«Ինչո՞ւ եք հոգով ու սրտով պաշտպանում Հրայր Թովմասյանին և բաստիոնը». «Իմքայլական» պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ չեն կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և ասել, որ Վահագն Հովակիմյանի բերած նախագիծը որևէ առնչություն չունի ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի հետ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» վերաբերյալ:
«Իմքայլական» պատգամավորի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման նպատակով ապրիլի 5-ին հանրապետության նախագահի հրամանագրով նշանակված հանրաքվեն:
Դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանին, Ն. Բաղդասարյանն ասաց, որ իշխող խմբակցությունը որևէ բան չի խեղաթյուրում: Իսկ ընդդիմադիր գործընկերները գուցե այդ ամենին տեղյակ չեն, որովհետև հանձնաժողովի նիստերից շատ են բացակայում:
«Հանձնաժողովի նիստերից բացակայելը դարձել է վատ ավանդույթ, ես էլ «վատ ուսուցչի» նման» մատյանով հետևելու եմ ներկա-բացականերին, իսկ որոշ վատ ելույթներին էլ նշանակելու եմ 2: Այս իրավիճակը միայն Հայաստանում չէ, տեսեք, թե Ռուսաստանում ու Շոտլանդիայում ինչ կատարվեց: Այո, սիրելի գործընկերներ, այս հարցը Ձեր օրակարգում չկա, բայց մեր օրակարգում կա, որովհետև մեզ համար խիստ կարևոր է լեգիտիմ իշխանության հաստատումը և իշխանության երրորդ ճյուղի բռնազավթման ազատագրումը: Այն ճգնաժամը, որը կա Սահմանադրական դատարանում, լուծելի կդառնա այլ եղանակով, որը որևէ կերպ երկրում չի խախտի սահմանադրականությունը: Երբ մեզ ասում եք, որ կյանքի գնով ուզում ենք հարցը լուծենք, ինձ մոտ համարժեք հարց է առաջանում՝ ինչո՞ւ եք հոգով ու սրտով պաշտպանում Հրայր Թովմասյանին և եղած բաստիոնը: Սա հարց է, որը, կարծում եմ՝ մտածելու տեղիք է տալիս»,- եզրափակեց իշխանական պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում