանապահների հսկողության տակ, դա հայկական կողմի որոշումն էր (1992 թվականին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանին հայ սահմանապահների հետ միասին հաստատվել են ռուս սահմանապահներ.- խմբ): Այսինքն, էքստերիտորիալ ասվածն արդեն իսկ կա: Իսկ մենք գիտենք, որ երկաթուղային ճանապարհն անցնում է Արաքս գետի երկայնքով: Կրկնում եմ՝ էքստերիտորիալ ասվածն արդեն իսկ առկա է, Հայաստանն իր համաձայնությունը դրան տվել է, այսինքն, միջանցքը, այսպես ասած, կանխորոշված է»,- ասել էր Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը:

168.amը օրերս դարձյալ անդրադարձել էր Լաչինի միջանցքին վերաբերող նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի խմբագրման հետևանքներին և այլընտրանքային ճանապարհի միֆ կամ իրական լինելուն:

Այս համատեքստում հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։

«Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»,- նշել էր Արայիկ Հարությունյանը և հավելել, որ նոր երթուղու շինարարական աշխատանքներից հետո արցախյան կողմը հնարավորություն է ունենալու «իր կարծիքն ասելու»։

«Առաջին հերթին՝ ճանապարհի որակի առումով՝ համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում։ Երկրորդ՝ լինելո՞ւ է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու»,- շեշտել էր Արցախի նախագահը:

Մինչդեռ այս պահին ունենք փաստ, որ Արցախի բնակչությունը 9-րդ օրն է՝ շրջափակման մեջ է:

Հիշեցնենք նաև, որ դեռ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը մի քանի ժամ հետո բացվել էր:

Ավելի վաղ Ադրբեջանը Լաչինի միջանցքը վիզուալ վերահսկողության տակ պահելու համար դիմել է նաև ռազմական գործողությունների: 2021-ի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրված քարտեզների, թշնամու զինուժը կարողացել է դուրս գալ առանցքային և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ՝ Արևելյան Սևանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղությամբ՝ դեպի Քարվաճառ, ինչպես նաև՝ Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի հետևանքով գրավել են մի քանի հայկական դիրք: Այսինքն, Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը:

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը 2020-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանա-թուրքական դաշինքը նպատակ է ունեցել առաջին հարվածով հարավային և հյուսիսային ուղղություններով ճեղքել պաշտպանությունը:

«Հարավային ուղղությամբ նա փորձում էր կտրել Իրանի սահմանը՝ Ղարաբաղի մասով, և հասնել Մեղրիի սահմանին, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ նա փորձում էր դուրս գալ դեպի Քելբաջար՝ փակելով Լաչինի միջանցքը, և դրանով շրջափակել Արցախը։ Սակայն նրանք չեն հասել իրենց նպատակին»,-հավելել էր այդ ժամանակ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանը:

168.amգրել էր,որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինուժի առջև կարևոր խնդիր է դրված եղել՝ «հասնել Լաչին»: Այս մասին պատերազմից հետո ասել էր Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված հարվածային միավորման հրամանատար, Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարի պարտականությունները կատարած Թեհրան Մենսիմովը:

Նա նաև նշել էր, որ Ադրբեջանը փոխել է Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը:

«Կրիտիկական և կարևոր խնդիր էր դրված՝ հասնել Լաչին: Մենք տեղանքի հետախուզություն ենք իրականացրել, հասել ենք մինչև Լաչինի շրջանի Գյուլաբիրդ գյուղ: Լաչինը դեռ վերցված չէր: Խնդիր էր դրված գնալ հակառակորդի թիկունք՝ 40 կմ խորությամբ, փորձել աննկատ անցնել, աջից և ձախից փակել Լաչինի միջանցքը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Գյուլաբիրդում արդեն կանգնած էր 6-րդ կորպուսը, որը հայերից «մաքրել» էր գյուղը: Հոկտեմբերի 16-17-ն էր: Մենք խորհրդակցեցինք, և հարցեր առաջացան, որովհետև հատուկ նշանակության խումբը պետք է հաղթահարեր ավելի քան 40 կմ տարածություն՝ Ջաբրայիլից մինչև Լաչինի միջանցք: Ինչպե՞ս պետք է ապահովվեր կրակային աջակցությունը, կապի ի՞նչ միջոցներով պետք է մեզ ապահովեին: Շատ հարցեր կային նաև լոգիստիկայի և այլ խնդիրների հետ կապված: Եվ այս մարտական խնդիրը հանվեց օրակարգից՝ առանց պատճառի ամբողջական բացատրության»,– հարցազրույցներից մեկի ժամանակ մանրամասնել էր Մենսիմովը:

Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը սկզբնական պլանները փոխել էր, որովհետև հետախուզությունը համոզվել էր, որ այդտեղ պաշտպանությունը կազմակերպված է, ուստի որոշել են շարժվել Մեծ թաղեր-Չըդրատեղ (բարձունք է, տեղացիներն այսպես են անվանում)-Սղնաղ-Քարինտակ-Շուշի ուղղությամբ, այստեղ պաշտպանություն չի եղել:

Նշենք, որ Քաշաթաղի շրջանը, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի, առանց կրակոցի հանձնվել է 2020-ի դեկտեմբերի 1-ին:

Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Քաշաթաղի (Լաչին )շրջանը, ինչպեսև Քարվաճառի (Քելբաջար) և Ակնայի (Աղդամ) շրջանները իրենց հանձնվել են առանց կրակոցի:

Ի դեպ, 2021-ի հունվարին ՌԴ ԱԴԾ (ФСБ) նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը մի առիթով նշել էր, որ ՀՀ-ից աջակցություն չի եղել, երբ Ադրբեջանը ճեղքել է ՊԲ պաշտպանական գիծը:

«Այդ ժամանակ ՀՀ ռեզերվները վերահսկողության տակ չեն վերցրել կարևորագույն ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և երբ ադրբեջանցիները դուրս են եկել Ստեփանակերտ տանող ճանապարհը, այնտեղ փաստացի ոչ ոք չի եղել: Այսինքն, ՊԲ-ն իր ռեզերվներն այդ ժամանակ արդեն սպառել էր, իսկ ՀՀ ուժերը կարող էին այդ ճանապարհին գոնե պաշտպանության նպատակով կանգնել, բայց նրանք այնտեղ նույնիսկ չեն երևացել: Գործ ունենք ռազմական դավաճանության հետ, որովհետև մտածել, որ Փաշինյանը պարզապես հիմար է, ես չեմ կարող»,- շեշտել էր ռազմական փորձագետը՝ ակնարկելով, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը հայտնվում է Թուրքիայի ազդեցության տակ, իսկ ռուս խաղաղապահներին բնորոշել էր՝ որպես «պատանդներ», և նշել, որ փաստորեն, այսպես ասած, հարվածներ ստանալու ևս մեկ տեղ է ավելանում՝ Դոնբաս, Մերձդնեստր, Սիրիա և հիմա Լեռնային Ղարաբաղ:

«Այսինքն, Էրդողանը ունենալու է Կրեմլի վրա ևս մեկ ազդեցության լծակ, մեթոդ»,- շեշտել էր Իգոր Ստրելկովը:

Այսինքն, ռազմական փորձագետը նկարագրել էր այն, ինչը, մեծ հաշվով, տեղի է ունենում այս օրերին: Թուրք-ադրբեջանական տանդեմը ճնշումներ է գործադրում Ռուսաստանի վրա՝ փակ պահելով Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ՌԴ-ն դեռ որևէ կտրուկ քայլի չի դիմում, սահմանափակվելով խաղաղապահների մակարդակով բանակցություններով: Համենայն դեպս, հրապարակավ այս մասին է հայտարարվում ժամանակ առ ժամանակ: Չի բացառվում, որ ոչ հրապարակային գործընթացներ, այսպես ասած, կուլիսային բանակցություններ տեղի են ունենում, որի մասին դեռ չգիտենք:

Տեսանյութեր

Լրահոս