«Արցախի հարցը և՛ տարածքային, և՛ իրավունքների հարց է». Տարոն Սիմոնյան
Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Արցախի խնդրին անդրադառնալիս մշտապես խուսափել են «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք» արտահայտությունից, առանց որոշակիացնելու խոսել են իրավունքի մասին ու բազմիցս հայտարարել, որ իրավունքից պետք է բխեցնել Արցախի կարգավիճակը։ Մինչդեռ 2018-2020 թվականներին նույն իշխանությունը և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խոսում էր ինքնորոշման իրավունքից, այլև ռիսկային հայտարարություններ էր անում: 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ավելի զգուշավոր դարձան, բայց Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` ինքնորոշման իրավունքը պաշտպանելը, մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք»:
Դատելով իշխանության առաջին դեմքերի խուսափողական ձևակերպումներից՝ կարելի է ենթադրել, որ դաշտն ավելի ականապատ է դարձել:
Այդուամենայնիվ, հասարակության համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է մոռացվում արցախահայության ինքնորոշման իրավունքը, առհասարակ որքանո՞վ են հայկական կողմի շահերից բխում նմանօրինակ հայտարարությունները, և դրանք ադրբեջանական կողմը բանակցությունների սեղանին ինչպե՞ս կարող է օգտագործել Հայաստանի ու Արցախի դեմ։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը չցանկացավ մեկնաբանել իշխանությունների այս հայտարարությունները, ընդգծելով, որ չի մեկնաբանում օրվա իշխանությունների խոսքերը, քանի որ դրանք շատ դեպքերում տրամաբանական չեն, դրանք որևէ ձևով խարսխված չեն հայկական շահի վրա։
Տարոն Սիմոնյանը փորձեց ընդհանուր մեկնաբանություն տալ՝ շեշտելով, որ Արցախի հարցը նաև իրավունքների հարց է, ինչ վերաբերում է այնտեղ ապրող արցախահայության իրավունքների պաշտպանությանը, և եթե այդ իրավունքների պաշտպանությունն այս իրավիճակում այլ տարբերակ չունի, քան հայկական պետության միացման կամ անկախության տարբերակը, ապա իրավունքների պաշտպանության մասին խոսելիս հնարավոր չէ այլ բան հիմք ընդունել, եթե ոչ՝ ինքնորոշման իրավունքը։
«Սա կոչվում է միջազգային իրավունք՝ փրկություն անջատման միջոցով, որովհետև բնակիչներն իրենց իրավունքները չեն կարողանում պաշտպանել այլ կերպ, քան անջատվելով Ադրբեջանից և միանալով Հայաստանին կամ հռչակվելով անկախ պետականություն։ Սա միջազգային իրավունքի ճանաչված սկզբունք է, որը գործում է ինքնորոշման իրավունքի ներքո։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ այսօրվա իշխանություններն այս իրավական տրամաբանությանն են ուզում հարել իրենց խոսքերով։ Բայց քանի որ թեմային լավ չեն տիրապետում, իրենք ցաքուցրիվ են դրա մասին խոսում, որը շատ դեպքերում մեզ վնաս է տալիս։
Բացի այդ, չի կարելի անընդհատ ասել, որ Արցախի հարցը տարածքային հարց չէ, այլ միայն իրավունքների հարց է։ Արցախի հարցը և՛ տարածքային, և՛ իրավունքների հարց է, որովհետև մենք մշտապես ասել ենք, որ անկախ Ադրբեջանը երբեք տիտղոս չի ունեցել Արցախի տարածքի նկատմամբ, ավելին, այն տարածքների նկատմամբ, որոնք Խորհրդային Միության տարիներին անջատվել են Հայաստանից և կցվել են Ադրբեջանին»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
Ըստ իրավապաշտպանի, այստեղ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի շատ գյուղական վայրերի, ինչպես նաև Տավուշին, կրկին շատ գյուղական վայրերի հետ կապված։
«Այս ամենը ենթադրում է, որ խնդիրը նաև տարածքային հարթություն ունի, հետևաբար՝ պետք չէ բացառել մեկ բան, ինչ է թե՝ ընդգծում են մեկ այլ բան»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։