Ռիչարդ Կլայդերմանը Երևանում է

Հայաստանում է աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը: Հոկտեմբերի 20-ին և 21-ին նա ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ես հիշում եմ իմ առաջին այցն այստեղ և այն, թե ինչ ջերմ, էմոցիոնալ համերգ էր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դաշնակահարը՝ հավելելով, որ այս անգամ համերգային ծրագիրը տարբերվելու է նախորդներից. կհնչեն և՛ հայտնի, և՛ նոր ստեղծագործություններ, չեն բացառվում նաև իմպրովիզները:

Նա նշեց՝ 40 տարի առաջ, երբ սկսել է իր կարիերան, նպատակը մեկն էր՝ գործն անել լավագույն ձևով, ամեն անգամ բեմ դուրս գալուց ձգտել կատարել ավելի լավ, քան նախորդ անգամ:

168.am-ը հետաքրքրվեց, թե դաշնակահարն ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ դաշնակահարներին, որոնք նոր են մուտք գործում  երաժշտական աշխարհ: Ինչպե՞ս հաղթահարել դժվարությունները և դառնալ հաջողակ:

Կարդացեք նաև

Ռիչարդ Կլայդերմանը պատասխանեց. «Երբ ես սկսեցի իմ երաժշտական ուղին՝ մանուկ հասակից, չեմ կարծում, որ երաժշտական տաղանդով օժտված մեկն էի: Ընդամենը շատ պարապելու, գործիքի առջև երկար ժամեր անցկացնելու շնորհիվ կարողացա հասնել նրան, ինչին հասել եմ: Եվ միակ բանը, որ խորհուրդ կտամ երիտասարդ կատարողներին՝  դա իրենց երաժշտական գործիքն անսահման սիրելն է և կրկին ու կրկին պարապելը»:

Տեղեկացնենք նաև, որ դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար  Ռիչարդ Կլայդերմանը (իսկական անունը՝ Ֆիլիպ Էջեր) ծնվել է 1953-ին Փարիզում: Դաշնամուրի առաջին  դասերը ստացել է երաժիշտ  հորից դեռ վաղ տարիքում, ընդամենը 12 տարեկանում  արդեն  կոնսերվատորիայի ուսանող էր:  Աշխատել է Միշել Սարդի, Թիերի Լելյուրոնի և Ջոնի Հոլիդեյի մոտ։ 1976 թվականին ձայնագրություններ թողարկող ընկերությունը Կլայդերմանին  20 այլ դաշնակահարների հետ հրավիրել է լսումների՝ բալլադ ձայնագրելու նպատակով, և դրանից հետո սկսվել է նրա փայլուն կարիերան, ու նա մեծ ճանաչում է ձեռք բերել:

Տեսանյութեր

Լրահոս