«Հայաստանը շատ փոքր երկիր է, որ շատ փորփրենք, հնարավոր է՝ Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն». Նիկոլ Փաշինյանը՝ Անի Սամսոնյանին

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը կապված էր վարչապետի մտերիմ, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ:

«Պարոն վարչապետ, երկրով մեկ իրականացվում են շինարարական աշխատանքներ, սակայն դրանցից մի քանիսն ընդհատվել են, քանի որ չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն: Ինչո՞ւ չի իրականացվում, որովհետև եղել են ընկերություններ, որոնք ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքի փաստաթղթեր, նման կեղծ փաստաթուղթ է ներկայացրել նաև «Ռաշն Վոյաժ» ընկերությունը: Մենք արդեն բարձրաձայնել ենք, որ այդ ընկերության տնօրենը կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Հայկ Ղալումյանը Ձեր մտերիմն է, քավորը: Կարծում եմ, որ Դուք ուշադրության կարժանացնեիք այս հարցը: Ուզում եմ հասկանալ, արդյո՞ք քրեական գործ հարուցվել է այս փաստի առնչությամբ, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց Անի Սամսոնյանը:

Պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ դեպքը բացահայտել է վարչապետին ենթակա մարմինը՝ Վերահսկողական ծառայությունը, գործերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայությանը:

«Որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: Ինչ վերաբերում է կապերին, ապա Հայաստանը շատ փոքր երկիր է, որ շատ փորփրենք, հնարավոր է՝ Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն, կհանձնարարեմ անպայման այդ հարցը գտնեն: Շատ դժվար եմ պատկերացնում, Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կապի, կապի կապով իրար հետ կապված չեն: Ընդհանրապես Ձեզ ասեմ, որ ժամանակակից գիտությունն այսպիսի հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ՝ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ, չորրորդ մարդու միջոցով ծանոթ է:

Եթե Դուք ակնարկում եք, որ այստեղ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ՝ սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին: Մեկ անգամ ուղիղ եթերում ասել եմ, որ կարող եք կասկածել, բայց իմ պատասխանը հետևյալն է՝ յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակներում պետք է պատկերացում կազմի Կառավարության հնարավոր գործողությունների մասին: Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, և կասկած չունենաք, որ Ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի պատասխանատվության, և Ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից: Եվ ոչ միայն Ձեր, այլ մնացածի քեռու տղաները, հորեղբոր տղաները, քավորներ, սանիկներ, բարեկամներ»,- նշեց վարչապետը:

Անի Սամսոնյանը հակադարձեց՝ ասելով. «Պարոն Փաշինյան, ես Ձեզ չեմ դիմել իմ ազգականներից որևէ մեկի հարցով, որպեսզի Դուք նրան փրկեք որևէ քրեական գործից, կամ որևէ նման այլ բան: Այստեղ խոսում եմ կոնկրետ մի գործի մասին, որի վերաբերյալ ազգակցական կապը վերահաստատել է Հայկ Ղալումյանը: Մենք նաև սա ասում ենք այն կապակցությամբ, որ, օրինակ, Դուք կիմանաք, որ եղել է «Իջևանի ճանապարհների շահագործման և շինարարական ՓԲ ընկերություն», որը թույլ է տվել բազմաթիվ չարաշահումներ, որը ևս կապված է Ղալումյանների ընտանիքի հետ: Այո, ես շատ ուրախ կլինեմ, որպեսզի այն մարդը, որը ներկայացրել է կեղծ բանկային փաստաթղթեր՝ ենթարկվի պատասխանատվության: Իմ հարցը վերաբերում էր սրան, որ Դուք՝ որպես երկրում կոռուպցիայի դեմ պայքարում առաջին դեմք, այս հարցը արժանացե՞լ է Ձեր ուշադրությանը, և մենք դրա հետ կապված կտեսնե՞նք հետևանքներ»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե առաջին անգամ է լսում, որ այդ գործում ներգավված անձանցից որևէ մեկը կապ ունի իր ընկերոջ հետ, և ուրախ է, որ առաջին անգամ է լսում:

«Այո, Դուք ասում եք, որ որևէ բարեկամի հարցով չեք դիմել, ես հենց դա էի ասում, որ պետք էլ չէ ընդհանրապես դիմել, որովհետև անիմաստ է: Ո՛չ Դուք, ո՛չ երկրորդը կամ երրորդը այդ հարցով ընդհանրապես ինձ թող չդիմեն: Այսինքն, եթե անտեղի ժամանակ ունեն և ցանկանում են իմ ուշադրությունը հրավիրել այդ գործի վրա, թող դիմեն, դրա արդյունքում ավելի վատ կլինի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս