Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքների մասին
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելուց առաջ կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ հավանաբար հիմա բոլորը կմտածեն, թե հիմնադրամի փողերի մասին է հարցնելու:
Այնուհետև պատգամավորը դիմակը հանեց, որպեսզի «բարի ժպիտը» երևար:
«Ոչ, այսօր հարցս դրա մասին չէ, և այն հնչեցնելուց առաջ ուզում եմ ավելորդ հիշեցում անել, որ իմ քաղաքական հայացքներն ու նկատառումները չեն փոխվում: Սա ասում եմ նրա համար, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի հարցիս մեջ ենթատեքստ փնտրել: Պարոն վարչապետ, իհարկե, ես տեսել եմ Ձեր ուղիղ եթերը, որտեղ ասում եք, մեղմ եմ ասում, ով ինչպես ուզում է՝ թող մտածի: Հարցս վերաբերում է Միքայել Մինասյանի կողմից հնչեցրած մեղադրանքներին, որոնք վերաբերում են բոլորիս, մաքսանենգ ծխախոտի մասով: Հիմա սա Ձեր վարկանիշի վրա ազդում է, գուցե դա Ձեզ համար միևնույն լինի, բայց ինձ համար միևնույն չէ, որովհետև Դուք իմ միակ հայրենիքի, իմ Մայր
Հայաստանի ղեկավարն եք: Ես Ձեզ խնդրում եմ՝ անդրադարձեք այս հարցին»,- հարցն այսպես ձևակերպեց պատգամավորը:
Վարչապետին ամբիոնի մոտ հրավիրելիս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շփոթվեց և ասաց՝ հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ Տիգրան Ուրիխանյանը, ինչը մեծ ծիծաղ առաջացրեց դահլիճում, դրանից հետո Ալեն Սիմոնյանն ասաց՝ «թու-թու»:
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ երկրի իմիջով հետաքրքրվող մարդիկ, առաջին հերթին, պետք է հետաքրքրվեն այն քրեական գործով, որը ՊԵԿ-ում հարուցվել է Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված:
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, Ձեր նշած անձի հովանավորությամբ Հայաստան են ներկրվել ամենատարբեր բաներ, ինչ ասես, ու այդ ամենը՝ սելիտրայի անվան ներքո: Այս ամենի արդյունքում Հաայստանին պատճառվել է մոտավորապես 20 մլրդ դրամի վնաս: Ինչ վերաբերում է Հայաստանից ծխախոտի արտահանման տիրույթին, ես ուզում եմ ասել, որ առնվազն վերջին հինգ տարում այդ համակարգում որևէ բան չի փոխվել»,- ասաց նա՝ հավելելով, թե եթե այնտեղ կա պրոբլեմ, ուրեմն՝ առաջին հերթին պատասխան պետք է պահանջել Սերժ Սարգսյանից:
«Դուք գիտեք, որ Կրասնոդար քաղաքում բռնվել է մաքսանենգ բեռով ծխախոտ, որը արտահանվել է Հայաստանից, եթե հիմա հետ պտտենք իրադարձությունները և քննենք ՀՀ հարկային մարմինների գործողությունները, ապա այդ գործողությունների մեջ որևէ բան չի կարող փոխվել: Հիմա երևի շատերը հարցնում են, թե այդ կոռուպցիոներներն ինչու չեն սսկվում, ասեմ, որ մոտ ապագայում նրանք կսսկվեն»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում