«Գազի գնի վերաբերյալ գնագոյացման կանոնները սահմանելու լավագույն հարթակը ԵԱՏՄ-ն է». փոխվարչապետ
168.am-ը մայիսի 22-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրավոր մի քանի հարցադրումներ էր ուղարկել: 5-օրյա ժամկետում փոխվարչապետի գրասենյակից ստացվել են դրանց պատասխանները:
– Պարոն Գրիգորյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ ասաց, որ «էներգակիրների շուկայի փլուզման և նավթի գների անկման պայմաններում մենք կարող ենք Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ»։ Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ից կուլիսային ձևով մեզ նման բան են հասկացրել:
Ի դեպ, Դուք մարտի 31-ին ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էիք «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, որտեղ պատեհաժամ էիք համարել Հայաստանի և Վրաստանի սահմանին 1000 խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցումը՝ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը: Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ այսօր ժամանակն է գազի գնի վերանայման:
– Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ գազի գինը սահմանին պետք է վերանայել և, մասնավորապես, սահմանել գնագոյացման կանոններ, որոնք հնարավորություն կտան կանխատեսել գազի գինը սահմանին նաև երկարատև հեռանկարում:
– Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ Բելառուսի համար ռուսական բնական գազի գինը պետք է նվազեցվի, քանի որ Ռուսաստանն «այս դժվարին ժամանակահատվածում» Եվրոպային գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 70 դոլարով, իսկ Մինսկը շարունակում է այն գնել 127 դոլարով: Ղրղըզստանի էներգետիկայի, արդյունաբերության և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Էմիլ Օսմոնբետովն էլ հայտարարել էր, որ ռուսական կողմին խնդրում են վերանայել գազի վաճառքի գինը և այն դարձնել 150 դոլարից պակաս 1000 խորանարդ մետրի համար: Այսինքն` այս երկրները հստակ պահանջներ և գին են առաջարկում, ինչը, մեծ հաշվով, ՀՀ-ից չենք տեսել, գուցե եղել է, բայց չի հրապարակայնացվել:
– Կարծում ենք՝ ավելի կարևոր են հիմնարար լուծումները, քան իրավիճակային: Գազի գնի վերաբերյալ գնագոյացման կանոնները սահմանելու լավագույն հարթակը ԵԱՏՄ-ն է, որտեղ և մենք մշտապես բարձրացնում և քննարկում ենք այդ հարցը: Անկախ այս հանգամանքից, հարցը մշտապես ներառված է բարձր մակարդակի շփումների օրակարգում:
– Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով Հայաստանի և Բելառուսի` գազի փոխադրման և տարանցման ծառայությունների վերաբերյալ առաջարկած ընդհանուր սակագնին, հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում: Արդյո՞ք սա հնարավոր է, երբ միասնական սակագնի համար անդամ-պետությունների էներգետիկ ու գազատրանսպորտային շուկաները չափազանց տարբեր են. մեկը գազ ներկրող է, մյուսը՝ արտահանող:
– Կարծում ենք՝ հնարավորությունները պետք է բխեն նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կետերից, մասնավորապես, արտացոլված պայմանագրի 20-րդ բաժնում և 20, 22 հավելվածներում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի Գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջոցառումների ծրագրի մասին N 18 որոշումից:
– ՀՀ-ի համար գազի գնի փոփոխության հարցը քաղաքական լուծում է լինելու, ի՞նչ առաջարկի դեպքում ՌԴ-ն կգնա փոխզիջման:
– Պատասխանել այս հարցին հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բացահայտվի, թե ինչ եք հասկանում՝ քաղաքական լուծում ասելով: