«Ադրբեջանի կողմից նման ահաբեկչական գործողությունները կրկնվելու են». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բերձորի ճանապարհը բացելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
«Իհարկե, բաներ կան, որոնց մասին մենք հրապարակային չենք կարող ասել, բայց մեծ աշխատանք է տարվել Արցախ, Հայաստան, սփյուռք և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, կարծում եմ՝ բացվելու հնարավորություն կա։ Բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ նման միջադեպերը, ահաբեկչական գործողությունները կարող են լինել շարունակական, ըստ երևույթին այդպես էլ լինելու է»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանը գազը միացրել է առանց նախապայմանների և չէին էլ կարող նախապայմաններ լինել, քանի որ այն, ինչ անում է Ադրբեջանը՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության խախտում։
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների գործողություններին, Դավիթ Բաբայանը նկատեց, որ պետք է լինել շատ օբյեկտիվ, քանի որ եթե չլիներ ռուս խաղաղապահների առաքելությունը, ապա Արցախը վաղուց կործանված կլիներ։
«Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելության ներուժը, որն ուղիղ ածանցյալ է մանդատից, պետք է ավելանա, ուժեղանա։ Այս տեսանկյունից մենք ունենք մեր առաջարկները, որոնք հնչեցրել ենք տարբեր ատյաններում։ Նախևառաջ ռուս խաղաղապահների թվաքանակը պետք է ավելանա, ինչո՞ւ, որովհետև 1980 հոգին ի վիճակի չեն պաշտպանելու այն տարածքը, որը մնացել է Արցախից։ Նրանք պետք է ստանան միջազգային մանդատ, խաղաղության առաքելության հետ մեկտեղ, նաև ունենան խաղաղությունը պարտադրելու առաքելություն»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում