«ՀՀ իշխանությունները չպետք է պատասխանատվությունից խուսափեն. այստեղ անելիք հենց իրենք ունեն». Տարոն Սիմոնյան
Արդեն երրորդն օրն ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը «բնապահպաններ» հորջորջված հրոսակախմբերի միջոցով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելով: Փաստացի Արցախ այս պահին չեն մտնում առանձին անհրաժեշտության ապրանքատեսակներ, դեղորայք, վառելիք, ծանր հիվանդներին չեն կարողանում տեղափոխել մայրաքաղաք, շատ ընտանիքներ գտնվում են իրարից բաժան վիճակում: Եվ այս ամենը՝ միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո:
168.am-ը իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանին հարցրեց՝ ըստ իրեն՝ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ Միջազգային իրավական համագործակցության թիմն այս պայմաններում, հատկապես երեկ արված այն հայտարարության համատեքստում, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը:
Տարոն Սիմոնյանը նկատեց՝ ճիշտ կլինի, որ հենց գրասենյակին դիմենք, որովհետև իրենք են այս ուղղությամբ աշխատում:
«Ես կարող եմ միայն ենթադրել, որ առկա դատական գործերի շրջանակներում՝ մեկը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ գործով», մյուսը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընդդեմ Ադրբեջանի մյուս գործով, որով հայց է ներկայացված սեփականության ու կյանքի իրավունքների պաշտպանության հարցերով, պետք է հավելյալ տեղեկատվություն ներկայացվի դատարանին, այդ թվում՝ նաև հումանիտար ճգնաժամ առաջացնելու վերաբերյալ, ու այս ուղղությամբ ակնկալեն դատարանի դիրքորոշումը: Ենթադրում եմ՝ աշխատանքն այս ուղղությամբ է կատարվում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Տարոն Սիմոնյանի՝ ավելի վաղ արտահայտած այն մտքին, որ միջազգային իրավունքն ինքնաշխատ չէ, այն պետք է գործի դրվի, միջազգային իրավունքի մասնագետին խնդրեցինք մեկնաբանել՝ ո՞վ պետք է գործի դնի և ինչպե՞ս:
«Այո, միջազգային իրավունքն ինքն իրենով չի աշխատում: Այն տալիս է հնարավորություններ, և պետություններն իրենք են այդ հնարավորությունները գործարկում: Մեր պարագայում այն պետք է գործի գցի Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ՀՀ-ն է միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ, և ՀՀ-ն ունի գործիքակազմ միջազգային իրավունքն աշխատեցնելու ուղղությամբ՝ թե ՄԱԿ-ի, թե ԵԱՀԿ-ի շրջանակներում, և թե միջազգային այլ ատյաններում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Վերջինս նշեց՝ դրա համար մենք ունենք դիվանագիտական մեծ աշխատակազմ, Արտաքին գործերի նախարարություն, տարբեր երկրներում՝ դեսպաններ, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրամիությունում և այլ թե պետություններում, և թե միջազգային կազմակերպություններում:
«Գործիքները, հնարավորությունները պետք է օգտագործվեն հենց այդ անձանց ու ինստիտուտների կողմից: Եթե չեն օգտագործվում, եթե մեր պետական պաշտոնատար անձինք իրենցից կախված ամեն ինչ չեն անում, ակնկալել, որ որևէ պետություն, որևէ միջազգային կազմակերպություն ինքնուրույն պետք է արձագանքի առկա իրավիճակին, առնվազն պետք է պատկերացում չունենալ միջազգային իրավունքի մասին»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
ԱԺ նախկին պատգամավորին նաև հարցրեցինք՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի արգելքի» վերաբերյալ կոնվենցիայի շրջանակում հայկական կողմը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան, բայց ինքը նշել է, որ կան բազմաթիվ այլ հիմքեր էլ, որոնցով հնարավոր է պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ վարձկանների օգտագործման, պատանդներ վերցնելու, ատելության ֆինանսավորման արգելքներ, ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
«Ես տեղյակ եմ, որ միայն մի գործն է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, և մեր կողմից բազմիցս նշած 4-5 Կոնվենցիաների շրջանակներում կարծես թե առաջխաղացում չկա: Հարցն էլի Միջազգային իրավական համագործակցության հարցերով թիմի տիրույթում է: Ես չունեմ որևէ տեղեկատվություն, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում այլ Կոնվենցիաների շրջանակներում»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Հարցին՝ Հայաստանի իշխանությունները Բերձորի ճանապարհի փակման հարցը բացառապես տեղափոխել են ռուս խաղաղապահների տիրույթ, արդյո՞ք ՀՀ իշխանություններն այստեղ անելիք չունեն, Տարոն Սիմոնյանն ասաց՝ իհարկե, այստեղ անելիք հենց ՀՀ իշխանություններն ունեն:
«Ռուս խաղաղապահները, այո, իրենց գործառույթներն ունեն: Լա՞վ են կատարում, թե՞ վատ, դա հարցի մյուս կողմն է, բայց առաջնահերթությունը պետք է լինի հենց ՀՀ իշխանություններինը, նրանք պետք է զբաղվեն հայկական շահի սպասարկմամբ: ՀՀ իշխանությունները չպետք է պատասխանատվությունից խուսափեն: Եթե խուսափում են պատասխանատվությունից, ապա նրանք, ըստ էության, չեն հանդիսանում հայկական շահի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն իրականացնող սուբյեկտներ: ՀՀ իշխանությունները պետք է կողմնորոշվեն՝ ինչ են ուզում, հետո նոր փորձեն մեղավորներ փնտրել ինչ-որ արված կամ չարված գործողությունների համար»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը: