Քանի՞ քառակուսի կմ տարածք ենք կորցրել. ԳՇ պետը մանրամասներ է հայտնում
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք:
Սեպտեմբերյան ադրբեջանական գործողությունների օրերին՝ սեպտեմբերի 14-ին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ 10 քառակուսի կմ է օկուպացվել՝ չհաշված 2021-ի առաջխաղացումները:
Ո՞ւմ հավատալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կարծիքով, բոլորին էլ պետք է հավատալ:
«ՀՀ վարչապետն ասեց՝ 10 քառակուսի կմ տարածք ենք կորցրել, նա այդ հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ որ տարածքի կորուստը եղել է 10 քառակուսի կմ: Իսկ դրանից հետո, եթե ես այդ հարցին հարաբերական պատասխան տամ, պիտի ձեր կողմից հնչեցվի, թե ԳՇ պետը ճիշտ չի ասում: Կան հաշվարկի տարբեր մեթոդներ. եթե հաշվարկներն արվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել, օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 և որոշակի ավել տարածք: Շեշտված 127 քառակուսի կմ-ը մոտիկ թիվ է:
Եթե մենք հաշվում ենք այդ տարածքների կորուստներն անմիջապես մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվն ավելի քիչ է կազմում: Կան տարածքների մակերեսի հաշվման տարբեր մեթոդներ՝ հակառակորդի մխրճումը համապատասխան ճակատով, մխրճումով, բայց բոլոր ուղղություններով չէ, որ մխրճում է արձանագրվել: Կան հատվածներ, որտեղ մխրճման վերջավորությունը՝ գագաթը, հասնում է 3.5 կմ-ի, բայց թևերը՝ 100-200 մետրն են»,- մանրամասնել է ԳՇ պետը՝ նշելով, որ պետք է հաշվենք ՀՀ սահմանը, և, թե սահմանային որքան կորուստ ունենք:
«Կան դիրքեր, որ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, կան դիրքեր, որ գտնվում է մեր պետական սահմանից առաջ: Այդպիսի ուղղությունները մի քանիսն են: Եվ նման հաշվարկների դեպքում առաջանում են մակերեսային տարբերություններ՝ 127, 129, 130, 132»,- նշել է Ասրյանը: