Սա համահայկական վերնախավային ճգնաժամ է, Երրորդ Հանրապետություն նախագծի դեմոնտաժը․ Հայկ Դեմոյան

Վերջին տարիների ընթացքում մենք անցանք ողբերգական ճանապարհ, որը հայ ժողովրդի պետականության պատմության մեջ պատմական հնարավորության դեգեներացման և այլասերման դասական օրինակ է՝ ի դեմս հայաստանյան և սփյուռքյան քաղաքական, տնտեսական, գաղափարական, գիտական վերնախավերի։ Սա համահայկական վերնախավային ճգնաժամ է։ 1988-ի շարժման խորհուրդն այն էր, որ խորհրդային կրթություն ստացած մարդիկ, որոնք ինտելեկտուալ էին, ունեին որոշակի արժեհամակարգ, ձերբազատվեցին գաղափարական կաշկանդումներից։ Այն ուներ իր նախադեպը՝ 1965-ի շարժումը, երբ հողերի վերադարձի, հիշատակման վայրի՝ Ծիծեռնակաբերդի ստեղծման պահանջներ դրվեցին, և դա տեղի ունեցավ, այսինքն՝ կուտակված էներգիան հրաբխի նման ժայթքեց։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմագիտության դոկտոր Հայկ Դեմոյանը։

«Ինչո՞ւ հանգեց 1965-ի և 1988-ի հրաբուխը։ Այն մարդիկ, ովքեր համարվում էին քաղաքական էլիտա՝ համակցված բիզնես և ինտելեկտուալ էլիտայի հետ, ջանքեր չներդրեցին պարզ խնդրի՝ հզոր պետականության, այն է՝ կայացած, աշխատող, գործող պետության ստեղծման ուղղությամբ, որտեղ հարգված է մեկ միավորի՝ ՀՀ քաղաքացու իրավունքը։ Մենք մարդակեր կամ գլխակեր պետություն ստեղծեցինք, այն դրսևորվեց չբացահայտված սպանությունների շարքով՝ սկսած 1992-ից։ Միգուցե դա կարելի է վերագրել պետականության ստեղծման դժվար ճանապարհին, օրինակներ բերել այլ երկրների հեղափոխություններից կամ քաղաքացիական պատերազմներից, բայց հարցը բարոյական դաշտում դիտարկելու դեպքում ակնհայտ է, որ պատերազմի, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող երկիրը, որն ուներ Ցեղասպանության հիշողություն, իրավունք չուներ այս ամենը մի կողմ դնելու։ Արդյունքում՝ 1990-ականների սկզբին սկսվեց նախնական կապիտալի կուտակում»,- ասաց գիտնականը։

«Ամենասարսափելի եզրահանգումն այն է, որ այն մարդիկ, ովքեր պայքարել էին, ընկերների կորուստներ տեսել, ճանապարհ անցել, գիտեին՝ ովքեր են Հայաստանի թշնամիները, եկան եզրահանգման, որ կյանքը դասավորվել է, և պետք է վերանայել սկզբնական դիրքորոշումը։ Վերնախավը ոչ թե ընտրյալները կամ լավագույններն են, այլ քաղաքական, տնտեսական, գաղափարական, ինտելեկտուալ որոշում կայացնողները։ Մինչդեռ պարտադիր չէ, որ ժողովուրդը բարձրագույն կրթություն կամ ինտելեկտուալ մակարդակ ունենա։ Եվ հանկարծ՝ ինչ-որ անտեսանելի ձեռք որոշում է, որ գիտակից զանգվածին պետք է անգիտակից դարձնել, հասարակության անջատման գործընթաց է տեղի ունենում, որի լավագույն գործիքը հեռուստացույցն է։ Մեր դիտած հաղորդումները դեգեներացնում են հասարակությանը։ Ժամանակին ասում էի, որ այսպիսի եթերով մոտակա տարիներին կունենանք մի սերունդ, որը նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների գալը կհամարի ավելորդ, որովհետև հարցն ինքնին կլուծվի»,- նշեց Դեմոյանը։

Պատմաբանի կարծիքով՝ հանրությունը, հատկապես՝ գալիք սերունդը, որը պիտի բանակ գնա, մտածի՝ Արցախը մեզ պե՞տք է, թե՞ ոչ, գաղափարական, բարոյական, արժեհամակարգային դասական ահաբեկչության զոհ է, երբ փուլ են գալիս հիմնասյուները․ «Մենք մտածում էինք, թե Եղեռնը, Ծիծեռնակաբերդը կարմիր գիծ է, մեր արժեհամակարգի սրբություններից է, Արցախը՝ նույնպես, բայց հիմա ամեն ինչ հնարավոր է։ Երբևէ կպատկերացնեի՞ք, որ Հայաստանի ղեկավարը բացեիբաց, վստահ լինելով, որ անպատիժ կմնա, կհայտարարի, թե Շուշին ադրբեջանական քաղաք է։ Այդ հայտարարությունների համար հիմք էր ստեղծվել, և դրա մեջ գցվեց այն սերմը, որը 2018-ին ծիլ տվեց։ Ակոսներ բացողներ են եղել, դա երկարաժամկետ մշակված ծրագիր էր։ Երրորդ Հանրապետություն նախագիծը վաղուց դեմոնտաժ է արված։ Առաջին նախագահը ժամանակին ասաց, թե մենք ազգային գաղափարախոսության կարիք չունենք, բայց նա չստեղծեց այլընտրանք, որի հիմքում կլիներ պետականաստեղծ գործընթացը, այսինքն՝ նպատակ դրվեր ուժեղ, կաշառակերությունից զերծ և կայուն գործող պետականության կերտման։ Այդպիսի պետականության ավանդույթ ի սկզբանե չստեղծվեց»:

«Մենք զիգզագաձև գնացինք բոլոր ուղիներով, բացի մեկից՝ ուժեղ պետության ստեղծումից։ Այն ենթադրում է ուժեղ բանակ, մենք պետք է խիզախություն ունենանք և 2020-ի ազգային աղետի պատճառները տեսնենք։ Հայկական պետականության կլինիկական մահը վերջնականապես ամրագրվեց 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ, երբ վաղուց նախանշված ծրագրով իշխանության եկավ մի խումբ։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որում հետադարձ չկա, այն փակուղի է։ Անցյալով է պետք դիտարկել ապագան։ 2018-ի վերափոխման հիմքը կուտակված էներգիան էր, որը բացասական առումով օգտագործվեց ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից։ Նրանցից շատերը մինչ օրս չեն ուզում գիտակցել, որ իրենք ընդամենը բութ գործիքի տեսքով օգտագործվել են որոշակի գործողության իրականացման համար»,- ամփոփեց Հայկ Դեմոյանը:

Տեսանյութեր

Լրահոս