Դիտավորությո՞ւն, թե՞ չհաշվարկած քայլ. Մարուքյանը լռում է 2021-ից օկուպացված 130 քառակուսի կմ-ի մասին, խոսում է Տավուշի տարածքների վերադարձից
Ռազմական ոլորտի փորձագետները ժամանակ առ ժամանակ նշում են, որ Տավուշի ուղղությամբ թշնամու պարբերական բնույթ կրող հրապարակումները, այդ թվում՝ այնտեղ անկլավներ ունենալու մասին, հուշում է այդ ուղղությամբ Ադրբեջանի նպատակների մասին: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ Տավուշի ուղղությամբ հանկարծակիության սկզբունքով հնարավոր է թշնամին սադրանքի դիմի ինչ-որ պահի: Այսինքն, առնվազն հայտարարությունների մակարդակով իրադարձություններն արագացնելու առիթ թշնամուն չպետք է տալ՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից: Այսինքն, լինել հնարավորինս ճկուն:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան:
Եվ փոխարենն առաջին հերթին հետևողական պահանջել և հասնել նրան, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր, հետ քաշվի ՀՀ ինքնիշխան տարածքից, որտեղ ապօրինի ներխուժումներ և առաջխաղացումներ է իրականացրել, մասնավորապես, 2021-ի մայիսին, նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել էր, որ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության ավելի քան 130 քառակուսի կիլոմետր:
Փոխարենը Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտարարել է՝ հետևողական են լինելու, որ Ադրբեջանը վերադարձնի Հայաստանի Տավուշի մարզի մի շարք գյուղերի օկուպացրած տարածքները՝ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոս և Ջրամբարի մեծ հատվածը, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը: Դժվար չի, չէ՞, կռահել Ադրբեջանի արձագանքը, և այն, որ մենք ինքներս «տաքացնում» ենք Տավուշի «անկլավները» վերադարձնելու թեման, որն առանձնապես սառը վիճակում չէ:
Այն, որ Տավուշից Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել, դա գաղտնիք չէ, բայց մենք այսօր խնդիր ունենք, օրինակ, Ջերմուկից հեռացնել Ադրբեջանի ուժերին:
Ճիշտ է՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարուքյանը խոսում է այն մասին, որ ամբողջ սահմանի երկայնքով օկուպացված տարածքներ չպետք է լինեն, որ սահմանի երկայնքով հայելային հետքաշման և ապառազմականացված գոտի ստեղծելու լուծումներ է առաջարկել հայկական կողմը, բայց նախ երևույթների մասին պետք է հստակ խոսել, երկրորդ՝ այսօր հետքաշում կարող է լինել միայն միակողմանի, Ադրբեջանը պետք է ելման դիրքերը վերադառնա և կանգնի այնտեղ, որտեղ եղել է 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու պահին, ի վերջո, սա նաև նույն եռակողմ հայտարարության պահանջն է, որի մասին ՀՀ իշխանությունները, հատկապես վերջին շրջանում որևէ հարթակում հրապարակային շեշտադրում չեն անում, երրորդ՝ ապառազմականացված գոտին ռիսկեր է պարունակում: Բայց սա այլ խոսակցության թեմա է:
Էդմոն Մարուքյանը անդրադարձել է նաև Ալմա Աթայի հռչակագրին,
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրացվող քարտեզների հարցին, թե իբրև հայտարարություններում խոսք չկա հստակ քարտեզների մասին և իբրև հստակ չէ, թե ինչ քարտեզներով պետք է սահմանազատումն իրականացվի, ապա այստեղ էլ ադրբեջանական կողմն ինքն իրեն հակասում է։ Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով միմյանց սահմանները փոխադարձ ճանաչելով՝ Ադրբեջանն այլևս փակել է քարտեզների շահարկման թեման, քանի որ հստակ է, որ խոսքը Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների մասին է։ Հետևաբար այստեղ ևս հնարավոր չէ մի դեպքում պնդել, որ այո՝ ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, սակայն հետո շարունակել պատմական քարտեզների մասին անորոշ խոսույթը,- «Արմենպրեսին» ասել է Մարուքյանը և հավելել,- Ադրբեջանի քաղաքական կամքի առկայության պարագայում, առաջնորդվելով Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների հիմքով, պետք է առաջ շարժվել և արագ սահմանազատել փոխադարձ ճանաչված պետական սահմանները, որն իր դրական ազդեցությունը կունենա խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ»:
Ի դեպ, Էդմոն Մարուքյանի հայտարարությունից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 29-ին, ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերն է շեշտել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը պետք է արագացնել:
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Տավուշին վերաբերող կետ է եղել, որը մամուլում հրապարակվելուց հետո հանվել է:
Հավելենք, որ 2021-ի մայիսի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր շրջանառել, որն, ըստ նրա՝ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, որտեղ կետ կար նաև Տավուշի մասին:
«Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։
Այս պահին Նիկոլը տվել է վերոնշյալի համաձայնությունը՝ երեք խնդրանքով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված, որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը: Ինչքանով կհաջողվի, կտեսնենք: Սա է իրականությունը»,- մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել էր Միքայել Մինասյանը:
Մեկ օր հետո՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատել էր Մինասյանի գաղտնազերծումը:
«Այս իրավիճակի քննարկման արդյունքում, քանի որ կա փաստ, որ մենք չունենք դելիմիտացված ու դեմարկացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց՝ լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում, և այդ իրադրությունը պետք է կառավարվի։ Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել հանձնաժողով՝ եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով»,- ասել էր նա:
Փաշինյանը կոռեկտ չէր համարել քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթղթի հրապարակումը կառավարության կողմից:
«Բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ես ասեմ, որ, այո, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Այդ փաստաթղթի մեջ ո՞րն է ամենակարևոր դրույթը, այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները ոչ թե լուծում են զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Արդյո՞ք սա ինչ-որ նոր գաղափար է։ Ոչ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից»,- շեշտել էր նա:
Այդ օրերին Փաշինյանը նաև հայտարարել էր, որ կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։
«Ավելին, դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»,- ասել էր նա:
Արդյո՞ք հիմա Նիկոլ Փաշինյանը իր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի միջոցով փորձում է տրամադրություններ ստուգել ՀՀ-ում և Ադրբեջանում՝ առաջ բերելով Տավուշի տարածքների թեման, և ադրբեջանական հնարավոր քաղաքական, ռազմական հակազդման դեպքում խաղաղության հաստատման քողի տակ լեգիտիմացնել տավուշյան տարածքների վերադարձը ու դրանո՞վ «փակել թեման»:
Այո, Ադրբեջանը մտել է հայկական տարածք Բերքաբերի, Պառավաքարի հատվածում, բայց հարց է՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները անհրաժեշտության դեպքում «օտարի ոտքը» կկարողանան կամ ցանկություն կունենան հանել մեր տարածքից: Արդյունքում մենք կորցնելու ենք՝ առանց ստանալու, իսկ կորուստի գինը լինելու է այն, որ չի բացառվում՝օրինակ, Ոսկեպարի ճանապարհից մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի: Արդյո՞ք այս գաղափարի հեղինակներն ու պատասխանատուները հաշվարկել են իրենց քաղաքական հայտարարություններին և գործողություններին ադրբեջանական հակաքայլերը: