Փաշինյանի նախընտրական ուղերձը՝ Հայաստանը՝ ձեզ, իշխանությունը՝ ինձ

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը, ինչպես վերջին շրջանի նրա գրեթե բոլոր հրապարակային ելույթները՝ ամբողջությամբ ուղղված էր արտաքին աշխարհին և ընդամենը մեկ իմաստով՝ Հայաստանի հասարակությանը։ Նա չորս ժամից ավելի իր ու իր անունից՝ երկրի ծառայություններն էր առաջարկում գրեթե բոլորին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, Արևմուտքին ու Արևելքին, որոշակի կսմիթներով, անգամ Հյուսիսին՝ Ռուսաստանին։

Այդ երկարաշունչ ու ծանծաղ, սուտ ու կեղծիքով լի ասուլիսը մանիֆեստ էր, որը կարող է արտահայտվել մեկ նախադասությամբ՝ «Հայաստանը պատրաստ եմ հանձնել բոլորին՝ Հայաստանում իշխանությունն իմը լինելու պայմանով»։

Բնականաբար, դա ուղիղ չասվեց, բայց լսողները լսեցին, վերլուծողները վերլուծեցին, հասկացողները հասկացան, որ հաղորդակցությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքով անցնող ճանապարհների մասին Փաշինյանի հիացական ու լղոզված դատողությունների իմաստը պատրաստակամությունն էր՝ արտապատվիրակման անվան տակ հարմար գնով որևէ մեկին հանձնել նաև Հայաստանի կառավարումը՝ պայմանով, որ կառավարիչը կլինի ինքը։

Համաշխարհային քաղաքականության պրակտիկ փորձում և պետությունների մասին ակադեմիական գրականության մեջ դժվար է գտնել նախադեպ, երբ երկրի ղեկավարը սեփական իրավազորության տարածքը նույն հարթության վրա է դնում կոմերցիոն հիմքով կառավարվող օդանավակայանի կամ երկաթուղու և փոստային գործակալության հետ։ Բոլոր այդ համեմատությունների խորքում իրականում Փաշինյանի մտածողությունն ու պատրաստակամությունն է՝ ամեն ինչ չափել նյութական, ֆինանսական արդյունավետությամբ և լավ գնի դիմաց համաձայնել ամեն ինչի, այդ թվում՝ պետությունը որևէ ձևակերպմամբ հավատարմագրային կառավարման կամ արտապատվիրակման հանձնելու։

Կարդացեք նաև

Ընդ որում, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը նման դեգրադացված մտքեր է հայտնում զուտ ընթացիկ կոնյունկտուրայից ելնելով, օպերատիվ շահ սպասարկելու համար։

Սա տևական ժամանակ պետական քաղաքականության վերածված նրա մտասևեռումների պատկերավոր արտահայտությունն է։ Երբ մի քանի տարի շարունակ մարդն ամբիոն է փնտրում հնչեցնելու համար «Այստեղ հաց, այստեղ կաց» բարբաջանքը, իսկ պետական կառավարման համակարգը ծառայում է այդ անհեթեթություններն առաջին պատահած սյան վահանակին փակցնելու համար, պետությունը փոխաբերական իմաստով գամվում է անարգանքի սյանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը, այսպիսով, ամբողջությամբ նախընտրական էր՝ 2026-ին ընդառաջ, այն տարբերությամբ, որ ուղղված էր ոչ թե հասարակությանը, որի քվեարկությամբ նորմալ երկրներում ղեկավար է ընտրվում, այլ աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնց առևտրի արդյունքում «արտապատվիրակվում է» հավատարմագրային կառավարման հանձնված երկրի իշխանությունը կամ այն, ինչ նման է իշխանությանը։

Իսկ հասարակությանը Փաշինյանը հղում էր ոչ թե ուղերձ, այլ նոր սպասվող սարսափելի աղետի մարտահրավեր՝ առանց երկիմաստության հասկացնելով, որ հաշված ամիսներ են մնացել իր իշխանությանն առաջին և վերջին անգամ չհանդուրժելու համար։

Իրականությունն այն է, սակայն, որ պետությունն առաջին իսկ պատահածին արտապատվիրակող իշխանության նկատմամբ լոյալ  հասարակությունն էլ իր հերթին է անհանդուրժողականությունը արտապատվիրակել՝ հայտնի չէ, թե ում՝ այս պահին անդառնալի թվացող անտարբերությամբ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս