
Մահ կամ անպատվություն

Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիրը», որ ձևականորեն արտաքին քաղաքական փաստաթուղթ է և իբրև թե կարգավորելու է հարաբերությունները թշնամական պետության հետ, Հայաստանի իշխանություններին իրականում պետք է բացառությամբ ներքաղաքական նպատակներով։ Առջևում արտահերթ կամ 2026 թ․ հերթական խորհրդարանական ընտրություններն են, և իշխանությունը պահպանելու համար Նիկոլ Փաշինյանի միակ հաղթաթուղթը մնացել է «խաղաղության համաձայնագիրը»։
Ըստ այդմ, իշխանության ողջ քարոզչությունը կառուցվելու է «եթե ՔՊ-ն/Նիկոլ Փաշինյանը չընտրվի, պատերազմ կլինի» պարզունակ թեզի հիման վրա։
Փաշինյանն ընտրողներին վաճառելու է նրանց իսկ կյանքը պահպանելու ամորալ խոստումը՝ միևնույն ժամանակ վախեցնելով, որ եթե ինքը չպահպանեց իշխանությունը, այդ կյանքը վտանգվելու է՝ պատերազմի պատճառով։
Իշխանությունն ընտրությունների է գնում շարքային ահաբեկչի սկզբունքով՝ սպառնալով, որ չընտրվելու դեպքում չընտրողները կամ նրանց որդիները կզրկվեն կյանքից՝ ոչ թե իշխանության, այլ «խաղաղության համաձայնագրի» մյուս կողմի՝ Ադրբեջանի միջոցով։
Այսպիսով, իշխանությունը մի նժարին դնում է քաղաքացիների կյանքը՝ երկրորդական դարձնելով, թե այդ կյանքը պահպանելու համար ինչ «խաղաղություն» է պատրաստվում ապահովել։ Հաշվարկը պարզ է՝ եթե այլընտրանքի մի ելքը կյանքն է, մյուս ելքի լավ կամ վատ լինելու մասին կմտածեն քչերը։ «Մահ կամ անպատվություն»․ սա է լինելու իշխանության առաջիկա նախընտրական քարոզարշավում առաջարկվելիք երկընտրանքը, որը լղոզվելու է տարբեր գովազդային կարգախոսներով։
Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ մինչ այս պահն իշխանության դեմ պայքարող բոլորն ակամայից նպաստում են այդ երկընտրանքի տարածմանը։ Ընդդիմադիր գործիչներից մինչև փորձագետներ, բոլորն արդարացիորեն ահազանգում են պատերազմի մոտալուտ վտանգի մասին, հասարակությանը զգուշացնում են, որ Ադրբեջանի հետ այս տեսքով «խաղաղության համաձայնագրի» վերջը նոր ռազմական ագրեսիան է։
Խնդիրն այն է, սակայն, որ բոլոր արդարացիորեն ահազանգողներն ու զգուշացնողները, որպես պատերազմը թույլ չտալու ելք՝ նշում են գործող իշխանությանը փոխելու անհրաժեշտությունը, բայց գրեթե ոչ մեկը դեռևս առարկայաբար չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը։ Դա հասարակությանը եթե ոչ՝ ուղղակի, առնվազն՝ ենթագիտակցորեն կարող է ստիպել «Մահ կամ անպատվություն» երկընտրանքում ընտրել անպատվությունը, քանի որ նրան մահը՝ պատերազմը կանխելու իրատեսական առաջարկ չի ներկայացվում։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը, արտաքին թշնամու հետ ստորագրվելիք նվաստացուցիչ թղթի միջոցով, փորձում է լուծել երկրի ներսում սեփական քաղաքական հակառակորդների հարցերը։ Նրան այս պահին չի հետաքրքրում, որ «Խաղաղության համաձայնագիրը» ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովող պայմանագիր է, այլ բարաթ, որով պարտավորված անելիքը պահանջելու են Հայաստանում անպատվության հաղթանակն արձանագրելուց հետո։
Հարություն Ավետիսյան