Վարակակիրների մեծ թիվը կառավարության ոչ ադեկվատ քայլերի արդյունք է. Գարիկ Աղաբեկյան

«Չի կարելի միանշանակ ասել, որ հանրությունը սխալ է: Սա ավելի շուտ կառավարության ոչ ադեկվատ քայլերն էին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավորախտաբան, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի վարակակիրների աճող թվերին՝ մեր զրուցակիցը հավելեց.

«Նախ՝ առողջապահության նախարարը, հետո՝ վարչապետը այդքան լուրջ չվերաբերվեցին այս վարակին, և բնական է, բնակիչներն էլ նույն կերպ լուրջ վերաբերմունք ցույց չտվեցին: Հետո համաճարակային քայլերը, որ կատարվեցին, համապատասխանաբար ոչ լուրջ էին, ոչ ադեկվատ և ժամանակի առումով բավականին ուշացած: Դրա համար էլ քանակը մեծացավ, ու ունենք այն, ինչ ունենք»։ Մեր հարցին, թե վիրուսի տարածման արդեն անվերահսկելի իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը, Գարիկ Աղաբեկյանը պատասխանեց.

«Անվերահսկելի է արդեն բավական ժամանակ: Եվ առողջապահության նախարարն անգամ մի անգամ արտահայտվեց, որ վիճակն անվերահսկելի է: Եթե հիշում եք, առողջապահության նախարարը մի անգամ հայտարարեց, որ մայիսի վերջին 10.000-ից ավելի վարակակիր ենք ունենալու, և ինքը իր խոսքի տերը եղավ, այդ քանակն ապահովեց:

Եթե իշխանությունը պարտադրում է, որպեսզի քաղաքացին դիմակ կրի և ալկոգելով ձեռքերը միշտ լվանա, վատ չէր լինի, որպեսզի իշխանություն, եթե մի բան դու որոշում ես, մի հրաման ես հանում, դու պետք է ապահովես դա, որպեսզի քաղաքացին դա կատարի: Եվ եթե դու ապահովում ես, և քաղաքացին չի կատարում, այդ ժամանակ իրավունք ունես պատժես: Ինչո՞ւ: Նախ սկզբի շրջանում դիմակները բավականին թանկ էին ու չկար: Մենք ունենք քանակության առումով բավականին շատ տեքստիլ ֆաբրիկաներ, և կառավարությունը կարող էր այդ տեքստիլ ֆաբրիկաներին հրահանգել, և նրանք դիմակներ արտադրեին: Ֆաբրիկայի վրա դիմակը կարժենար 20 դրամ, և կառավարությունը լավ կաներ, որպեսզի բյուջեից գումար տրամադրեր՝ այդ դիմակները գներ և բոլոր բնակիչներին, բոլորին անխտիր, փողոցում դրած բաժանեին՝ ամեն մեկին, օրինակ, 1-2 հատ: Եվ այդ ժամանակ ասեին՝ «մենք բաժանել ենք, բա ինչո՞ւ չեք կրում»: Ալկոգելները մարդաշատ տեղերում կարող էին դնել և ասել՝ «բաժանել ենք, ինչո՞ւ ձեր ձեռքերը չեք լվանում»»:

ՀՀ նախկին գլխավոր ախտաբանի խոսքով՝ կառավարության հրամանը, թե բոլոր հիմնարկները պետք է դիմակներ բաժանեն, չի կատարվում: Ըստ Գարիկ Աղաբեկյանի՝ սուպերմարկետներում ընդհանրապես նման բանի չես հանդիպի, իսկ բանկերի ընդամենը մի մասն է, որ դիմակներ է տրամադրում հաճախորդներին:

«ժողովուրդը պետք է զգա, որ իշխանությունն իր մասին մտածում է: Իսկ այսպես մենք ոչ մի բան չենք անում: Ասեցին՝ հիվանդանոցներում տեղ չկա, հիմա հերթագրումով է, վարչապետն ասեց՝ 200 հոգի հերթի տակ է: Այ ցավդ տանեմ, էդ նախարարդ էդտեղ որ նստած ա, չի իմանում, որ հիվանդանոցներում լիքը տեղ կա: Բժշկական համալսարանի առաջին հիվանդանոցը դրանից հետո հայտարարեց, որ մի բաժին են առանձնացրել, և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, որ էլի Բժշկական համալսարանինն է, մի կորպուս են տրամադրել տվյալ հիվանդների համար, բայց ոչ մի հիվանդ չկա: «Նաիրի» ԲԿ-ի բաժիններ են տրամադրել, բայց ոչ մի հիվանդ չկա: Հիմա ո՞ւմ ասես: Բա ինչո՞ւ չի կանչում նախարարին, ասի՝ «արա, բա դու քո կառույցում կատարվող բաներին չե՞ս տիրապետում»: Կամ մենք բոլոր մարզկենտրոններում ունենք վերանորոգված, նորմալ հիվանդանոցներ, բոլոր պարագաներով հագեցված, ինչո՞ւ չեն տանում մարզերի հիվանդանոցներ»,- ասաց պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը՝ նշելով, թե ինքն ավելի վաղ ԶԼՄ-ների միջոցով դիմել է նախարարին, բայց ՝ «ձայն բարբառոյ յանապատի»:

Մեր դիտարկումը, թե նախարարը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, թե որոշում է կայացվել, որ «Նաիրի» ԲԿ-ն առհասարակ չի մասնակցի կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, զարմացրեց պրոֆեսորին:

«Ժամանակակից, գերհագեցած բժշկական կենտրոն է,ինչո՞ւ չեն տանում, եթե հիվանդանոցը դատարկ է, դուք էլ ասում եք՝ 200 հոգի հերթի տակ է, տարեք էնտեղ պառկացրեք, ի՞նչ խնդիր կա, լոգիկան որտե՞ղ է»,- հռետորական հարց ուղղեցԳարիկ Աղաբեկյանը:

Պրոֆեսորը վստահ է՝ տոտալ սահմանափակումները այլևս չեն կարող որևէ կերպ օգնել կորոնավիրուսի կանխարգելմանը: Գարիկ Աղաբեկյանն իր ասածը օրինակով հստակեցրեց:

«Պատկերացրեք, որ ուզում եք գնացք նստեք, և չեք հասցնում, գնացքի հետևից վազում եք: Գնացքը գնում է, դուք հետևից վազում եք, որ հասցնեք: Մենք այդ վիճակին ենք»,- ասաց Գ. Աղաբեկյանը՝ հավելելով, թե վերջերս կատարված որոշակի խստացումները դրական ազդեցություն կունենան, և 10-15 օր հետո հիվանդացության քանակը կընկնի:

Դիմելով առողջապահության նախարարին՝ ՀՀ նախկին գլխավոր ախտաբան Գարիկ Աղաբեկյանը բարձրացրեց կորոնավիրուսային հիվանդության բուժման մեխանիզմի հարցը:

«Պարոն նախարար, ինչո՞ւ չեք ստեղծում պրոտոկոլներ, թե տվյալ վարակով վարակված հիվանդներին ո՞նց պետք է ախտորոշեն, ի՞նչ բուժում պետք է անեն, և ե՞րբ, ի՞նչ պայմաններում պետք է դուրս գրեն:

Ես վստահ եմ՝ ջերմիջեցնող պրեպարատներ են տալիս, արյունը ջրիկացնող պրեպարատներ են տալիս, որոշ տեղեր, եթե անգրագետ են լինում, անտիբիոտիկ կարող են տալ, որովհետև լսել եմ, որ անտիբիոտիկ էլ են տալիս, այն դեպքում, որ անտիբիոտիկը վիրուսի հանդեպ ոչ մի ազդեցություն չունի, և եթե հիվանդը վատացավ, միացնում են արհեստական շնչառության ապարատին և սպասում են, որ օրգանիզմը, իմունային համակարգը պայքարի, որ օրգանիզմը բուժվի: Դա իմ կարծիքն է»,- ասաց պրոֆեսորը՝ նշելով, թե այդպրոկոտոլները պարտադիր պետք է գրվեին համապատասխան մասնագետների հետ և բաժանվեին բոլոր հիվանդանոցներին, որտեղ կորոնավիրուսով հիվանդներին ընդունում են, որպեսզի չասեն՝ բժիշկները տեղյակ չեն, չգիտեն՝ ինչ անել:

«Լավ է՝ մեր բժիշկները, փառք Աստծո, քրտնաջան աշխատում են՝ ի նպաստ մեր հասարակության: Բավականին մեծ աշխատանք են կատարում բժիշկները, և լավ կլիներ, որ այն պարգևավճարները, որ կառավարությանը, մարզպետարաններին, ԱԺ-ին ենտալիս, այդ պարգևավճարները մեծ գումարներով տային բժիշկներին, ոչ թե 50.000 կամ 100.000, որ բժիշկները ասեին՝ հալալ ա մեր կառավարությանը, մեր մասին մտածում է»,- ասաց մասնագետը:

Մեր դիտարկմանը, թե նախարարի խոսքով ՝ կորոնավիրուսը նոր վարակ է, հետևաբար՝ անհայտ է, թե ինչպես պետք է այն բուժել, ուստի վարակակիրներին հարակից հիվանդությունների համար են դեղորայք տալիս, բժշկագիտության դոկտորը արձագանքեց.

«Հարակից հիվանդությունն առանց այդ էլ այդ մարդիկ բուժում են: Բայց մարդը հարակից հիվանդության համար չի պառկել: Վիրուս եք հայտնաբերել: Դուք պառկացրել եք, որ խրոնիկ հիվանդությունը բուժե՞ք: Էլ ինչի՞ եք տանում Ինֆեկցիոն հիվանդանոցում պառկեցնում: Պրոտոկոլը պարտադիր պետք է ստեղծվեր, գոնե այն մակարդակով, ինչին մեր մասնագետները տիրապետում են: Առողջապահության նախարարը սկզբից պետք է հրավիրեր էպիդեմիոլոգներին, վիրուսոլոգներին, մասնագետներին, առողջապահական ոլորտի նախկին ղեկավարներին, մենք էլի ենք էպիդեմիաներ ունեցել, և քննարկեին, ճանապարհներ փնտրեին՝ ի՞նչ անել, ո՞նց անել: Մեզ մոտ ուղղակի ամեն մի նախարար ինչ-որ մի բան էր արտահայտում այս վիրուսի հետ կապված, որն ընդհանրապես իր մասնագիտությունից շատ հեռու է: Համակարգված աշխատանք չկա կառավարությունում»:

Մեր զրուցակիցը խոսեց մի դեպքի մասին, երբ օրեր առաջ մի սրճարանում մի քանի երիտասարդ մոտեցել են, ասել, թե պարետի որոշմամբ սրճարանը մի քանի ժամով պետք է փակեն: Գ. Աղաբեկյանի հարցին, թե դեզինֆեկցիա են անելու կամհակասանիտարական գործողությո՞ւն, երիտասարդները բացասական պատասխան են տվել՝ ասելով, թե պարետի որոշումն է, պետք է կատարվի:

«Այսինքն՝ վիրուսը զանգել է կառավարություն, ասել է՝ վաղը ես գալու եմ այդ այգում մարդկանց վարակեմ, բայց ժամ չի ասել, դուք էլ, որպեսզի վիրուսը գա, դռները փակ լինի, 24 ժամով փակո՞ւմ եք: Իմաստ ո՞րն է»,- հեգնեց Աղաբեկյանը՝ հավելելով, թե հրամանները տրվում են՝ առանց մտածելու:

Գարիկ Աղաբեկյանից հետաքրքրվեցինք, թե երբ օրենքով արգելված է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին դիահերձել, արդյո՞ք հնարավոր է՝ մահացությունների սխալ պատկեր ստացվի:

«Երբ որ մեր առողջապահության փայլուն փոխնախարարը (երևի ինքն ուսանող ժամանակ անգամ դիահերձարանէլ չի մտել ու չգիտի՝ դիահերձումն ինչ է) կառավարության օրենքը ներկայացրեց Ազգային ժողովում, այդ ցածր մակարդակի օրենքը ներկայացրեց, անգամ ԱԺ նախագահը հարց տվեց, որոշ պատգամավորներ հարցեր տվեցին, և փոխնախարարն անգամ չկարողացավ պատասխանել այդ հարցերին: Ես կարծում եմ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրամանն էր, որ այդ օրենքը անցկացվեր, որովհետև հրաման կար, որ բոլոր երկրներում դիահերձում չկատարվի: Ուղղակի Ռուսաստանը և Իտալիան արհամարհեցին այդ որոշումը, և իրենց մոտ դիահերձումները կատարում են: Դիահերձումը անհրաժեշտ է, որ հստակ, 100%-ով իմանաս մահվան պատճառը»,- ասաց Գարիկ Աղաբեկյանը:

ՀՀ նախկին գլխավոր ախտաբանի համար անհասկանալի է այն հանգամանքը, երբ նշվում է, թե քաղաքացիների մի մասը մահացել են կորոնավիրուսից, իսկ մյուսները ունեցել են կորոնավիրուս, բայց այդ դեպքում վարակը մահվան պատճառ չի հանդիսացել:

«Կորոնավիրուսը այնպիսին, ինչպիսին, որ կա, մահ չի առաջացնում: Մոռացեք դա: Այն կարող է բերել որոշ խրոնիկ հիվանդությունների սրացման, որը կարող է մահ առաջացնել: Բայց որպեսզի այս դիրքորոշումը նաև 100%-ով կարողանաս պնդել, դու պետք է անես դիահերձում, որպեսզի հասկանաս, թե այդ մարդը ինչից մահացավ:

Որպես կանոն՝ հիմնականում մահանում են խրոնիկ հիվանդները, որոնց մոտ այդ վիրուսը սրացնում է հիվանդությունները: Դրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանում և Իտալիայում, որ դիահերձումներ են արել, հայտարարեցին, որ կորոնավիրուսը բերում է նաև արյան մակարդելիության բարձրացման»,- ասաց Գարիկ Աղաբեկյանը:

Բժշկագիտության դոկտորը վստահ է, որ Հայաստանում հնարավոր է ապահովելանվտանգ դիահերձում: Նրա խոսքով՝ նախկինում, որպեսզի դիահերձարանը գործունեության լիցենզիա ստանար, պետք է որոշակի չափորոշիչների համապատասխաներ, որի համաձայն՝ բացի սովորական դիահերձումից, պետք է ունենար նաև մեկ սրահ ինֆեկցիոն դիակներին դիահերձելու համար: Գ. Աղաբեկյանի խոսքով՝ լիցենզիաները փոխվել են Լևոն Ալթունյանի՝ առողջապահության նախարար լինելու օրերին, ու արդյունքում՝ ցանկացած մարդ հնարավորություն ունի, անգամ 20 քառակուսի մետր սենյակ ունենալու դեպքում, սալիկապատել այն, անունը դնել դիահերձարան և գումար աշխատել:

Անդրադառնալով նախարարի խոսքին, թե բժիշկների մասին են մտածում, որ չվարակվեն դիահերձման ընթացքում, Գարիկ Աղաբեկյանը նշեց.

«Բա էդ նույն մեկ սենյականոց դիահերձարաններում, որ սպիդով հիվանդ է, բժիշկները մասկա են հագնում կամ համապատասխան հագո՞ւստ՝ դիահերձում կատարելու համար, հեպատիտով, տուբերկուլյոզով հիվանդներին:

Օրինակ, Առողջապահության նախարարությանը կից ունենք դատաբժշկական փորձաքննության բյուրո, որտեղ ժամանակին կար երկու սենյակ դիահերձարան, մեկը՝ ինֆեկցիոն դիակների համար: Որ ասում են, թե ինֆեկցիոն դիահերձարան պետք է ստեղծենք, ծախսը տեսնենք: Ի՞նչ ծախս: Դրա համար պետք է ընդամենը այդ սեղանի տակ դնեն 200 լիտրանոց աման, ու դիահերձման ջուրն ու ամենը գնում էայդ ամանի մեջ, որպեսզի կոյուղի չգնա, հետո քլորով ինֆեկցիա անեն ու հետո դա հանգիստ լցնեն կոյուղի: Առաջ ինֆեկցիոն դիակները հերձելու համար կային հատուկ ֆորմաներ, գնայիք ԱԻՆ, այնտեղ այդ ֆորմաներից շատ կա, 2 հատ վերցնեիք, խնդրեիք, կտային: Բերեիք դիահերձարանում դնեիք, մարդիկ հագնեին, հերձեին: Օրական, այնքան շատ դիակ էլ չունեք, որ ասեմ՝ բժիշկները չեն հասցնի: Սա ուղղակի հրաման է, որ դիահերձում չանեք, իրենք էլ խելոք չեն անում, և վերջ: Դրա համար այս վիճակն է՝ չգիտենք, թե ինչի դեմ ենք պայքարում»:

 

Տեսանյութեր

Լրահոս