Լաչինի միջանցքի փակ է, իսկ Նիկոլ Փաշինյանը գեներալ է ձերբակալում

Այս օրերին, երբ մի քանի օր է՝ փակ է Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, և հայտնի չէ, երբ կբացվի, երբ հայաստանյան և միջազգային հանրության ուշադրությունն Արցախի և ադրբեջանական գործողությունների ուղղությամբ է, երբ խոսվում է Արցախում էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության իրականացման ծրագրերի մասին,  Նիկոլ Փաշինյանը առիթից օգտվելով՝ որոշել է գեներալ ձերբակալել:

Խոսքը գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի մասին է, նա ձերբակալվել է մի քրեական գործի շրջանակում:

Դեկտեմբերի 14-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես,  նշվում է, որ  2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն,  անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Նշենք, որ այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Կարդացեք նաև

Հետաքրքիր է, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարած զորամիավորման պատասխանատվության գոտում եղած ՀՀ ինքնիշխան տարածք 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին,  նա նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր այս տարվա փետրվարին:

Ավելի ուշ 168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Ի դեպ, գեներալ Արայիկ Հարությունյանը թեև ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ, սակայն, նա Նիկոլ Փաշինյանի հանդեպ համակրանք ուներ, ավելին, մեզ հասած տեղեկություններով, նույնիսկ արտահայտվել էր, թե սխալվել է Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ իր ստորագրությունը դնելով:

Իսկ Փաշինյանը, ինչպես միշտ, թիրախավորում է նաև իրեն հավատարիմ ծառայածներին, ինչը տեղի է ունեցել կոնկրետ դեպքում. մայիսյան ներխուժումներից  մոտ 1.5 տարի հետո Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է գեներալ Արայիկ Հարությունյանին, երբ դրանից հետո հենց ինքն էր հայտարարել՝ «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:

Դրանից հետո էլ Փաշինյանը հայտարարել էր՝ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանը ՀՀ տարածքից մոտ 40 քկմ է օկուպացրել:

Հավելենք, որ  2021-ի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով էր ներխուժել  Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացավ մի քանի կիլոմետր խորության վրա՝ Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում:

Ըստ այդմ՝ մնում է սպասել, թե հաջորդը  ո՞ր  գեներալն է թիրախավորվելու, ձերբակալվելու:

Նշենք, որ 2021-ի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների ժամանակ ԳՇ պետը Արտակ Դավթյանն էր: 

Տեսանյութեր

Լրահոս