«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը
Մայիսի 27-ին Արմավիրի մարզի Տանձուտի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում «Իմ քայլը» հիմնադրամի և Այգեշատ ու Տանձուտ համայնքների միջնակարգ դպրոցների միջև պայմանագրերի ստորագրմամբ մեկնարկվեց Հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը։ Այն միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնելու համայնքային կյանքը:
Պայմանագրով նախատեսվում է դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգում և կահավորում, «ֆիզիկական կուլտուրա» առարկան և «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի իրազեկման արշավների իրականացում: Հիմնադրամը խրախուսում և կարևորում է ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի բնակիչների կամավոր ներգրավվածությունը տարվող աշխատանքներում: Դպրոցների հիմնական պարտավորությունն է դառնում պահպանել կատարված աշխատանքը: Ըստ պայմանագրի՝ ծրագրի շահառուներն են Տանձուտ (բնակչությունը` 2039) և Այգեշատ (բնակչությունը` 1838) համայնքների դպրոցականները, դպրոցների անձնակազմերը, ինչպես նաև ուղղակի շահառուների ընտանիքները և համայնքները:
Այգեշատ ու Տանձուտ համայնքների դպրոցներում Հիմնադրամի՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի իրականացման հիմնական գործընկերն է «Իզմիրլյան» հիմնադրամը: Երկու հիմնադրամների միջև համագործակցության պայմանագիրը նույնպես ստորագրվեց այսօր։ «Իմ քայլը» հիմնադրամը համագործակցելու է նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ՝ մասնավորապես ուսուցիչների հմտությունների զարգացման և սպորտային միջոցառումների կազմակերպման հարցերում:
Միջոցառմանը, որի ընթացքում պահպանվել են համավարակի հետ կապված անվտանգության կանոնները, ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարկետինգի բաժնի մենեջեր Վաչե Մանուկյանը, Այգեշատի և Տանձուտի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ղուկաս Գևորգյանը և Ոսկեհատ Հովհաննիսյանը:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը միջոցառման բացման խոսքում կարևորեց. «Առողջ մարմին, առողջ միտք և առողջ հոգեկան աշխարհ ունեցող սերունդը կենսունակ հասարակության առանցքն է։ Հենց այսպիսի սերունդն է պետության զարթոնքի ու առաջադիմության շարժիչ ուժը։ Հենց այսպիսի սերունդն է անհնարինը հնարավոր դարձնողը։
Ակնհայտ է, որ առողջ սերունդ ձևավորելու համար առաջնային նշանակություն ունի դպրոցական միջավայրը, որը անհատի և քաղաքացու զարգացման կարևորագույն դարբնոցն է։ Այս գիտակցմամբ էլ առաջնորդվելով՝ մշակել ենք հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպը խթանող ծրագիրը։ Այն միտված է առաջին հերթին սանիտացիայի և ֆիզիկական կրթության պայմանների բարելավմանը, ինչպես նաև առողջ վարքագծի խրախուսմանը և ֆիզկուլտուրայի առաջխաղացմանը՝ որպես անհատի զարգացման համար հմտությունների և որակների կարևոր գործիքակազմ ապահովող առարկա։
Իր բնույթով ռազմավարական այս ծրագրի ելակետային փուլի համար կատարվել է լուրջ նախապատրաստական ու թիմային աշխատանք՝ խնդրի խորքային ուսումնասիրություն և վերլուծություն, լուծումների մշակում, ֆինանսների հաշվարկ, դոնորների ներգրավում և այլն: Մեր և մեր գործընկերների առաջնային նպատակն է ջանքերի համախմբմամբ ապահովել բարենպաստ և արժանապատիվ դպրոցական միջավայր մեր երեխաների՝ մեր ապագայի համար»:
Ելույթ ունեցան նաև դպրոցների տնօրենները: Այգեշատի դպրոցի տնօրեն պարոն Սարդարյանն ասաց. «Այգեշատի դպրոցական շենքը կառուցվել է 1959-1963 թթ.: Ցավոք, ֆիզկուլտուրայի դահլիճը պահանջվող չափանիշներից շատ հեռու է, ցածր առաստաղով: Շենքի ներսում բացակայում է սանհանգույցը, որը չի համապատասխանում ամենատարրական նորմերին: 2000-ականներին արված վերանորոգման աշխատանքները շրջանցեցին մարզադահլիճն ու սանհանգույցը:
Անսպասելի ու հաճելի անակնկալ էր «Իմ քայլը» հիմնադրամի և նրա գործընկերների նախաձեռնությունը՝ հիմնանորոգել ֆիզկուլտուրայի դահլիճը, ապահովել մարզագույքով, շենքի ներսում կառուցել սանհանգույց սովորողների համար: Թե′ մանկավարժներին, թե′ աշակերտներին անասելի ոգևորություն է համակել: Պատրաստակամ ենք համագործակցել հիմնադրամի հետ, շինարարներին օժանդակել հնարավոր ամեն ինչով: Շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի անձնակազմին՝ մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և ֆիզիկական զարգացմանն ուղղված շատ կարևոր նախաձեռնության համար: Ես մյուս տարի հանգիստ սրտով կանցնեմ կենսաթոշակի, նոր տնօրենին կպատգամեմ պահել, պահպանել այսօրվա ստեղծածը»:
Տանձուտի դպրոցի տնօրեն պարոն Այվազյանն իր խոսքում նշեց. «Տանձուտի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1958 թ., տաս տարի անց կառուցվել է մարզադահլիճը, 1976 թ.-ից մարզադահլիճը չի վերանորոգվել: Ես այս դպրոցն եմ ավարտել, ֆիզկուլտուրայիս դասերն անցել են այս մարզադահլիճում, որի մարզագույքը մնացել է նույնը: Դպրոցն ունեցել է ակտիվ ընդգրկվածություն հանրապետական սպորտային կյանքում, լիահույս ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի այս գործընթացը կվերականգնի դպրոցի երբեմնի հաջողությունները մարզական կյանքում: Մարզադահլիճի ու սանհանգույցների հիմնանորոգումն առաջին հերթին նշանակում է արժևորել աշակերտին՝ վաղվա լիիրավ քաղաքացուն: Այս ծրագիրը նպաստելու է ոչ միայն երեխաների ֆիզիկական պատրաստվածության զարգացմանն, այլ նաև գիտակցական մակարդակի բարձրացմանը: Մենք, ըստ էության, «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրի առաջամարտիկներն ենք: Սա և´ ուրախացնում է, և´ պարտավորեցնում»:
Այգեշատ ու Տանձուտ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճների ու սանհանգույցների հիմնանորոգում և կահավորում ելակետային ծրագրով հիմք է դրվում լայնածավալ նախագծի, որը նախատեսում է դպրոցների սանհանգույցների և մարզադահլիճների հիմնանորոգում, կահավորում, ֆիզիկական դաստիարակության չափորոշիչների, առողջ ապրելակերպի ու հիգիենայի հարցում վարքագծային փոփոխությանն ուղղված միջոցառումների իրականացում։ Այս գործողությունների հանրագումարի արդյունքում կմշակվի այնպիսի մոդելային լուծում, որը հաջողությամբ կկիրառվի Հայաստանի մյուս դպրոցներում՝ ապահովելով շղթայական ազդեցություն: Մշակված մոդել-գործիքը հասանելի կլինի ինչպես դպրոցների, շահագրգիռ պետական հաստատությունների, այնպես էլ պոտենցիալ նվիրատուների համար:
Պիլոտային ծրագրին զուգահեռ մշակվում է դպրոցների սանհանգույցների և մարզադահլիճների ֆիզիկական վիճակի գնահատման առցանց գործիքը։ Այն հնարավորություն կտա շահառու դպրոցների ընտրությունը կատարել հստակ կարիքի և չափորոշիչների հիման վրա։
«ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄ