Շիրակի մարզում կորոնավիրուսից բուժվել է 245 պացիենտ
Շիրակի մարզում Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 245 պացիենտ, որոնցից 167-ը մարզի բնակիչ է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից 259-ը փաստացի բնակվում է մարզում, 81-ը մարզի գրանցում ունեն, սակայն այստեղ չեն բնակվում։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 18-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1866 նմուշառում, մայիսի 12-ից 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 543 նմուշառման հետազոտություն:
Արմենուհի Մխոյան