«Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գլխավոր նպատակը ռեգիոնում ՌԴ դերակատարության նվազեցումն է, բայց պարզ է, որ Ռուսաստանին կփոխարինի Թուրքիան». Հիլդա Չոբոյան
«Ամենակարևորը ՀՀ դիրքորոշումն է, եթե ՀՀ-ն համաձայն է, այդպես է երևում, որ համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմի մեջ, ՌԴ-ն պատճառ չունի դիմադրելու այսօր: Հետագայում կտեսնեն՝ ինչպես իրենց ուժերը կտեղակայեն ռեգիոնում: Ամենակարևորը ՀՀ կարմիր գծերն են, որո՞նք են ՀՀ կարմիր գծերը, ՀՀ կարմիր գծերը շարժված են»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Կովկաս» կենտրոնի նախագահ, ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում վերջերս ընդունված հայամետ բանաձևերին ու Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշմանը:
Ֆրանսահայ գործիչն ասաց, որ այս բանաձևը կարևոր նշանակություն ունի, քանի որ Ֆրանսիայում հանրային կարծիքի ճնշման բերումով է քվեարկվել, իսկ այդ հանրային կարծիքը ներառում է մտավորականությանը, լրագրողական դասը, այն ձևավորվել է ֆրանսահայ համայնքի գործունեության բերումով առաջացած համակրանքով, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան և Արցախի ներկայացուցչության գործունեության շնորհիվ:
«Ֆրանսիան կիսանախագահական երկիր է, որտեղ խորհրդարանը մեծ և ուղղակի ազդեցություն չունի կառավարական գործընթացների վրա: Այս բոլորն ասելուց հետո կտեսնենք, որ այս բանաձևերը ոչ թե խորհրդատվական բնույթ են կրում, որքան ճնշող դերակատարություն ունեն Ֆրանսիայի կառավարության նկատմամբ: Բայց այդ ճնշումը բացարձակ ճնշում չէ, այլ քաղաքական ու բարոյական ճնշում է: Սենատի ու ԱԺ-ի բանաձևերը պետք է միմյանցից տարանջատել նաև այն իմաստով, որ բովանդակությունները բոլորովին տարբեր էին: Բովանդակության ոճը տարբեր էր, շատ որոշիչ, վճռական քայլերի դիմում կար Սենատի բանաձևում, որը չկա ԱԺ-ի բանաձևում այն պատճառով, որ Սենատի բանաձևի առաջարկողն ընդդիմությունն էր, աջակողմյան ընդդիմությունը՝ ամենամեծ խումբը, և մյուսները սա շարունակել են: Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ Սենատի բանաձևին չի մասնակցել կառավարական կուսակցությունը, ինչը կարևոր հանգամանք է: Մյուս կողմից՝ ԱԺ բանաձևի առաջարկողը կառավարական կուսակցությունն է, շատ մեծ տարբերություն կա այս երկուսի միջև, բայց նույնիսկ երկուսի պարագայում էլ, եթե խորհրդարանում կառավարական կուսակցությունն էր նախաձեռնել, այդքան էլ համահունչ չէր կառավարական դիրքորոշմանը»,- նկատեց Չոբոյանը:
Այս բանաձևերից ամենակարևորը, ըստ նրա, Կառավարության ներկայացուցիչների դիրքորոշումն է․ այդտեղ է երևում, թե Ֆրանսիայի քաղաքականությունն ինչպիսին է:
«Պաշտոնական դիրքորոշումը հստակ արտահայտված է նախարարների ելույթներում և Սենատում, և Ազգային ժողովում: Այդտեղ հստակ է, թե Ֆրանսիայի կառավարությունն ինչ կցանկանա, Ֆրանսիայի իշխանությունների վերջնական նպատակը Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունում միջնորդի դեր խաղալն է: Վերջին ելույթում փոխնախարարն ասաց, որ Հայաստանը դա է պահանջում Ֆրանսիայից:
Սա առաջին անգամ է, որ հասկացանք, թե Հայաստանն ինչ է պահանջում Ֆրանսիայից: Հայաստանը չհերքեց այդ գաղափարը: Այլ դիմում չի եղել, պարզապես ՀՀ-ն ցանկանում է, որ Ֆրանսիան գործընթացում գտնվի և միջնորդ հանդիսանա երկու երկրների միջև: Դրույթները շատ հստակ են, որոնք երևացին նախարարների ելույթներում, որ Արցախի հարցը Ֆրանսիայի համար այլևս ինքնորոշման հարց չէ: Եթե հնարավորություններ ստեղծվեն, անշուշտ, Ֆրանսիան կհետևի, բայց Ֆրանսիան չէ, որ պետք է բեկումնային իրավիճակ ստեղծի Արցախի վերաբերյալ»,- ասաց Չոբոյանը:
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հարձակմանն ու ՀՀ տարածքներում ադրբեջանական ուժերի գտնվելու փաստին, ապա նա նշեց, որ Ֆրանսիան այդ հարցում շատ ավելի հստակ է, դատապարտում է այդ հարձակումը և պահանջում է, որ ադրբեջանական ուժերը դուրս գան:
«Բայց այս երկու թեմաները շոշափելուն զուգահեռ՝ տեսնում ենք, որ որոշ դիրքորոշում ունի Ֆրանսիան, որը հաճո չէ Ադրբեջանին, և Ադրբեջանը չի ընդունում, և դա այն է, որ Ֆրանսիան հստակ է խոսում ՀՀ տարածքի վերաբերյալ: Այս երկու ուղղությունն է՝ մեկ կողմից ճիշտ խոսել, մյուս կողմից՝ գործի մակարդակում շատ ավելի ուշադիր և զգուշավոր մոտենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը: Ֆրանսիան ցանկանում է միջնորդ լինել, սակայն, եթե Ադրբեջանը մերժի, ապա Ֆրանսիան իր եզրակացությունները պետք է անի»,- ասաց նա: Ընդհանուր առմամբ, Չոբոյանի խոսքով, Ֆրանսիական իշխանությունը ցանկանում է բանակցային գործընթացում անկախություն պահպանել, որպեսզի չկոտրվի այս գործընթացը:
«Հասկանում ենք, որ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար կարևորը ռեգիոնում ՌԴ ազդեցությունն է: Այս բանաձևի մեջ կային նաև հակառուսական դրույթներ, որ ՌԴ-ն ի վիճակի չէ լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած հարցը, հակառուսական դիրքորոշումներն են պատճառը նաև, որ բանաձևերը դրված են: Երկրորդ՝ բանաձևերը կփորձեն Ֆրանսիայի իշխանությանն առաջարկել, որպեսզի Ֆրանսիան դերակատարություն ունենա այս գործընթացում և հայամետ դերակատարություն ունենա: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Ֆրանսիայի ամենակարևոր նպատակը, որը ամենայն հավանականությամբ նաև ԱՄՆ հեռահար նպատակն է, այն է, որ այս տարածաշրջանում ՌԴ դերակատարությունը նվազեցվի: Դրա փոխարեն՝ անորոշ իրավիճակ է, հստակ չէ նույնիսկ Ֆրանսիայի համար, թե ով պետք է փոխարինի Ռուսաստանին, բայց մեզ համար հստակ է, որ այդ դերակատարությունը պետք է տրվի Թուրքիային, որը մեծ լծակներ ունի թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի վրա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ այսօր Ֆրանսիայի համար Արցախյան հիմնահարցը ինքնորոշման իրավունքի հարց չէ, գուցե այն պատճառով, որ ՀՀ իշխանություններն այլևս այդ հարցը չե՞ն բարձրացնում, Հիլդա Չոբոյանը պատասխանեց, որ երրորդ անգամն է, որ Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանին շնորհավորում են իր նոր դիրքորոշման համար, երբ խոսում է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների մասին:
«Այս բանաձևն է փոխարինել ինքնորոշման իրավունքին: Սենատի բանաձևում ինքնորոշման մասին կա, իսկ ԱԺ-ի կառավարական բանաձևում՝ չկա, պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայաստանը ճիշտ է արել, որ նոր բանաձև է գտել՝ խոսում է իրավունքի մասին, սակայն իրականում չգիտենք՝ ինչ իրավունքի մասին է, չգիտենք՝ դա ինքնորոշման իրավո՞ւնք է, թե՞ մարդկային անհատական իրավունքներ են, քաղաքական իրավունքներ են, այս բոլոր հարցերը մեկ բանաձևով սեղմված են, և անորոշ է»,- ասաց Հիլդա Չոբոյանը, շարունակելով, որ այս բանաձևը չի հերքում նաև Ադրբեջանի կազմում իրավունքների երաշխավորումը:
Մեր դիտարկմանը, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարարը նշում էր, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել այդ երաշխիքներով Արցախի հայ բնակչությանը, Չոբոյանն ասաց, որ Ադրբեջանի երաշխիքներին հավատում են միայն նրանք, ովքեր Արցախում, Հայաստանում չեն ապրել, Ցեղասպանություն և ջարդեր չեն տեսել:
«Հայաստանը չի կարող հավատալ այդ երաշխիք կոչված խոստումներին: Իսկ իրավունքների մասին խոսելը շատ անորոշ բնութագրում է»,- նշեց գործիչը:
Դիտարկմանը, թե կարծես ռուսական առաջարկները ևս փոխվում են, քանի որ շաբաթներ առաջ Վալդայ ակումբում Պուտինը խոսում էր ԼՂ-ի համար առանձնահատուկ տարբերակներ քննարկելու մաին, այսօր խոսում է Ադրբեջանի կազմի մասին, Հիլդա Չոբոյանն ասաց, որ ՌԴ-ն ամեն ճիգ թափելու է, փոփոխությունների է դիմելու, որպեսզի ինքը մնա այս «գործընթացի քավորը»:
«ՌԴ-ի այս վայրիվերումները կշարունակվեն: Ամենակարևորը ՀՀ դիրքորոշումն է, եթե ՀՀ-ն համաձայն է, այդպես է երևում, որ համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմի մեջ, ՌԴ-ն պատճառ չունի դիմադրելու այսօր: Հետագայում կտեսնեն՝ ինչպես իրենց ուժերը կտեղակայեն ռեգիոնում: Ամենակարևորը ՀՀ կարմիր գծերն են, որո՞նք են ՀՀ կարմիր գծերը, ՀՀ կարմիր գծերը շարժված են, հասել են այնտեղ, ուր Եվրոպան շնորհավորում է ՀՀ իշխանություններին, որ ինքնորոշման իրավունքից հրաժարվում են և խոսում են անորոշ, պղտոր կերպով իրավունքների մասին»,- ասաց նա:
Բանակցային գործընթացը, ըստ Չոբոյանի, բարդ ու անհասկանալի է թվում։
Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է մեծացնի իր արտաքին քաղաքական հնարավորությունները, և դեռ 2020 թվականից պետք է սպառազինվեր, այլ դաշնակիցներ ևս փնտրեր և հույսը չկապեր նաև միայն Եվրոպայի հետ: