Hyundai-ը Թուրքիայում մարտկոցների արտադրության գործարան կհիմնի
Հարավկորեական «Hyundai Motor» ընկերության Թուրքիայի մասնաճյուղը հայտարարել է Իզմիթ քաղաքի գործարանում մարտկոցների հավաքման նոր արտադրամաս հիմնելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներդրումն իրականացվում է «IONIQ 3» էլեկտրոմոբիլների արտադրության ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 715 մլն եվրո: Այդ գումարից 55 մլն եվրոն կուղղվի գործարանի կառուցմանը, որը սկզբնական շրջանում կապահովի ավելի քան 300 աշխատատեղ։
Ընթացիկ տարում նախատեսվում է արտադրել 27.000, իսկ հաջորդ տարի՝ ավելի քան 40.000 մարտկոց։ 30.000 քմ տարածք զբաղեցնող գործարանում աշխատելու է 27 ռոբոտ: Մարտկոցների բաղադրիչները (NMC) ներկրվելու են Հունգարիայից, իսկ ավելի քիչ սպառման համար նախատեսված «LFP» մարտկոցները՝ Չինաստանից։
«IONIQ 3»-ը կլինի «Hyundai»-ի՝ Թուրքիայում արտադրվող 2-րդ էլեկտրոմոբիլի մոդելը, որի սերիական արտադրությունը կմեկնարկի օգոստոսին, իսկ վաճառքը՝ սեպտեմբերին։
Նշենք, որ «Hyundai»-ը Թուրքիայում արտադրական գործունեություն է ծավալում շուրջ 30 տարի։ 1997-ից ի վեր Իզմիթի գործարանում արտադրվել է 3․3 մլն մեքենա։

