Նելլի Դուրյանը՝ երեխային սրբապղծություն տարածող գիրք բաժանելու նյութի հետքերով աշխատանքի մասին
Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը մանրամասներ է ներկայացրել երեխաներին սրբապղծություն տարածող գրքեր բաժանելու մասին Դավիթ Աթանեսյան օգտատիրոջ տեսանյութի հետքերով ոստիկանության կատարած աշխատանքի վերաբերյալ։ Նելլի Դուրյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․
«Facebook սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ: Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»։