«Զգայուն թեմաներով մեկնաբանություններ չենք տալիս». ԱԱԾ-ն՝ Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ հանդիպման մասին
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հուլիսի 31-ին նամակներ էր ուղարկել Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։
Նամակի հրապարակումից օրեր անց Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն էր տարածել, որում հանդիպման առաջարկ էր արել Նիկոլ Փաշինյանին, սակայն կառավարությունից այն փոխանցել էին ԱԳՆ-ին։
Օրեր առաջ 168.am-ի հետ զրույցում Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել էր. «Հանդիպման առաջարկը օգոստոսի 10-ին փոխանցվել է։ Հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»։
Երեկ ԱԳՆ-ի խոսնակից կրկին հետաքրքրվեցինք՝ Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ հանդիպումը տեղի ունեցե՞լ է, սակայն Անի Բադալյանը փոխանցեց, որ այս հարցով դիմենք համապատասխան՝ Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին։
Նշենք, որ այս հանձնաժողովի նախագահը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն է, ուստի փորձեցինք ԱԱԾ-ից ճշտել՝ արդյո՞ք հանձնաժողովում Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ հանդիպում եղել է։
ԱԱԾ լրատվական բաժնից մեր հարցին կարճ պատասխանեցին.
«Նման զգայուն թեմաներով մեկնաբանություններ չենք տալիս։ Եթե լինում են հրապարակման ենթակա նյութեր, մենք կայքում հրապարակում ենք, մնացած բոլոր դեպքերում մեկնաբանություններ չենք տալիս»։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից և Բակո Սահակյանից, բոլորը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքը։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։

