Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագիրը Իսրայելում կարող է դավաճանություն ընկալվել. Էհուդ Օլմերտ
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը իռլանդական RTÉ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը Իսրայելում կարող է «դավաճանություն» ընկալվել։
«Ըստ իս, հնարավոր է, Նեթանյահուի սկզբնական դիրքորոշման տեսանկյունից դա կարող է դավաճանություն մեկնաբանվել, թեև նա երբեք դա չի խոստովանի, որովհետև նա լիովին կախված է նախագահ Թրամփի հետ հարաբերություններից և նրա աջակցությունից»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում որպես նպատակ օգտագործում էին «Իրանի կողմից տարածաշրջանային զինված պրոքսի-խմբավորումների աջակցության դադարեցումը և հրթիռային ծրագրի սահմանափակումները՝ որպես Իրանի դեմ պատերազմի հիմնավորում»։
Օլմերտի կարծիքով՝ սպասվում է, որ այս կետերից և ոչ մեկը ներառված չէ առաջիկա բանակցությունների օրակարգում։
Ընդսմին, նա նշել է, որ հնարավոր համաձայնագրի գնահատմանը պետք է զգուշությամբ մոտենալ, քանի որ բոլոր մանրամասները դեռևս հայտնի չեն։
«Մենք չգիտենք բոլոր ասպեկտները, բայց, ինչպես երևում է, մեծ անջրպետ կա փետրվարի 28-ին ռազմական գործողության սկզբում ԱՄՆ-ի և Իսրայելի սկզբնական ակնկալիքների և ԱՄՆ-ի ու Իրանի միջև ներկայիս փոխըմբռնման միջև, որն նվազ բովանդակալից է, քան ենթադրվում էր»։
Օլմերտը հայտարարել է, որ, իր կարծիքով, «դուռը բաց է» Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագրի համար, և հավելել է, որ Իսրայելը պետք է դուրս բերի զորքերը հարավային Լիբանանից։
Նա նշել է, որ լիբանանյան կառավարությունը ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ հայտարարել է Իսրայելի հետ խաղաղության բանակցությունների պատրաստակամության մասին։
«Մեզ պետք չեն ոչ մի տարածքներ հարավային Լիբանանում։ Մենք պետք է հեռանանք. լիբանանյան կառավարության հետ բանակցային գործընթացի շրջանակում պետք է ամբողջությամբ դուրս բերենք զորքերը հարավային Լիբանանից և իրականացնենք բոլոր անհրաժեշտ տարածքային կարգավորումները, և պետք է փորձենք խաղաղություն կնքել։ Եվ, հնարավոր է, լիբանանյան կառավարության հետ համագործակցությամբ մենք կարողանանք ակտիվորեն զինաթափել «Հըզբոլլահին», որը դեռևս շատ վտանգավոր ու լուրջ ահաբեկչական կազմակերպություն է, որը սպառնում է ոչ միայն Իսրայելին, այլև բուն Լիբանանին։ Դրա համար կարող ենք համագործակցել Լիբանանի հետ, այլ ոչ թե բռնազավթել հարավային Լիբանանի որևէ հատված»,- ասել է Օլմերտը։
Իսրայելի նախկին վարչապետը միաժամանակ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարություններին չպետք է վերաբերվել իբրև անփոփոխ բանի՝ նշելով, որ նա հակասական արտահայտություններ է արել իրանական ղեկավարության մասին։
«Վերադարձեք մի քանի օրից և նրան մեջբերեք այն, ինչ նա ասել է, և դա կլինի հակառակն այն ամենի, ինչ նա ասում է տվյալ պահին, և այդպես շարունակ»,- հիշեցրել է իսրայելցի քաղաքական գործիչը։
Նա հայտարարել է, որ մեկ հարվածից հետո իրանական վարչակարգի փլուզման ակնկալիքն անիրատեսական էր։
Օլմերտը նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չունեին պատերազմը շարունակելու ռազմավարություն սկզբնական հարձակումից հետո, և հարցականի տակ է դրել երկու երկրների գործընկերության բնույթը։
«Կարելի է ասել, որ երբ նախագահ Թրամփը հարձակվում է Բենիամին Նեթանյահուի վրա և նրան շատ կոշտ բառերով է որակում, հապա ինչպե՞ս են նրանք առհասարակ միասին գնացել պատերազմի։ Թե ինչու էր Իսրայելը պատրաստ Ամերիկայի հետ միասին պատերազմի գնալ, ավելի պարզ հարց է։ Իհարկե, եթե դու գնում ես աշխարհի ամենահզոր երկրի հետ, կարելի է արդարացնել գրեթե ամեն ինչ։ Բայց ես կարծում եմ, որ այն ակնկալիքները, որոնք սկզբում ձևավորվել էին Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից (ես հիշում եմ նախագահ Թրամփի, այնուհետև Նեթանյահուի բոլոր առանցքային հայտարարությունները սկզբում), անիրատեսական էին, ոչ լուրջ և չմտածված։ Չկար ոչ մի ռազմավարություն հաջորդ օրվա համար, չկար ըմբռնում, թե ինչ տեղի կունենա սկզբնական հարձակումից հետո»,- ասել է Օլմերտը։
Նա հայտարարել է, որ մեկ հարվածի արդյունքում Իրանի տապալման ակնկալիքն «անլուրջ» էր։
«Ակնկալիքը, թե վարչակարգը կփլուզվի, անիրատեսական էր։ Ակնկալիքը, որ Իրանը՝ 90 միլիոն բնակչություն ունեցող մի երկիր, ուժեղ վարչակարգով, որը դիմակայել է բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների վերջին 50 տարիների ընթացքում, կտապալվի մեկ ռազմական հարվածից, որքան էլ որ այն ցավոտ լինի, անլուրջ էր»,- նշել է Իսրայելի նախկին վարչապետը։
Նա հավելել է, որ և՛ ամերիկացիները, և՛ իրանցիները «փնտրում էին ողջամիտ միջոց՝ վերադառնալու այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև պատերազմի սկսվելը»։
«Եվ իրանցիները շատ հաջողակ դուրս եկան»,- ասել է նա։

