Ո՞վ կարող է ասել՝ ինչպիսի՞ սոցիալական իրավիճակ է լինելու երկրում 1 կամ 2 տարի հետո, և գուքահարկի բարձրացումն ինչպիսի՞ բեռ է դառնալու մարդկանց համար
Տնտեսությունը քանդվում է, անշարժ գույքի շուկան կանգնած է փլուզման եզրին, մարդիկ զրկվում են իրենց եկամուտներից, հացի փող աշխատելու հնարավորություն չունեն, աղքատությունը խորանում է, իսկ կառավարությունը պատրաստվում է գնալ հարկային բեռի ավելացման։ Էական չէ, թե խոսքն ինչ գումարի մասին է։ Ճգնաժամի պայմաններում յուրաքանչյուր դրամը կարևոր է մարդկանց համար։
Չգիտես՝ ինչից ելնելով՝ որոշել են, որ հաջորդ տարվանից պետք է գույքահարկը բարձրանա։ Ու դրա համար ինչ-որ հիմնավորումներ են գտել։
Ֆինանսների նախարարը հայտարարում է, որ գույքահարկի բեռը Հայաստանում շատ ցածր է և պետք է բարձրանա, իսկ վարչապետը բյուջեի նկատմամբ քաղաքացիների շրջանում հարկերի վճարման մշակույթ ձևավորելու մասին է խոսում։ Կարծես, եթե քաղաքացիները գույքահարկ վճարեցին, այլևս պետական պաշտոնյաները դադարելու են այն ծախսել, ինչպես ուզում են։
«Սովորաբար պետական բյուջեի նկատմամբ կա երկու վերաբերմունք, երբ պետական պաշտոնյաները կամ համակարգը դա համարում է իրենը, իսկ հանրությունը ենթագիտակցության մեջ բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է կորսված փող։ Սա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Դա մեր համախառն ազգային գրպանն է, որը պատկանում է բոլորիս, և մեր յուրաքանչյուրի բարեկեցությունը և անվտանգությունը կախված է նրանից, թե որքան գումար է հավաքվում այդտեղ։ Հետևաբար՝ մենք պետական բյուջեին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես վերաբերվում ենք ընտանեկան բյուջեին»,- ասում է վարչապետը։
Ըստ էության, կառավարությունում մինչև հիմա այդպես էլ վարվել են՝ ինչպես ուզել, այնպես էլ ծախսել են բյուջեի փողերը։ Ուզել են՝ թանկարժեք ճանապարհորդություններ են կատարել, ճոխ մեքենաներ են գնել, վերանորոգված բնակարաններն են կրկին վերանորոգել, պետական պաշտոնյաներին միլիոնների հասնող պարգևավճարներ են բաժանել, և այդպես շարունակ։
Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ հասարակ քաղաքացին։ Այնպիսի տպավորություն է, որ գույքահարկը բարձրացնելով՝ կառավարությունը մի բան էլ լավություն է անում նրանց։
Որ գույքահարկը կարևոր հարկատեսակ է սոցիալական արդարության տեսակետից, այդպես էլ կա։ Բայց դա դեռ չի նշանակում, թե կարելի է առանց ծանր ու թեթև անելու, առանց հետևանքները կշռադատելու՝ միանգամից գնալ կտրուկ քայլերի։ Մինչև այդ՝ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու։
Արդյո՞ք լուծված են այսօր այդ խնդիրները, և ժամանակն է գնալ գույքահարկի համատարած բարձրացման։ Պատասխանը միանշանակ է՝ իհարկե ոչ։
Երբ խոսվում է տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսների մասին, կառավարությունը հայտարարում է, թե անորոշություններն այսօր չափազանց շատ են։ Իսկ ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի սոցիալական իրավիճակ է լինելու երկրում 1 կամ 2 տարի հետո, և գուքահարկի բարձրացումն ինչպիսի՞ բեռ է դառնալու մարդկանց համար։
Սոցիալական լարվածության խորացման պայմաններում՝ տրամաբանական չէ գնալ գուքահարկի բեռի ավելացման։ Այն էլ՝ հասարակության բոլոր խավերի համար։
Եթե ցանկությունը դղյակները հարկելն է՝ հարկեք։ Ի՞նչ կապ ունի դրա հետ այն քաղաքացին, ով հազիվ կարողացել է պարտքով մի խղճուկ բնակարան ձեռք բերել՝ գլխին ծածկ ունենալու համար։ Մի՞թե այսօր այդ քաղաքացուն հարկելու ժամանակն է՝ կարևոր չէ, դա կլինի 100, թե 1000 դրամի չափով։
Բայց չէ, կառավարությունը որոշել է, որ պետք է հարկի բոլորին։ Ցանկացած գույք մտնելու է հարկման տակ։ Կապ չունի՝ դա դղյա՞կ է, թե՞ խրճիթ. պետք է վճարել։ Ընդ որում, վճարը լինելու է բավական շոշափելի։
Միայն այն, որ այս փոփոխությամբ ակնկալվում է ավելի քան 4 անգամով ավելացնել գույքահարկի մուտքերը, բավական է դրանում համոզվելու համար։ Այդ գումարները չեն վճարելու միայն օլիգարխներն ու դղյակների սեփականատերերը։ Այդ գումարների մեծ մասը գնալու է հասարակ քաղաքացու գրպանից։
Այսօր եթե նրանից շատերն ազատված են գույքահարկից, վաղը ստիպված են լինելու վճարել և ոչ թե՝ 100 կամ 1000 դրամ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ մի քանի անգամ ավելի շատ։ Նույնիսկ Երևանի ծայրամասում գտնվող բնակարանի գույքահարկը պակաս փոքր գումար չի լինելու։
Ինչպես սոցիալական լարվածության խորացման, այնպես էլ տնտեսական ճգնաժամի պայմաններում անմտություն է գնալ գույքահարկի բարձրացման։ Տնտեսության կորուստները մեծանում են, իսկ կառավարությունը պատրաստվում է գուքահարկի տեսքով ավելացնել ֆինանսական բեռը։ Ժամանակին, չնայած բազմաթիվ զգուշացումներին, այդպես արեցին նվազագույն աշխատավարձի շեմն անհիմն ձևով բարձրացնելով, որ այսօր բազմաթիվ տնտեսվարողներ ստիպված են աշխատողներին կրճատել, որպեսզի կարողանան դուրս գալ լրացուցիչ ֆինանսական ծանրության տակից։ Հիմա էլ գույքահարկն է։
Տնտեսության կորուստները քիչ են, մի բան էլ՝ այս հատվածում պիտի լրացուցիչ բեռ վերցնեն։
Գույքահարկի բարձրացումը կմեծացնի նաև անշարժ գույքի շուկայի լարվածությունը և կխորացնի լճացումը։ Առավել ևս, որ մյուս կողմից էլ՝ իշխանությունները սկսել են նախապատրաստվել մեկ այլ, ոչ պակաս ռիսկային նախաձեռնության կիրառման։ Խոսքն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին է։
Դժվար է ասել, թե որքանո՞վ են հաշվարկել գույքահարկի բեռն ավելացնելու հետ կապված բոլոր ռիսկերը, բայց դրա տնտեսական և հատկապես սոցիալական հետևանքները ծանր են լինելու։ Ակնհայտ է, որ այսօր առնվազն բոլորին նույն կաթսայի մեջ դնելու ժամանակը չէ։ Բայց իշխանությունները մտադիր չեն հաշվի նստել այդ իրողության հետ։
Խոսքն այն իշխանության մասին է, որը եկել էր ժողովրդի մատից փուշ հանելու համար։
Դրա փոխարեն՝ այսօր ունենք շատ ավելի ծանր սոցիալական ու տնտեսական իրավիճակ, քան 2 տարի առաջ էր. աշխատատեղերը գնալով կրճատվում են, մարդիկ զրկված են աշխատելու հնարավորությունից, աղքատությունը խորանում է, եկամուտները նվազում են։ Ու այդ պայմաններում կառավարությունը պատրաստվում է հարկային նոր բեռ դնել մարդկանց վրա։
Չնայած դա դեռ սկիզբն է։ Առաջիկայում նոր անակնկալներ էլ են սպասվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ