Բաժիններ՝

Հայ երգչուհին՝ համաշխարհային աստղերի կողքին․ ի՞նչ է կատարվել Broadway-ի բեմերից այն կողմ

Դասական օպերային բեմերից մինչև ջազ և Broadway-ի հայտնի մյուզիքլներ, եվրոպական համերգասրահներից մինչև միջազգային նավարկային հսկա բեմեր․ երգչուհի Սոնա Վարպետյանի ստեղծագործական ճանապարհը մի ժանրով կամ մեկ երկրով չի սահմանափակվել։

Նրա մասնագիտական կրթությունը սկսվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ապա շարունակվել է Գերմանիայի Lotte Lehmann ակադեմիայում։ Դասական երաժշտության ոլորտում ձեռք բերած մասնագիտական փորձին հաջորդել են եվրոպական շրջագայություններ, փառատոներ, միջազգային մրցույթներ և օպերային ներկայացումների գլխավոր դերեր։

Սակայն երաժշտական կարիերայի մի փուլում Սոնա Վարպետյանը որոշ ժամանակ դադար է վերցրել, որից հետո նրա ստեղծագործական կյանքում նոր փուլ է սկսվել:

Կարդացեք նաև

Երգչուհին հրավեր է ստացել Հայաստանի պետական ջազ նվագախմբից, իսկ 2019 թվականին միացել է «Հայ համերգ» նախագծին, որը «Sharm Holding»-ի նախաձեռնությամբ համախմբել էր վեց երգիչների։ Ինտենսիվ փորձերից հետո՝ դեկտեմբերի 21-ին և 22-ին, Dvin Music Hall-ում տեղի են ունեցել երկու համերգներ, որոնց ընթացքում նորովի մատուցվել են հայկական հին, աշուղական, գուսանական և ժողովրդական երգեր։

«Հայ համերգը» Սոնա Վարպետյանի համար դարձավ կարևոր շրջադարձային փուլ՝ հնարավորություն տալով միաժամանակ վերադառնալ հայկական երաժշտական ժառանգությանը և այն ներկայացնել ժամանակակից բեմական լեզվով։

Օպերայից՝ «BURLESQUE»

Համավարակի տարիներին, երբ բազմաթիվ մշակութային ծրագրեր դադարեցվում էին, երգչուհու ստեղծագործական կյանքում նոր նախագիծ էր ձևավորվում։

Հայաստանում առաջին անգամ նախատեսվում էր բեմադրել «BURLESQUE» մյուզիքլը։ Սոնա Վարպետյանը հրավեր ստացավ ներկայացման գլխավոր դերը մարմնավորելու համար։ Բեմադրության պարուսույցը Մանուել Մանուկն էր, ստեղծագործական տնօրենը՝ Ջոն Մկրտչյանը։

Ներկայացումը, որն ամբողջությամբ կենդանի կատարմամբ էր, բեմադրվել է Benedict-ում։ 2021 թվականի հոկտեմբերից այն շարունակվել է շուրջ ութ ամիս։

Նույն շրջանում նկարահանվել է նաև Սոնա Վարպետյանի «Afterparty» երգի տեսահոլովակը։

Հետագայում նոր առաջարկներ են հաջորդել։ 2022 թվականի ամռանը երգչուհին մեկնել է Կարակոլ՝ մասնակցելու ամենամյա փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը։

Նոր փուլ՝ միջազգային մեծ բեմերում

Սոնա Վարպետյանի միջազգային կարիերայի կարևորագույն փուլերից մեկը սկսվել է 2022 թվականի աշնանը։ Կանադացի երաժիշտ, կոմպոզիտոր և դիրիժոր Ռաֆայել Դերքսոնի առաջարկով նա մեկնել է նոր production cast-ի պատրաստություններին, որը նախատեսված էր միջազգային նավարկային բեմերի համար։

Այդպես սկսվել է նրա համագործակցությունը Silversea Cruise Line-ի և հետագայում Royal Caribbean-ի նախագծերի շրջանակում։

Որպես առաջատար վոկալիստ՝ Սոնա Վարպետյանը հանդես է եկել Broadway-ի և համաշխարհային մյուզիքլային բեմի հայտնի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված շոուներում՝ «Jersey Boys», «Grease», «Kaleidoscope», «Motown», «Limelight», «Show Must Go On», «Wicked», «The Greatest Showman» և այլ նախագծերում։

Բայց միջազգային բեմում նրա համար կարևոր էր ոչ միայն համաշխարհային երաժշտությունը ներկայացնելը։

Նրա «Welcome to my world» մենահամերգային ծրագրում համաշխարհային հիթերի կողքին տեղ էր գտել նաև հայկական էթնիկ երաժշտությունը։

Եվ հենց այս հատվածն էր առանձնահատուկ արձագանք ստանում օտարերկրյա հանդիսատեսի շրջանում։

Երգչուհու նպատակը պարզ էր՝ այն բեմերը, որտեղ ինքը հանդես էր գալիս որպես միջազգային շոուի առաջատար վոկալիստ, օգտագործել նաև հայկական մշակույթը ներկայացնելու համար։

Հանդիպում՝ «The Greatest Showman»-ի հեղինակներից մեկի հետ

Սոնա Վարպետյանի համար առանձնահատուկ հիշողություն է 2023 թվականի մարտին տեղի ունեցած հանդիպումն Ալան Ռիչի հետ։

«The Greatest Showman» մյուզիքլի փորձերի ժամանակ նա թատրոնում հանդիպել է երաժիշտ և կոմպոզիտոր Ալան Ռիչին, որի ստեղծագործական աշխատանքների թվում է նաև Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ հանրահայտ «Run to You» երգը՝ «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքից։

Ռիչի հրավերով Սոնա Վարպետյանը նրա շոուի շրջանակում կատարել է «Run to You»-ն։

Տարիներ անց նրանք կրկին հանդիպել են Լոս Անջելեսում։ Երգչուհին այդ կապը համարում է իր մասնագիտական կյանքի ամենահուզիչ հանդիպումներից մեկը։

Նրա միջազգային համագործակցությունների ցանկը, սակայն, այսքանով չի սահմանափակվում։

Սոնա Վարպետյանը նույն բեմում հանդես է եկել Broadway-ի ճանաչված դերասաններ Ռոջեր Ռայթի և Ռեյչել Յորքի, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած արտիստների հետ։

Նա համագործակցել է նաև դաշնակահար Հերման Ջեքսոնի հետ, որը նվագակցում է Սթիվի Ուանդերին, և հանդես է եկել Մայքլ Օրլանդի նվագակցությամբ, որը երկար տարիներ աշխատել է «American Idol»-ի վոկալի ուղղությամբ։

«Հայաստանի ձայնը»՝ նոր գնահատական

Չնայած միջազգային գործունեությանը՝ Սոնա Վարպետյանը շարունակում է կապը պահել Հայաստանի հետ։

2024 թվականի ամռանը ստեղծվել է նրա «Բարեկենդան» երգը և տեսահոլովակը, որը նկարահանվել է Արմեն Փիթի Մաշիի և մեծ ստեղծագործական թիմի մասնակցությամբ։

Երգով էլ նա բացել է «BARBUD» միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակում արժանացել է «Հայաստանի ձայնը» մրցանակին։

Նույն թվականին նա ընդգրկվել է նաև «Agelucu» AMSK հիմնադրամի Ազգային երգի մրցույթի ժյուրիի կազմում։

2025 թվականի մարտից Սոնա Վարպետյանը «Հայկական Ազգային Երաժշտական Ակադեմիայի» ժյուրիի անդամ է։

Երգչուհու համար կարևոր են նաև եվրոպական բեմերը։ Հատկապես առանձնահատուկ տեղ ունի Գերմանիան, որտեղ նա բազմիցս հանդես է եկել հայկական ծրագրերով։

Դեռևս 2018 թվականին Շտուտգարտում «Երևանի օրերը» փառատոնի շրջանակում նրա բարեգործական մենահամերգի տոմսերը նախապես սպառվել էին։ Երգչուհու խոսքով՝ համերգից հետո հանդիսատեսն այնքան ջերմ էր արձագանքել, որ չէր ցանկանում նրան բաց թողնել բեմից։

«Իմ ամենահետաքրքիր փուլը դեռ առջևում է»

Այսօր Սոնա Վարպետյանը շարունակում է ստեղծագործել, նոր երգեր գրել և համերգային գործունեությունը։

Նա չի բացառում նաև մյուզիքլային ժանր վերադառնալու հնարավորությունը։

Երգչուհու կյանքի ներկայիս փուլում ստեղծագործական ճանապարհին միացել է նաև անձնական երջանկությունը։ Նրա խոսքով՝ հենց այս շրջանում է հանդիպել իր երկրորդ կեսին, իսկ իր ընտանիքի պատմությունը նույնքան հեքիաթային է, որքան իր մասնագիտական կյանքի տարբեր փուլերը։

Դասական երաժշտությունից սկսած՝ Սոնա Վարպետյանն անցել է ջազի, մյուզիքլի, միջազգային շոուների և տարբեր երկրներում հայկական երաժշտությունը ներկայացնելու ճանապարհով։

Նրա պատմությունն, ըստ էության, ոչ միայն մեկ երգչուհու կարիերայի պատմությունն է, այլ նաև հայկական երաժշտությունն աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելու փորձ։

Եվ եթե մինչ այս նրա ճանապարհն անցել է օպերային բեմերից մինչև Broadway-ի փայլուն շոուներ, ապա ստեղծագործական նոր փուլը, ամենայն հավանականությամբ, դեռ ունի իր ամենակարևոր էջերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930