Այս հնարքն էլ չաշխատեց, «բումը» պայթեց
Երբ Ռուսաստանը փակեց հայկական ապրանքների մուտքն, ու արտադրողները կանգնեցին իրենց արտադրանքն իրացնելու փաստի առաջ, նրանց դժգոհությունները մեղմելու համար Նիկոլ Փաշինյանը նոր բան հորինեց՝ հայտարարեց, թե Հայաստանը զբոսաշրջային բումի մեջ է, ու ոչինչ, որ գյուղմթերքները չենք կարողանում արտահանել, զբոսաշրջիկները կգան այստեղ կսպառեն, ինչն էլի արտահանում է։ Բայց այդ հնարքն էլ չաշխատեց։ Հակառակի պես, զբոսաշրջային հոսքերը Հայաստան վերջին շրջանում սկսել են նվազել։ Նվազումն այս պարագայում նույնիսկ շատ մեղմ է ասված. Զբոսաշրջային այն «բումը», որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր ոչ վաղ անցյալում, պարզապես փլվել է։
Մինչ դրան անդրադառնալը, հիշենք, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում էր՝ զբոսաշրջությունը մեր երկրում, եթե չչափազանցնենք, բում է ապրում, զբոսաշրջության ռեկորդային աճ ունենք:
«Սա նաև մթերքի արտահանման և ընդհանրապես արտահանումների կոնտեքստում եմ ուզում ասել, որովհետև զբոսաշրջիկի կողմից սպառվող արտադրանքը նույնպես արտահանվում է, մեծ հաշվով տարբերություն չկա՝ այդ ապրանքը նա սպառում է իր քաղաքացիության երկրո՞ւմ, թե՞ Հայաստանում:
Կարծում եմ՝ ընդհակառակը, հայաստանյան ապրանքի սպառումն ավելի ընդլայնվում է, որովհետև այնտեղ հայաստանյան ապրանքների հասանելիությունը սահմանափակ է, այստեղ էականորեն ավելի լայն է, և շատ ուրախ եմ, որ Հայաստանը շարունակում է իր զարգացումը՝ որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն:
Սա կապված է նաև խաղաղության հետ, ներքին անվտանգության հետ, և մենք ինստիտուցիոնալ էական բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում՝ ներքին անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- խորհրդարանական ընտրությունների հենց հաջորդ օրը, Ազգային ժողովում 2025թ. պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ունենք այն, որ զբոսաշրջային հոսքերը Հայաստան ռեկորդային տեմպերով կրճատվել են։
Պաշտոնական տվյալներով, հուլիսին 198.7 հազար տուրիստ է եկել Հայաստան։ Այն պարագայում, որ անցած տարվա այդ ամսին նրանց թիվը հասել էր 263.6 հազարի։
Հայաստան եկած զբոսաշրջիկների քանակը հուլիսին նվազել է գրեթե 65 հազարով։
Սա շուրջ 25 տոկոսանոց անկում է։
Հուլիսին Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ ամսվա համեմատ։ Հունիսին զբոսաշրջային հոսքերը գերազանցել էին 216 հազարը, իսկ հուլիսին նույնիսկ 200 հազարի չեն հասել։
Թվում էր, թե հուլիսն ավելի ակտիվ զբոսաշրջային սեզոն է, ու ավելի շատ այցելություններ պիտի լինեին։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չի եղել։
Հուլիսին գրեթե 18 հազարով ավելի քիչ տուրիստներ են եկել Հայաստան, քան հունիսին։
Թե ո՞րն է եղել զբոսաշրջային հոսքերի այդքան կտրուկ կրճատման պատճառը, պաշտոնական բացատրություն չկա։ Փոխարենը, երբ տարեսկզբի «բումից» էին խոսում, Նիկոլ Փաշինյանը դա կապում էր խաղաղության, ներքին անվտանգության և իրականացրած ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ։ Եթե այդպես էր, հիմա կարո՞ղ ենք ասել, որ ո՛չ խաղաղություն կա, ո՛չ անվտանգությունն, ո՛չ էլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ու դրա հետևանքով է, որ զբոսաշրջային հոսքերը հուլիսին ռեկորդային տեմպերով կրճատվել են։
Հունիսից զբոսաշրջային ակտիվությունը Հայաստան սկսեց սառել։ Այդ ամսին, նախորդ տարվա համեմատ, հոսքերն ավելացան ընդամենը մի քանի հարյուրով։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, նույնիսկ անսպասելի էր։
Այդպես կլինի առավել ևս այն պարագայում, եթե իրականանան այն հայտարարությունները, որ Ռուսաստանը կարող է հորդորել իր քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելելուց։
Հիշեցնենք, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների ավելի քան 40 տոկոսը ռուսներն են։ Նրանց չգալը մեծ հարված կարող է լինել զբոսաշրջությանը։
Ինչ վերաբերում է տարեսկզբի «բումին», ապա տարեսկզբին զբոսաշրջային հոսքերի բարձր աճ էր արձանագրվում, որովհետև նախորդ տարվա այդ շրջանում կտրուկ անկում էր գրանցվել. Մասնավորապես՝ նախորդ տարվա առաջին 4 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը նվազել էր գրեթե 148 հազարով։ Ու դրա վրա էին իշխանությունները փորձում «բումի» տպավորություն ստեղծել։ Բայց քանի որ նախորդ տարվա երկրորդ կեսից պատկերը փոխվեց, տարեսկզբի «բումն» էլ սկսել է հօդս ցնդել։
Ընդհանուր առմամբ 7 ամսում Հայաստան է այցելել 1.240 մլն զբոսաշրջիկ։
Սա նախորդ տարվանից ավելի է, բայց բոլորովին էլ ռեկորդային ցուցանիշ չէ։ Այն նույնիսկ չի հասնում 2023թ. մակարդակին։ Զբոսաշրջության զարգացումից ու աննախադեպ աճերից են խոսում, երբ 3 տարի առաջվա համեմատ անգամ ունենք հոսքերի նվազում։ 2023թ. առաջին 7 ամիսներին Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ էր եկել, քան եկել է այս տարի։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2023թ. հունվար-հուլիսին Հայաստան 1.258 հազար զբոսաշրջիկ էր այցելել։ Մինչդեռ այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը 1.240 միլիոն է՝ 18 հազարով պակաս, քան 3 տարի առաջ։
Զբոսաշրջային հոսքերի առումով 3 տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, բայց թողնես՝ ժամերով զբոսաշրջության զարգացումներից կխոսեն, ինչպես ոչ վաղ անցյալում բումերից էին խոսում ու հորդորում գործարարներին՝ պատրաստվել զբոսաշրջությունից վերցնելու իրենց բաժին «ավարը»։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե զբոսաշրջային հոսքերի աճն այլևս անշրջելի է։ Վերջին ամիսներին տեսնում ենք, թե ինչքանով է այդպես։
Կարճաժամկետ ինչ-որ աճերով ուզում են տպավորություն թողնել, թե ոլորտն ակտիվ զարգացումների մեջ է։ Բայց իրականում դժվար է խոսել զարգացումների մասին։ 2024թ. զբոսաշրջային հոսքերի 4.7 տոկոսանոց անկում գրանցվեց։ Այդ անկումից հետո անցած տարի այցելուները Հայաստան ավելացան ընդամենը 2.5 տոկոսով։ Այսինքն՝ նույնիսկ անցած տարվա անկումը չվերականգնվեց։
Այս տարվա 7 ամիսներին էլ դեռ չի վերականգնվել։
Այս պայմաններում ի՞նչ զարգացումների մասին կարող է խոսք լինել։ Փողեր են ծախսում, վարկեր են վերցնում, պետական պարտքն են ավելացնում, իբր զբոսաշրջությունն են խթանում, իսկ ամենակարևորը՝ արդյունքը, տեսանելի չէ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

