Հունան Պողոսյանի ծափը

Մայսիս 24-ին Կապանում իրավիճակը թեժ էր։ Մի քանի հազար սյունեցիներ Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց պահանջում էին ազատ արձակել բռնությամբ ապօրինաբար ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։

Այդ պահանջին զուգահեռ՝ քաղաքացիները պահանջում էին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ որպես մարզի պատասխանատու։

Սյունեցիների այդ պահանջը միգուցե կապված էր նաև Պողոսյանի հինհայաստանյան ոստիկանական անցյալով, ինչն արդարացի ակնկալիք է ստեղծում, որ նա մաքսիմումը պիտի աներ իրեն հոգեհարազատ ոստիկանական բաժանմունքում անազատության մեջ գտնվող քաղաքացիների ազատման համար։

Սյունեցին, սակայն, պատկերացում չուներ, որ «մենթից մարզպետ մի ծափ է»։ Ու, որ այդ ծափը ոչ միայն ոստիկանական համազգեստը փոխարինում է թավշյա կոստյումով, այլև ոստիկանական անցյալի մեթոդները կիրառելու իրավունք է տալիս բացառապես սեփական քիմքին հաճո դեպքերում։

Ավելին՝ մարզպետը՝ մոռանալով, որ օրենքով համակարգում է մարզային ոստիկանության աշխատանքը՝ նշեց, որ չի պատրաստվում խառնվել ոստիկանության աշխատանքին, քանի որ ինքն այս ամենի հետ կապ չունի։

Միգուցե քաղաքացիների այս պահանջի բավարարումը փոքր-ինչ ավելի խնդրահարույց է, քան, օրինակ, մանկապարտեզի հանդեսներին մարզպետի մշտական մասնակցությունը, բայց եթե հասկանար, որ, օրինակ, վազքուղու ռետինե ծածկույթի փոխարեն՝ այս փաստը կարող էր ներառվել իր հաջորդ 100 փաստերում, ապա գուցե իր ղեկավարած մարզում տեղի ունեցող այս ամենի հանդեպ չլիներ այդքան անտարբեր։

Տեսանյութեր

Լրահոս