Պետք է պատրաստվենք վատագույնի… մեզ, իրոք, պատերազմ է սպասվում. Ավետիք Քերոբյան

Հայաստանի քաղաքական դաշտը, ճիշտ է, չի եռում հետընտրական զարգացումների «մեծ կաթսայի» մեջ՝ ինչպես կանխատեսվում էր, սակայն այդ պատկերավոր «կաթսան» աստիճանաբար սկսում է տաքանալ, իսկ այդ ընթացքում եռում են տարածաշրջանային գործընթացները. լուրջ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Մասնավորապես՝ հայտնի դարձավ, որ հունիսի 14-ին Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բաքվի ռեժիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Իսկ Միացյալ Նահանգները և Իրանը հայտարարել են պատերազմական գործողությունները դադարեցնելու և փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի ուրբաթ օրը Ժնևում։

Թեմայի շուրջ 168TV«Ռեվյու» հաղորդաշարի զրուցակիցը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2018-2020թթ.) Ավետիք Քերոբյանն է։

Ռազմական փորձագետը լավատեսական կանխատեսումներ չի անում Ազգային ժողովի ընտրության արդյունքներով Հայաստանում ձևավորվող քաղաքական իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունից և Ադրբեջանի առաջադրած պահանջներից բխող ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով, որ հայ հանրությունը պետք է պատրաստվի վատագույն սցենարին։

Կարդացեք նաև

«Ակնհայտ է դառնում, որ մենք պետք է պատրաստվենք վատագույնի, և վատագույնի հետ միասին՝ պետք է պատրաստվենք նաև պատերազմի, որովհետև այն խոստումները, որոնք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ անձամբ ինքը տվել է իր ադրբեջանցի գործընկերներին, անհնար է, որ կարողանա կատարել դրանք՝ առանց պատերազմով, մեծ զոհերով և տարածքային կորուստներով ժողովրդին վախեցնելու։ Խոսքը չի գնալու միայն, այսպես կոչված՝ «անկլավները» հանձնելու մասին։ Իրենց խոսույթից պարզ է, որ արդեն համաձայնել են դրան։ Ասում եմ՝ չակերտավոր «անկլավներ», որովհետև դրանք ինձ համար ՀՀ տարածք են։ Խոսք գնալու է նաև այդ տարածքներով անցնող ճանապարհների, այնտեղ արտոնյալ կարգավիճակով անցման պահանջի մասին, դրանից հետո արդեն կտրվելու են Հայաստանի ռազմավարական հաղորդակցության ճանապարհները, և այլն… Հանրությունը պետք է բացի իր ականջները։ Դա վախենալու իրողություն է, բայց մենք պետք է չվախենանք իրականությունից, այլ պետք է պատրաստ լինենք ցանկացած տեսակի զարգացման։ Ազգը պետք է վերագտնի իր դիմագիծն ու դիմադրողականությունը։ Քաղաքական համակարգի իմպոտենտությունը հաշվի առնելով՝ մենք պետք է հույս դնենք ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական համակարգի, ժողովրդի ինքնագիտակցության, ազգի լավագույն ուժերի համախմբման վրա, և հուսով եմ, որ մենք կկարողանանք ավելի ուժեղացած դուրս գալ մոտալուտ պատերազմից»,- մասնավորապես նշեց Ավետիք Քերոբյանը։

Ռազմական փորձագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ իր հայտնի սպառնալիքը «սեպտեմբերյան» «աղետաբեր պատերազմի» մասին շատ անկեղծ է հնչեցրել. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր այդ սպառնալիքում շատ անկեղծ էր։ Երբ նա դուրս է գալիս հավասարակշռությունից, ի ցույց է դնում իր բոլոր ստոր նպատակները և մտադրությունները, և այս «աղետալի պատերազմով» սպառնալու մեջ նա շատ անկեղծ էր։ Մեզ իրոք սպասվում է պատերազմ։ Չմոռանանք, որ մենք հիմա էլ գտնվում ենք պատերազմական վիճակում. ՀՀ տարածքի մի զգալի մասը ռազմակալված է…»։

Ավետիք Քերոբյանը հավելում է՝ արդեն պարզ է, որ ընտրական պայքարը կամ քաղաքական առաջնորդների միջև պայքարն ավարտված է. պայքարն այսօր Հայաստանի Հանրապետության գոյատևման համար է։

Զրուցակիցը ցավով արձանագրում է, որ Հայաստան այցելած Հիքմեթ Հաջիևի՝ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարի պահվածքը Դիլիջանում «տիրոջ պահվածք էր»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930