Դատավոր Արման Հովհաննիսյանի ներպետական և միջազգային համբավը չի կարող ստվերել որևէ կիսաիրավաբան, ում հազիվ իր տանեցիներն են ճանաչում. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Արման Հովհաննիսյանի և ԲԴԽ որոշ անդամների միջև տեղի ունեցած՝ լրատվամիջոցներում «թեժ իրավիճակ» որակումը ստացած խոսակցության բովանդակությունը ուսումնասիրեցի և ակնհայտ դարձավ, որ ողջ զրույցը ծագեց մի կապակցված մասնագիտական կենսագրություն ունեցող տիկնոջ կողմից դատավոր Հովհաննիսյանին ուղղված՝ «դուք իմ հարցին ոչ մի ձևով չեք պատասխանում», «զգացվում է, որ չեք հասկանում» հեգնական ձևակերպումներից, իսկ մյուսները պարզապես ոգևորության ալիքի տակ փորձեցին իրենց գործընկերուհուն «պաշտպանել» անվանի դատավորի՝ հանգիստ ու համաչափ հակադարձումից։
Ակամա հիշեցի շուրջ երկու տարի առաջվա մի դեպք. Իրանի քաղաքացի պաշտպանյալիս կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը մակագրվել էր դատավոր Հովհաննիսյանին, դատական նիստը սկսելուց 10 րոպե առաջ պաշտպանյալիս ուղեկցմամբ բերեցին դատական նիստերի դահլիճ։ Ի՞նչ տեսնեմ, ի տարբերություն նախորդ դատական երաշխիքների վարույթների, այս անգամ իրանցին եկել է կոստյում-շալվարով, փողկապով։ Զարմացած հարցնում եմ, թե նա ինչու՞ է այդպես տոնական հագնվել, ինչին պատասխանում է. «Արմավիր ՔԿՀ-ում բոլոր օտարերկրացի կալանավորները միաբերան ասում էին՝ բախտս իսկապես բերել է, որ կալանքս դատավոր Հովհաննիսյանն է լսելու, աշխարհի լավագույն դատավորներից է, դրա համար էլ դատավորի նկատմամբ հարգանքից ելնելով՝ խնդրեցի, որպեսզի Իրանից հարազատներս այսպիսի հագուստ ուղարկեն հագնելու համար»։ Այո, այո, Հայաստանի էլ չէ, աշխարհի…։ Այնպես որ, դատավոր Հովհաննիսյանի ներպետական և միջազգային համբավը չի կարող ստվերել որևէ կիսաիրավաբան, ում հազիվ իր տանեցիներն են ճանաչում….»։

