2 տարի առաջ այս օրերին դավադիր որոշմամբ կորցրեցինք Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը. այսօր արգելափակված է Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը
Արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի պատճառով 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Ավելին, Արցախում բնակվող 120․000 հայ պատանդի կարգավիճակում է:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2 տարի առաջ այս օրերին դե յուրե կորցրեցինք Սյունիքի մարզի Գորիս–Կապան ավտոճանապարհի 21 կմ–անոց հատվածը:
2020-ի դեկտեմբերի 17-ին, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Սյունիք կատարած այցի ընթացքում այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը 1 օր ժամանակ էր տվել՝ բոլոր դիրքերից պետք է հետ քաշվեն զորքերը:
Մինչդեռ ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, թե իբր Վաղարշակ Հարությունյանը Սյունիք է մեկնել՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։
Դեկտեմբերի 18-ին 168.am-ի հարցին՝ մամուլում և սոցցցանցերում լուրեր են շրջանառվում, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին, ռազմական գերատեսչությունից պարզաբանել էին.
«Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է ՀՀ սահմաններին: Ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարը չի ստորագրել, չէր կարող ստորագրել մի փաստաթուղթ, թեկուզ՝ գաղտնի, որը վերաբերում է ՀՀ-ի, մասնավորապես՝ Սյունիքի սահմաններին»:
2020-ի դեկտեմբերի 20-ին, սակայն, «Զինուժ մեդիա»-ի հարցերին ի պատասխան՝ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել էր, որ Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը՝ մեր սահմանապահ զորքերի հետ միասին:
«Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,- պնդել էր Հարությունյանը՝ ասելով,- Գորիս–Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»:
Վաղարշակ Հարությունյանը վերոնշյալ հայտարարությունից և սյունիքյան այցից օրեր առաջ՝ դեկտեմբերի 12-ին, մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ էլ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ նախարար Սերգեյ Շոյգուն էր եկել Հայաստան:
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հայաստանյան այցի ավարտին Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
Պաշտպանության նախկին նախարարի, ըստ էության, իրարամերժ հայտարարություններից հետո 2021թ. փետրվարին, համացանցում տարածվեց ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։
Փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։
Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են Հայաստանը և Ադրբեջանը՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Այսինքն, այնպես, ինչպես վերևում բացատրում էր Վաղարշակ Հարությունյանը:
Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:
Չորրորդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմիններն ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հինգերորդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու իր իրավունքը։
Եվ ահա 2021-ի սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։
Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում էին իրանական բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Ավելին, Գորիս-Կապան ճանապարհից նույնիսկ իրանցի վարորդներ են ձերբակալվել։
Հերթական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, որ ադրբեջանական ոստիկանությունը մի քանի օր է՝ Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, կանգնեցնում է իրանական բեռնատար մեքենաները և ուղեվարձ պահանջում իրանցի վարորդներից, հայտնել էր, որ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկներ են ներկայացվել Բաքվին և Երևանին:
2021-ի սեպտեմբերի 15-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի տեղադրած ոստիկանական անցակետին՝ հայտարարել էր.
«Դուք գիտեք, և նաև այս դահլիճում մի քանի անգամ առիթ է եղել այդ մասին խոսելու, որ 2020թ. դեկտեմբեր ամսին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»:
Իսկ ավելի վաղ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը Փաշինյանը հիշեցրել էր Պաշտպանության նախարարության (ՊՆ) 2020թ. դեկտեմբերի հայտարարությունը:
«Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»,- մանրամասնել էր Փաշինյանը:
Սրանով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը գոնե այդ պահին սլաքն ուղղում էր պաշտպանական գերատեսչության վրա, իսկ իր հիշատակած ժամանակահատվածում պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, որին նա էր, ըստ էության, հրահանգել Սյունիքում ինչ-ինչ աշխատանքներ կատարել:
2021-ի հոկտեմբերին արդեն Նիկոլ Փաշինյանը բացահայտ ընդունում է՝ Սյունիքի սահմաններից զորքերի հետքաշման հրաման ինքն է տվել:
«Ասում եք՝ նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր. իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է, այո՛, եղել է: Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, բայց դրա անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը՝ հետո, մասնակցել են այդ քննարկմանը: Այն տեղի է ունեցել Կառավարությունում, և որոշում է կայացվել: Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,- շեշտել էր նա:
168.am-ի տեղեկություններով, քննարկմանը ներկա մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:
Հավելենք, որ ավելի ուշ պարզվել էր, որ Սյունիքի շուրջ հետպատերազմական այս զարգացումներից առաջ այդ ժամանակ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Օնիկ Գասպարյանը մեկնել էր Սյունիք, ավելին, զանգահարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը հաստատել էր նաև Սերժ Սարգսյանը:
«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի վերջին՝ 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է: Ինքը զանգահարել ա, ինձ ասում ա, որ «ես Սյունիքում եմ, և էստեղ դժվար իրավիճակ ա»: Ես հարցնում եմ՝ «ի՞նչ դժվար իրավիճակ ա», դե, ասում ա, կարծեք թե, բառացի չեմ ասում, բայց մոտավորապես եմ ասում՝ «կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք»: Ես էլ ասել եմ՝ «մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները»,- պատմել էր Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մոտ մեկ տարի հարցումներ էր ուղարկում տարբեր գերատեսչություններ, և, ի վերջո, 2021-ի դեկտեմբերին Օնիկ Գասպարյանին փոխարինած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից ստանում հարցման պատասխան, որով պարզ է դարձել, որ Հայաստանի սուվերեն տարածքից զորքերի հետքաշումն ունի փաստաթղթային հիմնավորում:
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում հայկական ստորաբաժանումները շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ընդգծել էր Գեղամ Մանուկյանը:
Հարց է՝ ո՞վ է գլխավոր մեղավորը՝ հրաման տվո՞ղը, թե՞ կատարողը, թե՞ երկուսը հավասարապես մեղավոր են:
Մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարներից յուրաքանչյուրին նշանակել է կոնկրետ առաքելությամբ, Վաղարշակ Հարությունյանի դեպքում, ինչպես ասում են՝ миссия выполнена, Արշակ Կարապետյանն ինչ-որ պահի հրաժարվեց սպասարկել Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Իսկ այդ օրակարգը՝ դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը:
Այսօր, ըստ էության, Փաշինյանի օրակարգը առաջ է տանում պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը:
Ի դեպ, այն ժամանակ, երբ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանին ահազանգել էր, թե «կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք», նույն ժամանակ՝ 2020-ի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ դադարեցնում է պաշտոնավարումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
«Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»,- մասնավորապես նշել էր Տոնոյանը:
Այս պահին, ինչպես նշեցինք՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միջանցք-ճանապարհը, ժամանակ առ ժամանակ այն խաղարկելով «Զանգեզուրի միջանցքի դիմաց»:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում «տգետ» էր համարել այն պնդումները, թե Հայաստանը բանավոր միջանցքի մասին խոստում է տվել որևէ մեկին, հնարավոր է՝ տվել է, հնարավոր է՝ չի տվել:
Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը, մեղմ ասած՝ տեղին չէ. հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ հենց ինքն է խոստովանել, որ Ադրբեջանի հետ եղել է բանավոր պայմանավորվածություն:
Մասնավորապես, 2020 թ. դեկտեմբերի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ «ինչո՞ւ հայկական զորքերը ետ քաշվեցին Կուբաթլուի և Զանգելանի շրջանից», Փաշինյանը պատասխանել էր.
«Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։
Այսինքն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, քայլերը հնարավոր չէ ողջամիտ տրամաբանության մեջ դիտարկել:
Իսկ Ադրբեջանը իր քաղաքական նպատակներին միշտ չէ, որ դասական իմաստով զինված հարձակման միջոցով է փորձում հասնել:
Օրինակ, տեղեկություններ եղան, որ 2021-ի մայիսին ադրբեջանցի մի քանի զինծառայող քայլելով են եկել և հանգիստ մտել ՀՀ ինքնիշխան տարածքը, ավելի ուշ՝ մի քանի ուղղություններով ՀՀ սուվերեն տարածք մտած ադրբեջանցիների թիվը գնալով աճել է: Այսինքն, շատ «խաղաղ» ձևով են հատել սահմանը: Այսօր էլ «բնապահպանական» ակցիայի պատրվակով 8 օր փակած են պահում Լաչինի միջանցքը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը մոտ 1.5 տարի անց որոշել է Գեղարքունիքի մարզ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումների ամբողջ մեղքը բարդել գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի վրա, ով այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:
Ի դեպ, 2021-ի մայիսին Ադրբեջանը նաև Սյունիքի հատվածում է ներխուժում իրականացրել, այս մասով դեռ Փաշինյանը մեղավոր չի գտել: